Փաստաբան Նորայր Նորիկյանը պնդում է, որ նախօրեին Գյումրիում տեղի ունեցած հանցագործության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը պետք է իրականացվեր Հայաստանում, կասկածյալը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր Հայաստանի համապատասխան օրենսդրությամբ:
Այսօր «Հենարան» ակումբում նա հիշեցրեց, որ 1995-97 թթ. Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազայի եւ այդ բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրի համաձայն` ռուսական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից Հայաստանի տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը՝ Հայաստանի օրենսդրության կիրառմամբ:
Նրա համար անհասկանալի էր ՀՀ գլխավոր դատախազության երեկվա տարածած հաղորդագրությունը, որում ասված էր, թե կասկածյալը չի կարող հանձնվել Հայաստանին՝ ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածով. «Այս հանցագործությունը կատարվել է Հայաստանում եւ Հայաստանի քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով: Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունի եւ ի՞նչ իրավազորություն ունի անկախ, ինքնիշխան Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանադրությունն ու նրա 61-րդ հոդվածը: Ո՞ր իրավական հիմքով էին ռուսական ռազմաբազայի զինծառայողները՝ մինչեւ ատամները զինված, շրջում Հայաստանի տարածք հանդիսացող Գյումրի քաղաքում ու որոնում հանցագործություն կատարած անձին: Ո՞ր իրավական հիմքով է հանցագործության մեջ կասկածվող անձը հայտնաբերվելուց հետո տեղափոխվել ռուսական ռազմաբազա»:
Փաստաբանն այլ հարցադրումներ էլ բարձրացրեց՝ ինչո՞ւ է կասկածյալը հայտնաբերվելուց անմիջապես հետո տարվել ռուսական ռազմական բազա, ե՞րբ են ՀՀ իրավապահ մարմինները տեղեկացել կասկածյալի հայտնաբերման մասին:
Կարդացեք նաև
Նա անտրամաբանական ու անհասկանալի համարեց նաեւ ՀՀ պետական մարմինների իրար հակասող հայտարարությունները: ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պնդումը, թե գործը ՀՀ իրավապահներն են քննելու եւ մի քանի ժամ հետո գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը. « Սա խոսում է այն մասին, որ անսպասելիություն ու շփոթվածություն կա իրավասու մարմինների կողմից, Ռուսաստանն անակնկալ է մատուցել»:
Պարոն Նորիկյանը լուրջ կասկածներ ունի, թե հանցագործության մեջ կասկածվող անձին ռուս սահմանապահներն են հայտնաբերել: Նա նաեւ անտրամաբանական է համարում կասկածյալի ցուցմունքը՝ ջուր խմելու նկատառը ու չի բացառում, որ այս սպանության գործում այլ մասնակիցներ էլ կան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Իսկ ի՞նչ կարևոր է, թե ով է բռնել ոճրագործ ռուս զինծառայողին. սա ոչ մի բան չի փոխում: Կամ ո՞ր իրավունքով են ռուսական բազայի ծառայողները բազայից դուրս ոստիկանական գործողություններ կատարում: