Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հովհաննիսյան. «Մեր առաջին խնդիրը»

Հունվար 14,2015 16:26

Հասկանալ, որ վերջին ոճրագործությունը հետևանք է: Հետևանք է մեր իշխանության տևական ծառայամիտ պահվածքի, հետևանք է մեր հիվանդ մտայնության, թե, իբր, ռուս զինուժի առկայությունը զսպում է Թուրքիային: Հակառակ, նրա ներկայությունը ԵՂԵԼ Է, Է ԵՎ ԿՄՆԱ մեծագույն վտանգը մեր գոյության:

Տարածաշրջանի երկրները խորշում, սարսափում են Ռուսաստանի մերձությունից, ուստի նույնպիսի թշնամանք տածում են մեր նկատմամբ, որովհետև նպաստում ենք նրա չհեռանալուն: Մեզ հրաշալի հնարավորություն էր ընձեռված ազատվել թե՛ կայսերական ուժի ներկայությունից ու թե՛ օտարով մեր գոյությունն ապահովագրելու թյուրըմբռնումից, ինչը, ավաղ, ի զորու չեղանք կյանքի կոչել, դարձնել գործընթաց, ուղենիշ մեր հետագա ընթացքի: Մնացյալն ածանցյալ է…

Այսօր նա տեր է ոչ միայն մեր ունեցվածքի, այլև մտքերի, անգամ՝ երազանքների: Մենք արտաքին ու ներքին ամեն շարժ հիմա պայմանավորում ենք տիրակալի ցանկությամբ, ընդսմին՝ ոչ միայն պետական մակարդակով: Հայ մարդն իր բակում հարևանների ներկայությամբ նողկանքով է խոսում ուկրաինացու հասցեին: «Նրանք միշտ էլ դավաճան են եղել»,-ասում է: «Ո՞ւմ են դավաճանել»,-հարցնում ես: «Ռուսին»,-պատասխանում է և շարունակում,- դրա համար էլ Ղրիմը վերցրեց ձեռից, հեսա Դոնբասն էլ կառնի, դե թող գնան մզզան»: Իսկ ինքը հպարտ է, որովհետև հայը միշտ հավատարիմ է եղել: Ոչինչ, որ մեր նվիրվածության հատուցումը եղավ Թուրքիայի հետ զինակցելով Հայաստանի Հանրապետությանը ծնկի բերելը 1920-ին, Արաքսից այն կողմ հողերի ընծայումը դաշնակցին, Նախիջևանը, Արցախը հորինովի պետությանը տրամադրելն ու էլի բաներ… Մոռացել է անգամ իր կյանքի օրոք կատարված անցքերը: Այնքան է փառակալել ուղեղը, որ եթե մինչևիսկ խոսք բացվի, ասենք, Սպիտակի երկրաշարժի տեխնածին լինելու մասին, վրա կտա. «Թեկուզ, եթե խելոք չմնանք, նորից կանի»:

Հասարակացրի՞ հարցը, իսկ կենցաղային մակարդակով չե՞ն հույժ կարևոր, ռազմավարական նշանակության ոլորտները Ռուսաստանին զիջելու, ԵՏՄ անդամակցության բոլոր պաշտոնական հիմնավորումները: Որքան էլ պաճուճապատենք մեր խոհերը, ցանկությունները, մի բան անժխտելի է՝ թե անհատի, թե հավաքանու կյանքը մանր ու մեծ ցանկությունների, իրադարձությունների լիագումար է: Ձեր որոշումների արդյունքում մարդկանց որոշ քանակ եղյամակալած պատերի մեջ է օրն անցկացնում, որովհետև ի վիճակի չէ վճարել լույսի, գազի դիմաց, մինչդեռ կարող էինք հարևան Իրանից լիուլի և կրկնակի, եռակի էժան գազ ստանալ: Համախումբ երկիրը մի տարածք խցկեցիք, որի ամեն մի թեթևակի ցնցում խորտակման վտանգով է հղի առաջին հերթին մեզ համար: Վկան՝ տարադրամի վերջին տարուբերումները, որից մազ էր մնացել քանդվեր տնտեսությունը: Գոնե հետընթացի տեղ թողնեիք եկողների համար, պայմանագրի սույն կետը փոխեիք.

Статья 13

Решения и распоряжения Высшего совета

1. Высший совет принимает решения и распоряжения.

2. Решения и распоряжения Высшего совета принимаются консенсусом.

Решения Высшего совета, связанные с прекращением членства государства-члена в Союзе, принимаются по принципу «консенсус минус голос государства-члена, уведомвшего о своем намерении прекратить свое членство в Союзе».

Դա քիչ էր, Արցախն էլ ի լուր աշխարհի հայտարարեցիք, թե Հայաստանի հետ կապ չունի, այլևս «մշուշ է նա, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն»,-կասեր Չարենցը: Մանկամիտ քայլերով ու՞մ եք խաբում, հզորների խաղասեղանից լղճոր պահվածքով ուզում եք բա՞ն թռցնել: «Աշխարհը չի դատապարտում հակառակորդի ոտնձգությունները սահմանագոտում»,-դժգոհում եք: Գոհ եղեք, որ առայժմ թույլ չի տալիս ռուսական սվինի վերստին մուտքը մեր ու ազերիների միջակայք, որովհետև դա կլինի վերջը, կլինի ավարտուն հրաժեշտ Արցախին, և ի կատար կածվի Զորի Բալայանի բաղձանքը, կլինի փլուզումը նրա պես խորհողների սին պատրանքի: Թե՞ մոռացել եք համազգային շարժման տարիներին ինչպես էին կապոտել մեր ձեռուոտը՝ խրախուսելով մյուսին: Վստահաբար եմ ասում՝ պատի պես կկանգնի՝ արգելելով ցանկացած տեղաշարժ, թպրտալու դեպքում էլ գործի կդնի ինքնաձիգը, որի հեղինակի արձանն առանց մեր կամքը հարցնելու կանգնեցրեց Գյումրիում, զենք, որով 1999-ին հարբած ռուս զինվորականները երկուսին հնձեցին նույն քաղաքում՝ վիրավորելով շատերին, իսկ օրերս էլ առավել դաժանաբար գործի դրեց ոմն տականք հայի օջախում:

Երբ 1916-ին ցարական զորքը Էրզրում մտավ, 120 հազար բնակչից մնացել էր 1000-ի չափ մահմեդական, շուրջ 200 հայ: Շարունակությունը՝ Հայոց ազգային ժամանակավոր բյուրոյի փոխնախագահ Հովսեփ Խունունցի զեկույցից. «Քաղաքը տաճիկների ձեռքով չի այրված: Ռուս զորքի մտնելուց հետո է սկսվում հրդեհը: Այրել են հայկական եկեղեցուն կից դպրոցը, առաջնորդարանը, շուկայի մի մասը և մի քանի զորանոց: Ռուս իշխանավորների վերաբերմունքը դեպի տաճիկ ժողովուրդը բարեկամական է, դեպի հայերը պարզ կերպով թշնամական…»:

Դա վարք է, որը կայսերական ուժի ներկայացուցիչը բանեցնում է իր տիրած բոլոր երկրներում՝ լինի Աֆղանստան, Չեչնիա, Ուկրաինա, Չեխոսլովակիա, Հունգարիա, Հայաստան… Եվրոպայի ժանդարմ էն գլխից, հո, զուր չե՞ն հորջորջել: Մե՞զ պիտի խնայի, մե՞զ զորավիգ լինի, պաշտպանի ումի՞ց, եթե այսօր Թուրքիայի հետ հանուն իր շահերի պատրաստ է վերստին ըստ ամենայնի բարեկամանալ: Նեղսրտում եք, որ Պուտինը Աթաթուրքի դամբարան է գնացել, մտաբերել ռուս-թուրք երբեմնի բարեկամությունը: Լավ է արել, ձեզ ի՞նչ, էլի կանի, ձեզ ի՞նչ… Սովետի օրոք էլ արել, այսօր է, հետո էլ կվարվի, ինչ իր շահը պահանջի, քեզ էլ կզոհաբերի, որպես մանրադրամ կգործածի, եթե տեղը գա, հարկ լինի: Հետևություն, հո, կարո՞ղ եք անել:

Ոճրագործին քննելու գործառույթը ստանձնել է Ռուսաստանի զինվորական դատախազությունը: Պաշտոնական մակարդակով ընդվզելու փոխարեն, մերոնք արդարացում են գտել՝ վկայակոչելով նրանց օրենսդրությունը: Իսկ մե՞րը, փաստը, որ առանձնակի դաժան հանցանքը կատարվել է զորակայանից դու՞րս… Այս ու բազում այլ հարցեր ֆեյսբուքում են քննարկվում, մարդիկ անզորությունից ճաքում են, դիվահարվում, իսկ պաշտոնյաները, կուսակցությունները, ստեղծագործական ու հասարակական կազմակերպությունները հիմնականում ջուր են առել բերանները: Ձեր արժանապատվությունը վիրավորված չէ՞, ձեզ չե­՞ն նսեմացրել…

Գրողների միության անդամ չեմ, բայց տեղյակ եմ, թե ինչպես՜ էին ժամանակին ընդվզում՝ պահանջելով չհավասարեցնել մյուս հասարակական կազմակերպություններին, բարձր կարգավիճակ տալ, քանզի նրա տանիքի ներքո հայ մտքի էլիտան է… Եկեղեցին ինչու՞ է մնջել, հովիվ լինել, հոտ ունենալ կամենում եք, նրան նեղ պահին նեցուկ լինել՝ ո՞չ:

Հիմա այնքա՜ն հեշտ է հասկանալ, թե մեր ընթացքի տարբեր փուլերում ինչու ենք շարունակաբար կորցրել անասելի ճիգերով ձեռք բերածը, ինչու աշխարհակալ տերություն մնալու, վերստին դառնալու փոխարեն տարածքներ ենք շարունակաբար զիջել` ի զորու չլինելով օգտվել պատմության ընձեռած պատեհություններից… Աններելի սխալների, բացթողումների համար նախատել, նախատում ենք նախորդներին, մինչդեռ նույնը կրկնում ենք, կրկնեցինք, կկրկնենք, եթե մնանք…

Անասելի դժվար է խոտոր ընթացքից ետ դառնալը, բայց ոչ անհնար: Չթվա բացահայտ ընդվզման կոչ եմ անում, գիտեմ վտանգները՝ ձեզնից գուցեև ոչ պակաս, սակայն առայժմ կատարեք առաջին քայլը՝ ազատվեք անլիարժեքության բարդույթից, կարողացեք նայել ճշմարտության երեսին, ապա՝ ատամ ցույց տվեք:

Հարգեք ձեզ, որպեսզի մյուսները նույնպես հարգեն…

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Ճշմարիտ եմ ասում՝ Փառք քեզ, Արամ Յովհաննիսեան:

  2. Garegin says:

    Պարոն Հովհաննիսյան, ի վերջո որնէ ստեղծված իրավիճակից դուրս գալու Ձեր տեսլականը, ում հետ և դեպի ուր պետք է գնա մեր ազգը, ինչն է խանգարել Ձեզ այն ժամանակ Ջեր համախոհների հետ միասին ճիշտ որոշում կայացնելու համար: Ձեր շատ մտքերի հետ ես նույնպես համամիտ եմ, սակայն այնտեղ բացակայում է Ձեր առաջարկից հետո ՛՛ինչ անելու՛՛ տարբերակը, ի վերջո պետք չէ մարդկանց մեղադրել նրա համար, որ համակարծիք չեն Ձեզ հետ:
    Ի դեպ, Ուկրաինայի ղեկավարությունը, գրեթե բոլոր ժամանակների, մեր ազգի նկատմամբ առավել քան ստոր քայլեր է ձեռնարկել, մի թե սա բավարար չէ այդկերպ արտահայտվելու համար?:

    • Արամ Հովհաննիսյան says:

      Գարեգին, այն, ինչ արեցին այսօր գյումրեցիք, արդեն քայլ է, վկայություն՝ արժանապատիվ պահվածքի, բարդույթը թոթափելու:
      ՈՒկրաինայի առումով՝ ազատության, անկախության մասին չեմ խոսում, որպես համամարդկային արժեքների, ընդամենը հարց՝ մեր խնդի՞րն է երկու սլավոն ազգերի ընդհարման ժամանակ ստանձնել արյուն հեղող կողմին միջազգային ատյանում պաշտպանելը:
      Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչն է ժամանակին խանգարել համախոհներով ճիշտ որոշում կայացնելուն, այս սուղ տարածքում բացատրելը դժվար է, ընդամենը կասեմ՝ ես այն ժամանակ ևս նույն համոզման եմ եղել, սակայն լծակ չեմ ունեցել, Շարժումից էլ ինքնակամ հեռացել եմ, երբ այն դարձել է կուսակցություն…

  3. հոպար says:

    ստորագրում եմ բոլոր բառերի տակ: Ցավում եմ, որ մեր հոտը երբեք արժանի Հովիվ չի ունեցել:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031