Լրահոս
Օրվա լրահոսը

«Բայց դուք հարգելու բա՞ն եք, որ հարգանք եք պահանջում». Վարդգես Գասպարին կրկին պառկեց հատակին (Տեսանյութ)

Հունվար 14,2015 15:42

Այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական ակտիվիստ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի համակիր Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը ընդմիջումից հետո կրկին հետաձգվեց:

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թ. հունիսի 12-ին, գտնվելով նույն դատարանի առջեւի հասարակական վայր համարվող հատվածում, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Որպես զենք օգտագործվող առարկայով` իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել:

Դեռ նախորդ դատական նիստից դատարանի որոշմամբ դատական նիստերի դահլիճից հեռացված Հայկ Կյուրեղյանը այսօր դատարան չէր բերվել: Հիշեցնենք, որ նա հեռացվել էր դատարանին չհարգելու ու ոտքի չկանգնելու համար: Այսօրվա դատական նիստն էլ հետաձգվեց, քանի որ Հայկ Կյուրեղյանի հանրային պաշտպանը չէր հասցրել ստանալ իր վստահորդի համաձայնությունը: Դատարանը հորդորեց գնալ մեկուսարան, այնտեղից ստանալ համաձայնություն ու ներկայանալ հաջորդ դատական նիստին` բացատրելով, թե արդեն որոշում ունի` Կյուրեղյանին դատական նիստերի դահլիճից հեռացնելու վերաբերյալ:

Նիստերի դահլիճից հեռացող Կյուրեղյանի ընկերներն ու հարազատները ծափահարեցին, ռեպլիկներ անելով հեռացան: Նրա մայրն էլ ոտքի կանգնեց դատարանին հարց տալու, դատավորը չցանկացավ լսել: Հետո երբ նիստին ներկաները դիտողություն արեցին, թե չեք հարգում կնոջը, դատավորը կարգադրիչներին հորդորեց հեռացնել դահլիճից բոլորին ու Կյուրեղյանի մորը կանչեց իր մոտ` հարցը լսելու: Հայկ Կյուրեղյանի մայրը վերջում չցանկացավ պատմել, թե ինչ էր հարցնում դատավորից ու հեռացավ:

Այս դատական նիստին ներկա քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին դատավոր Արմեն Բեկթաշյանի նկատմամբ հատուկ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց, չկանգնեց ոտքի, երբ նա ներս մտավ դահլիճ ու բացատրեց իր այդ քայլը. «Բայց դուք հարգելու բա՞ն եք: Ձեր 51 վճիռներից 48-ը եվրոպական դատարանը ապօրինի է ճանաչել: Դուք դրանից պետք է ամաչեք, ոչ թե հարգանք պահանջեք»: Հենց այդ հայտարարությունից հետո դատավորի հրահանգով նա հեռացվեց դահլիճից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031