Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2015 թվականին նախարարության առջև դրված գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրի կատարման հարցերը:
Խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները:
«Չնայած գյուղատնտեսության բնագավառում մշտապես առկա են մարտահրավերներ, սակայն դրանք հաղթահարելի են և համոզված եմ, որ ընթացիկ տարում համատեղ ուժերով և հետևողական աշխատանքի միջոցով մենք կկարողանանք ոլորտում գրանցել բարձր կատարողական արդյունքներ, հատկապես հաշվի առնելով չիրացված ներուժը», – նշել է իր խոսքում նախարարը:
Անդրադառնալով 2015 թվականին նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերին և միջոցառումներին` նախարարը նշել է, որ դրանց շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է բարելավել հանրապետության պարենային անվտանգության վիճակը, ավելացնել գյուղմթերքի արտադրության և արտահանման ծավալները և այլն:
Կարդացեք նաև
Բացի այդ, ընթացիկ տարում շարունակվելու են մատչելի պայմաններով դիզելային վառելանյութի ու հանքային պարարտանյութերի տրամադրման, տոհմային երինջների ներկրման ծրագրերը:
Նախարարը նաև հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները , որպեսզի մարտի 25-ին ոռոգման համակարգը պատրաստ լինի գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին:
Պատասխանատուներին հանձնարարվել է հստակորեն իրականացնել իրենց պատասխանատվության ոլորտում գտվող ծրագրերը, պահպանել ծրագրերի կատարման ժամկետները` բացառելով թերացումները:
ՀՀ գյուղատնտեսական տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին