Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսում Երեւանի ավագանու 2014-ի գործունեությունը ամփոփեցին ավագանու անդամները:
«Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանի խոսքերով՝ «Մենք անընդհատ լսում ենք Հին Երեւան նախագծի մասին, ինչքան շատ ենք լսում, այնքան հին Երեւանը ոչնչանում է: Դոմինանտը քաղաքապետն է, եւ շատ հարցերում ինչ ուզում՝ անում է»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանի գնահատմամբ՝ «Տարին շատ բուռն է եղել: Ունենք ֆիզիկապես եւ բարոյապես մաշված բնակֆոնդի խնդիրը: Սա արդեն բավականին լուրջ գերխնդիր է: Հաջորդ խնդիրը քաղաքի աղբահանության խնդիրն է եղել մեր նախընտրական ծրագրում, որի ուղղությամբ լուրջ աշխատանք է կատարվել մեր կողմից: 71 մլրդ դրամ է կազմում բյուջեն եւ միայն 20 մլրդն են կազմում սեփական եկամուտները: Այդ գումարով չի կարող խնդիրները լուծել: Պետք է մուտքերն ավելացվեն, որ շատ խնդիրներ լուծվեն»:
ՀՀԿ խմբակցության անդամ Նատալիա Լափաուրին էլ նշեց, որ երբ խոսում են բյուջեի ծախսերի մասին, պետք է հաշվի առնել, թե ինչքանով է եղել դա համարժեք, ինչ արդյունք ենք ստացել. «Երբ նայում ենք միջազգային ասպարեզում քաղաքի ներկայացվածությունը, արդյունքում միգուցե քիչ է ծախսվում եւ շատ ավելի արդյունավետ»: Մասնավորապես նշեց, որ աղբահանության եւ քաղաքի լուսավորության համար են բավականին գումարներ ծախսվել:
Կարդացեք նաև
«Բարեւ Երեւան» դաշինքի խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նշեց, որ իրենք ավագանու միակ ընդդիմադիր ուժն են. «Մեզ եթե առաջին տարիներին սուլոցներով էին դիմավորում, ապա 2014-ին այդ վերաբերմունքը բավականին հանդուրժողական է եղել: Համագործակցության որոշակի աստիճաններ կարող ենք արձանագրել: 2014-ի դեկտեմբերի 23-ի ավագանու նիստում ընդունվեց որոշում, որով փետրվարից արդեն ավագանու նիստերն ուղիղ կհեռարձակվեն քաղաքապետարանի Yerevan.am կայքում»: Ըստ տիկին Բախշյանի,սա հաջողություն է, որովհետեւ քաղաքապետն արդեն տեսել է, որ թափանցիկ աշխատելն իր շահերից է բխում: Հրապարակային են դարձել նաեւ դպրոցների ֆինանսական փաստաթղթերը:
Անահիտ Բախշյանը նշեց, որ չնայած 4 տարի է՝ Երեւանում մանկապարտեզներ անվճար են, բայց դա չի խթանում բոլոր երեխաների՝ նախադպրոցական հաստատություն հաստատելուն, որովհետեւ կոռուպցիա կա:
Քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը հարցին, թե Միկոյանի արձանի հարցն ինչպե՞ս լուծվեց՝ պատասխանեց, որ ավագանին տվել է համաձայնություն՝ արձանի տեղադրման համար՝ կոնկրետ վայրում. «Դա չէր նշանակում, որ արձանը պետք է տեղադրվի: Ավագանին ընդամենը տվել է որոշում՝ տալ համաձայնություն արձանի տեղադրման վերաբերյալ, բայց թե կտեղադրվի, չի տեղադրվի, մենք չենք որոշում»:
Թամարա Պողոսյանն ասաց, որ քաղաքապետարանը տալիս է նախնական համաձայնություն, դրանով իրենց գործառույթը համարում են արված: Մնացածը կառավարությունն է որոշում, ավագանուց դուրս:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ