ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգի 2014թ արդյունքներն արդեն ներկայացված են schoolrate.armedu.am կայքում: Վարկանիշավորումն իրականացրել է ՀՀ ԿԳ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որի տնօրեն է Արտակ Պողոսյանը:
Այսօր՝ հունվարի 14-ին «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում կայացավ վարկանիշավորման 2014 թվականի արդյունքների ամփոփումը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ի տարբերություն հանրային ընկալման, թե կրթության որակը խիստ անհավասարաչափ է մայրաքաղաքում եւ մարզերում, օբյեկտիվ չափագրման արդյունքում ստացել են նման տվյալներ. «Համադրելի դպրոցների պարագայում մենք ստանում ենք գրեթե համարժեք վիճակ: Այսինքն` մայրաքաղաքային դպրոցները եւ մարզային առաջատար դպրոցները տալիս են կրթության համապատասխան համարժեք որակ: Հերքվում է այն տարածված կարծրատիպը, որ միայն մայրաքաղաքում է հնարավոր ստանալ լավ կրթություն»:
Նախարարը փաստեց, որ մարզերում շատ չեն կրկնուսույցները, բայց փորձը ցույց է տալիս, որ մարզերին բուհ ընդունվողներն ավելի մեծ թիվ են կազմում: Արմեն Աշոտյանի խոսքով կա միջմարզային մրցակցություն, եւ առաջատար դպրոցների թվում առաջին տեղում է Գյումրին, երկրորդ տեղում՝ Վանաձորը, ապա Սյունիքը:
Կարդացեք նաև
Նա խոստացավ, որ առաջիկայում լավագույն դպրոցները կունենան ինչպես բարոյական, այնպես էլ ֆինանսական խրախուսանք, իսկ գալիք տարի կշնորհվեն համապատասխան վկայականներ:
«Խնդիրը միայն լավագույններին հայտնաբերելը չէ, նաեւ պրոբլեմները հայտնաբերելն է: Սա ախտորոշիչ համակարգ է»,-ասաց նախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ նախարարի ֆեյսբուքյան էջից: