Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված «նոր» քրեական գործով քաղաքագետը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացել երեք նիստերից մեկ անգամ:
Վաղը դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ հերթական դատական նիստն է նշանակվել: Սուրեն Սուրենյանցին այս անգամ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խարդախությամբ, զգալի չափերի հափշտակություն կատարելու «միասնական դիտավորությամբ», իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկների հատկացվող բնակարաններ ձեռք բերելու խնդիրը` «բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու» համար, սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին:
Նախ, ըստ գործի նյութերի, տիկնոջից վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել է 30.000 ՀՀ դրամ և 454.286 ՀՀ դրամին համարժեք 1.100 ԱՄՆ դոլար գումար և այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484.286 ՀՀ դրամ գումար:
Սուրենյանցն ըստ մեղադրանքի կողմի, առողջական խնդիրներ ունենալու հիման վրա բժշկական փաստաթղթեր ձևակերպելու, Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար «սուտ խոստումներ է տվել Ա. Մուշեղյանին», պահանջել և նրանից վերցրել է 400.000 և 800.000 ՀՀ դրամ գումար:
Կարդացեք նաև
Ի դեպ, մեկ այլ դրվագով, Ս. Սուրենյանցը ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու հետ կապված խոստումներ էր տվել նաեւ Հայկազ Մարտիրոսյանին և Նարեկ Մանուկյանին, նրանցից վերցրել էր 500 և 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ նախորդ երկու քրեական գործերով, որը հարուցվել էր քաղաքագետի նկատմամբ, տուժողներն այլ էին, իսկ սցենարը՝ նույնը:
Այդ քրեական գործի դատավարությունները մեր լրատվամիջոցը լուսաբանել է ինչպես Արաբկիրի, այնպես էլ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարաններից: