«Կարծում եմ, որ Պերմյակովի գործը պիտի քննվեր ՀՀ իրավապահների կողմից, քանի որ հանցագործությունը տեղի է ունեցել ՀՀ տարածքում`ռուսական ռազմաբազայի տարածքից դուրս»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» ղեկավար Վարդան Հարությունյանը:
Մինչդեռ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության»:
Ըստ ՀՀ օրենսդրության՝ ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով: Միևնույն ժամանակ, ՌԴ քրեական օրենսգրքի համաձայն՝ ՌԴ-ի՝ օտարերկրյա պետությունում տեղաբաշխված զինծառայողները օտարերկրյա պետությունում կատարած հանցանքի համար ենթակա են քրեական պատասխանատվության ՌԴ քրեական օրենսգրքով, եթե ՌԴ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Սակայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գործող «ՀՀ-ի տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն` ռուսական ռազմաբազայի անդամների կողմից կատարված հանցագործությունների դեպքում գործում է ՀՀ օրենսդրությունը և աշխատում են ՀՀ իրավասու մարմինները։
Վարդան Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը համարում է ամոթ ու նշում. «Գլխավոր դատախազությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց ՀՀ իշխանությունների անկարողությունը ՌԴ-ի հետ հարաբերություններում: Փաստորեն ռուսական կողմը ՀՀ դատախազության վրա է դրել պարտավորությունը բացատրություն տալ, թե ինչու են ռուսները հրաժարվում Պերմյակովին հանձնել հայկական կողմին: Սա խոսում է այն մասին, որ ՀՀ իշխանավորները պետականության զգացում ունեցող կամ պետության նշանակությունը հասկացող մարդիկ չեն»:
Կարդացեք նաև
Պարոն Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել այն վարկածը, թե Պերմյակովին հայ իրավապահներն էին նախապես բռնել, սակայն քաղաքական նպատակադրումներով դեպքերն այնպես են դասավորել, որ նա հայտնվի ռուս սահմանապահների մոտ:
Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի հարցերով փորձագետ Արա Ղազարյանը ևս կարծում է, որ ի սկզբանե գործը իրավասու էին քննել ՀՀ իրավապահները, սակայն նշում է մեկ հանգամանք. «Այս պահին անձը գտնվում է ռուսական ռազմաբազայում` նույնն է, թե ՌԴ Կեմերովոյի մարզում, կամ Սիբիրում: Ի՞նչ պիտի անի ՀՀ-ն`պիտի այստեղից քննիչներ ուղարկի, որ գնան այնտեղ գործը քննե՞ն, թե՞ խնդրի, որ այդ մարդուն հանձնեն ՀՀ-ին: ՌԴ-ն ասում է` ես չեմ կարող իմ քաղաքացուն հանձնել, քանի որ Սահմանադրությանը հակասում է: Մենք էլ այդ դրույթն ունենք, և ես գործեր ունեմ, որ ՀՀ-ն մերժել է Գերմանիային կամ ՌԴ-ին, որ իր քաղաքացուն հանձնեն»:
Ըստ պարոն Ղազարյանի` որպես փոխզիջում ՌԴ-ն ասել է, թե եկեք երկուսով քննություն կատարենք, քանի որ ռուսներն էլ չեն կարող ռազմաբազայից դուրս քննչական գործողություններ կատարել ՀՀ տարածքում:
Պարոն Ղազարյանի պնդմամբ` նախաքննությունը հայ մարմիններն են իրականացրել, որոշակի վերահսկողություն կա, ուստի հիմք չունենք կասկածելու, որ արդար դատաքննություն են անցկացնելու:
Մենք կրկին շեշտեցին վերոնշյալ համաձայնագրի չորրորդ կետը, պարոն Ղազարյանը մեկնաբանեց. «Համաձայնագրի չորրորդ հոդվածը չի տարածվում այդ անձի վրա, քանի որ ռուսները նախահաս եղան»:
Մեր այն դիտարկմանը` այստեղ կա՞ քաղաքական ենթատեքստ, մասնավորապես այն, որ Պերմյակովին հայտնաբերեցին հենց ռուս սահմանապահները, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Գուցե քաղաքական երանգ կա այն առումով, որ լուրեր էին տարածվել, թե ռուս զինվորները պտտվում էին Շիրակի դաշտում` բլոկպոստեր են դրել: Սա արդեն խախտում է, քանի որ նման գործողություններ` օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնելու իրավունք ՀՀ տարածքում` ոչ թե ռազմաբազայի ներսում, իրավունք չունեին: Այլ հարց էլ կա, արդյոք ռուս սահմանապահները, սահմանից պիտի տեղեկացնեի՞ն հայկական կողմին Պերմյակովի հայտնաբերման մասին, թե՞ ոչ: Բայց համաձայնագիրը լուռ է, ուստի կարող էին հանձնել ռուսական կողմին»:
Արա Ղազարյանը նշեց, թե այս հարցերում Ռուսաստանը փորձառու է, նրանց մոտ իրավական ընթացակարգերը հստակեցված են, փորձ ունեն, իսկ մենք ոչ, քանի որ այլ պետություններում ռազմաբազա չունենք:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ