Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը նպատակասլաց կերպով ոչնչացրեց իր երկու քաղաքական մերձավորներին՝ Բաբկեն Արարքցյանին եւ Վանո Սիրադեղյանին.  «Հայկական ժամանակ»

Հունվար 14,2015 11:08

1997 թվականի մայիսին, երբ հանկարծամահ եղավ Տեր-Պետրոսյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Թելման Տեր-Պետրոսյանը, Հրազդանի թիվ 73 ընտրատարածքում պետք է տեղի ունենային պատգամավորի արտահերթ ընտրություններ։ Շատերի համար անսպասելի՝ Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը պատգամավորի թեկնածու առաջադրվեց Հրազդանում։ Շատերը համոզված էին. Սիրադեղյանը որոշել է գրոհել ԱԺ նախագահի պաշտոնը, այսինքն՝ նախ ընտրվել պատգամավոր, հսկողության տակ առնել խորհրդարանական մեծամասնությունը, պաշտոնանկ անել ԱԺ գործող նախագահին, ով, ըստ էության, դեռ ետ չի եկել 1996 թվականի շոկից, եւ դառնալ ԱԺ նախագահ։

Բայց Տեր-Պետրոսյանը կանխատեսում է այս հնարավորությունը, Վանո Սիրադեղյանին հրավիրում եւ նրանից ստանում գրավոր պարտավորագիր, որ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու փորձեր չի անելու։

Սրանով Տեր-Պետրոսյանը երկու հարց է լուծում. նախ փակում է Սիրադեղյանի ճանապարհը, ապա եւ վերջ դնում ԱԺ գործող նախագահ Բաբկեն Արարքցյանի քաղաքական ինքնուրույնությանը, որովհետեւ ստացվում է, որ Տեր-Պետրոսյանի անձնական կամքով է միայն մնում ԱԺ նախագահի պաշտոնում։ Նման քայլը նշանակում էր Արարքցյանին զրկել քաղաքական ինքնությունից, քաղաքական կամքից։

Թվում է, Սիրադեղյանը սխալվում է՝ պարտավորագիրը ստորագրելով։ Բայց նման առաջարկ անելով՝ Տեր-Պետրոսյանը գիտեր, որ ստանալու է Սիրադեղյանի համաձայնությունը։ Եթե ոչ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ատամները սրած, պատրաստ էին հոշոտել Սիրադեղյանին։ Վերջինս որոշում է այլ ճանապարհով գնալ. հրաժարվում է ԱԺ նախագահ դառնալու հեռանկարից, բայց փոխարենը՝ վերցնում է իշխող կուսակցության՝ ՀՀՇ վարչության նախագահի կարգավիճակը (1997թ. հուլիս), նաեւ ընտրվում ԱԺ պատգամավոր։ Բայց այդ ժամանակ, ինչպես հետագայում կպարզվի, ուշ էր, չափազանց ուշ, որովհետեւ իրական իշխանությունը հայտնվել էր բոլորովին այլ ձեռքերում:

1996-97 թվականներին, այսպիսով, Տեր-Պետրոսյանն իրականացրեց իր նախագահական կարիերայի ամենահիշարժան կուլբիտը։ Երբ Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, հայտնի վերլուծական շրջանակները հիացած էին առաջին նախագահի մտքի թռիչքից, դա համարում էին հանճարեղ քաղաքական քայլ, դարակազմիկ հայտնագործություն։ Մինչդեռ, կային վերլուծաբաններ, ովքեր թերթերում գրում էին, որ այդ նշանակումով Տեր-Պետրոսյանը վերջնականապես պարտվեց։ Այն ժամանակ նման վերլուծությունները համարվում էին լուսանցքային, բայց ժամանակը ցույց տվեց ուրիշ բան։

Այսպիսով, Լեւոն Տեր-Պետրոսյանը նպատակասլաց կերպով ոչնչացրեց իր երկու քաղաքական մերձավորներին՝ Բաբկեն Արարքցյանին եւ Վանո Սիրադեղյանին։

Բայց ի վերջո նաեւ ինքը ձախողվեց, որովհետեւ սխալվեց՝ մտածելով, թե Քոչարյան– Սարգսյան զույգը պիտի դառնա իր հլու կամակատար։ Այդպես չեղավ, եւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանին ուղղակի վռնդեցին իշխանությունից, վռնդեցին ամենաստորացուցիչ կերպով։

Ա.ՍՄԲԱՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031