Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անց կացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/։
Շփման գծի հակառակ կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/:
Ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս է բերել իր առաջապահ դիրքեր, սակայն ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներն՝ ելնելով անվտանգության նկատառումներից նպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը:
Կարդացեք նաև
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ