Գյումրեցիները՝ ծանոթ, թե անծանոթ, վաղ առավոտից շտապում են Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի՝ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին իրենց ցավակցությունները հայտնելու:
Ավետիսյանների վիշտը կիսելու են գալիս տարբեր հիմնարկների աշխատակիցներ, ուսանողներ, տարեցներ, զինծառայողներ: Մարդիկ ուղղակի խոսքեր չեն գտնում բնութագրելու կատարված ոճրագործությունը, չեն հասկանում, թե ինչն էր դրդել ռուս զինվորականին գազանաբար ոչնչացնելու անմեղ ընտանիքը:
Նրանց կարծիքները այս հարցի շուրջ տարբեր են. ոմանք համոզված են, որ սպանության մեջ կասկածվողին ուղղորդեցին դեպի Թուրքիայի սահման, որպեսզի հենց ռուս սահմանապահները նրան բռնեին ու չհանձնեին հայերի ձեռքը:
Կային մարդիկ, հատկապես տարեցների շրջանակում, որոնք պնդում էին, որ գազան մարդասպաններ ամեն ազգն էլ ունի, և սա պատճառ չպիտի դառնա ռուսների դեմ լարվելու:
Կարդացեք նաև
Մի քանի րոպեից կսկսվի երթ Գյումրիում տեղակայված 8-րդ ռազմաբազայի խաչքարի մոտից, կշարունակվի դեպի ռուսական հյուպատոսարան, Շիրակի մարզպետարան, Շիրակի մարզի դատախազություն, այնուհետ Սուրբ Նշան եկեղեցի, որտեղ ժամը 17.00-ին տեղի կունենա հոգեհանգստի կարգ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ