Ըստ ոստիկանապետի առաջին տեղակալի ներկայացրածի, Վալերի Պերմյակովը խոստովանական ցուցմունք է տվել, որ իսկապես ինքն է կատարել այդ սահմռկեցուցիչ ոճրագործությունը: Նա պատմել է, թե իբր պոստը լքել է, որովհետեւ ցանկացել է քաղաքում մի քիչ զբոսնել, հասել է Մյասնիկյան փողոցում գտնվող Ավետիսյանների տան մոտ, ցանկացել է ջուր խմել, իբր դուռը ծեծել է, բացող չի եղել, փորձել է ներս մտնել, ապա ձայներ լսել, որից հետո…
Չգիտեմ, թե հետագայում ինչ այլ մանրամասներ կպարզվեն, կամ ոճրագործն ինչեր կպատմի, բայց մինչ այժմ ասածն ուղղակի անհեթեթ, անտրամաբանական մի շարան է: Ի՞նչ է ստացվում:
Մեկը, որի եղբայրը, ի դեպ, սպանության մեղադրանքով գտնվում է ռուսական բանտում, զորակոչվում է, որոշ ժամանակ անց ծառայության է ուղարկվում Հայաստանում գտնվող ռազմակայան, որպես մեխանիկ-վարորդ, հազիվ մեկ-երկու ամիս է, ինչ գտնվում է այստեղ, ըստ ծառայակիցների վկայությունների, համարժեք, ագրեսիվ վարքով աչքի չի ընկել, եւ մեկ էլ գիշերվա կեսին, խախտելով կանոնադրությունը, լքում է պահակակետը: «Զբոսնելու»:
Բայց ո՞վ է մարտական փամփուշտներով լիցքավորված զենքով ելնում քաղաքում «զբոսնելու», այն էլ՝ գիշերվա կեսին: Ի՞նչ ջուր խմելու մասին է նա առհասարակ խոսում: Ավետիսյանների տունը գտնվում է ռազմակայանի տարածքից 2,5-3 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն՝ այդքան անցնելուց հետո եւ հենց այդտե՞ղ է զորամասն ինքնակամ լքած Պերմյակովը ծարավել:
Կարդացեք նաև
Լավ, ենթադրենք՝ ձայներից մարդ էր արթնացել (ասվում էր, որ տան դռան ապակին ջարդված է եղել), զինված անձնավորության համար մի՞թե խնդիր էր այդ մարդուն վախեցնել կամ ուղղակի թողնել-հեռանալ: Բայց ոչ, Պերմյակովը փաստորեն տուն է թափանցել, սառնասրտորեն գնդակահարել է տանը եղած բոլոր մարդկանց՝ մեծերին եւ փոքրերին, 6 հոգու, իսկ բարուրի մեջ գտնվող հազիվ 6 ամսական Սերյոժային էլ սվինահարել է: Մանչուկի կյանքը, չնայած բժիշկների ջանքերին, տակավին մազից է կախված:
Լավ, ի՞նչ գազան պիտի նստած լինի 19-20 տարեկան, մարդու կերպարանք ունեցող շնչավորի մեջ, ի՞նչ կարգի ճիվաղ պիտի դա լինի, որ նման բան անի:
…. Հիմնական հարցադրումն այն էր, թե 6 մարդու, մի ամբողջ ընտանիքի սպանության մեջ կասկածվողը ինչո՞ւ չպետք է հանձնվի Հայաստանի իրավապահ մարմիններին: Մասնագետները սկսեցին համապատասխան պայմանագրերի կետերը վկայակոչել ու քննարկել, վերլուծել, հիմնավորումներ բերել, թե ինչու կամ ինչի հիման վրա կասկածյալը պետք է հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին: Այդ բանավեճը այսօր էլ թերեւս կշարունակվի:
Բայց անկախ բոլոր փաստաթղթերից, տրամաբանությունն ու արդարության, արդարադատություն հաստատելու պահանջները հուշում են, որ ոճրագործությունը պետք է քննեն Հայաստանի իրավապահ մարմինները, ու ոճրագործն էլ պետք է դատվի այն վայրում, որտեղ հանցանք է գործել:
Հասկանալի է, որ Վ.Պերմյակովը ՌԴ օրենքներն էլ է խախտել, մասնավորապես զինծառայության կանոնների հետ կապված, բայց, ի վերջո, ըստ տարածված տվյալների, նա ռազմակայանի տարածքից դուրս, այդ ռազմակայանի հետ որեւէ կապ չունեցող ՀՀ խաղաղ բնակիչների է սպանել ու ամենից առաջ դրա՛ համար պետք է պատասխանատվություն կրի: Սա՛ է բուն հարցը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում