Հարցազրույց «Ռուս-հայկական համագործակցության»
նախագահ Յուրի Նավոյանի հետ
– Դուք, իբրեւ «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ, բազմաթիվ ոլորտներում նպատակներ եք դրել Ձեր առաջ, խնդրում եմ մի փոքր մանրամասնեք:
-Մենք հասարակական դիվանագիտության միջոցով նպաստում ենք ռուսաստանյան քաղաքական, վերլուծական շրջանակներին հայկական խնդիրների ներկայացմանը, հայկական պետականության շուրջ համայնքային ներուժի համախմբմանը եւ հայ-ռուսական տարբեր ծրագրերի իրականացմանը: Արցախի հարցն ու Հայոց ցեղասպանության թեման նույնպես կարեւոր տեղ են գրավում մեր աշխատանքներում: Մեր բոլոր միջոցառումները տեղի են ունենում բացառապես ռուսաստանյան քաղաքական ու տեղեկատվական հարթակներում, քաղաքական կուսակցությունների, վերլուծական կենտրոնների եւ խոշոր հասարակական միավորումների հետ համագործակցաբար: Մյուս առանձնահատկությունը ծրագրերի` մասնագիտական հենքի վրա մշակումն ու իրականացումն է: Օրինակ, «Զգույշ, պատմական փաստեր» են ծրագիրը ուղղված է պատմական կեղծարարության դեմ, «Ռուս-հայկական համագործակցության գրադարան» մատենաշարը կոչված է ռուսաստանյան լայն շրջանակներին ներկայացնելու հայկական քաղաքական խնդիրների վերաբերյալ աշխատություններ: Այսպես, դրա շրջանակներում մոսկովյան ճանաչված տարբեր հրատարակչություններում լույս են տեսել Արցախին, Հայերի ցեղասպանությանը, Հայաստանի եւ Ռուսաստանի պատմության տարբեր էջերին վերաբերող ուսումնասիրություններ: Մեր մատենաշարի հեղինակների թվում են Կիմ Բակշին, Ստանիսլավ Տարասովը, Անտոնիա Արսլանը, Ռաֆայիլ Զինուրովը, Ալեքսանդր Կռիլովը, Լեոնիդ Ռեշետնիկովը: «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի միջոցառումները նույնպես ուղղված են Հայաստանի շուրջ բարեկամական դաշտի ապահովմանը: Քաղաքական բանավեճի «Երկխոսություն» ակումբը հյուրընկալում է քաղաքական գործիչների ու քաղաքագետների, քննարկվող թեմաները հրատապ խնդիրների շուրջ են: Քաղաքագիտական կենտրոնների հետ համագործակցությունը, տարբեր հարթակներում քննարկվող թեմաների նկատմամբ հայկական տեսակետի ապահովումը մեր ամենօրյա աշխատանքի մասն են կազմում:
Անցյալ տարում կարելի է առանձնացնել հատկապես Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի եւ Կովկասագետների գիտական ընկերության հետ համագործակցությունն ու համատեղ միջոցառումները, ՀԱՊԿ Վերլուծական ընկերակցության շրջանակներում գործունեությունը, որի անդամ է մեր կազմակերպությունը: Մոսկվայի տնտեսական ֆորումի շրջանակում նախորդ տարվա մարտին մեր նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայաստանին նվիրված առանձին կլոր սեղան` «Եվրասիական ինտեգրացիայի հեռանկարները եւ Հայաստանը» խորագրով, ուր քննարկվել են ԵՏՄ-ին Հայաստանի միանալու առավելություններն ու մարտահրավերները: Իսկ նոյեմբերին կազմակերպել ենք Արցախի տնտեսական զարգացմանը նվիրված ֆորում` ԼՂՀ կառավարության մասնակցությամբ: Նախորդ տարի հաջողվեց հարաբերություններ հաստատել նաեւ գյուղմեքենաշինության ռուսաստանյան առաջատար ձեռնարկություններից մեկի եւ ԼՂՀ կառավարության միջեւ, շուտով այն կունենա իր գործնական արդյունքները` ի նպաստ ԼՂՀ տնտեսության: Մեր աշխատանքների առանձնահատուկ մաս է հանդիսանում ՌԴ Պետական Դումայում խմբակցություն ունեցող կուսակցությունների հետ հարաբերությունները: Շարունակական բնույթ է կրում ռուսաստանյան պատգամավորներից, հասարակական գործիչներից եւ լրագրողներից բաղկացած խմբերի այցերի կազմակերպումը ԼՂՀ: Մեր հնարավորությունների սահմաններում ըստ ամենայնի նպաստում ենք հայկական գործոնի ներկայացմանը, համագործակցության ծրագրերի զարգացմանը, հայկական համախմբվածության ամրապնդմանը: Համոզված եմ, որ հայկական ներուժը հնարավոր է համախմբել հայոց պետականության գաղափարի եւ հայկական մշակութային ժառանգության հիման վրա:
Կարդացեք նաև
– Ի՞նչ աշխատանքներ եք նախատեսում Հայերի ցեղասպանության 100-տարելիցի ուղղությամբ:
– Մոսկվայում ավանդաբար անցկացվող փոքրաթիվ պիկետի կողքին մենք նախաձեռնել ենք Ցեղասպանությունը դատապարտող ամենամյա միտինգի անցկացում` Մոսկվայի հրապարակներից մեկում: Ցեղասպանության դատապարտման եւ Թուրքիայի կողմից ճանաչման պահանջով հինգ միտինգ ենք անցկացրել, մեկն էլ` ադրբեջանա-հունգարական գործարքի դեմ: Դրանցում ներգրավում ենք ռուսաստանյան քաղաքական առաջատար ուժերի պատգամավորներին, ազգային համայնքների ներկայացուցիչներին, խոշոր հասարակական միավորումներին: Զուգահեռաբար, յուրաքանչյուր տարի անց ենք կացնում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկոներ` դարձյալ քաղաքական ուժերի մասնակցությամբ: Դրանից բացի, քաղաքագիտական կլոր սեղանի կամ գիտաժողովի կազմակերպման միջոցով էլ քննարկվում են Ցեղասպանության տարբեր դիտանկյունները: Ահա, ամեն տարի այս համադրությամբ միջոցառումների անցկացումը հնարավորություն է տվել ձեւավորելու մեկ համակարգ, որը ընդլայնել է թեմայի տարածման սահմանները եւ տարբեր լսարանների ընդգրկումը: 2013 թ. մայիսին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ձեւավորվել է Հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգման ռուսաստանյան հանձնաժողովը` ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի տրամաբանությամբ: Արդեն հաստատվել է հանձնաժողովի ծրագիրը, ընթացքի մեջ է դրա գործնականացումը:
– Վերջին ամիսներին ակտիվացրել եք աշխատանքները Սիբիրի տարածաշրջանների հետ: Մասնավորապես, եղել եք Նովոսիբիրսկում եւ Տոմսկում, աշխատում եք Երեւանի եւ Տոմսկի պետական համալսարանների միջեւ համագործակցության ուղղությամբ: Ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել այդ բուհերի համագործակցությունից:
– Մեզ Սիբիր է հասցրել հայկական քաղաքական գործը, բայց այս անգամ` կամավոր կերպով: Այսպես, նախորդ տարվա նոյեմբերի 8-9–ին Նովոսիբիրսկում տեղի ունեցավ հայկական երիտասարդական կազմակերպությունների համառուսաստանյան ֆորումը, որը հրավիրված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների երիտասարդական միասնական ծրագրի մշակման օրակարգով: Երկօրյա բովանդակային քննարկումների արդյունքում, այս թեմայով վերջին տարիներին Մոսկվայում ձեւավորված համակարգը օրինակ ընդունելով, մշակվել է գործողությունների միասնական ծրագիր, որը իրականացվելու է ֆորումին մասնակից երիտասարդական միությունների կողմից ՌԴ տարբեր սուբյեկտներում` Մոսկվայից մինչեւ Ուֆա, Պերմից մինչեւ Կրասնոյարսկ, Նովոսիբիրսկից մինչեւ Ալթայսկ, Ուլյանովսկից մինչեւ Եկատերինբուրգ եւ ուրիշ խոշոր քաղաքներում:
Դեկտեմբերի 16-ին էլ այցելել եմ Տոմսկի պետական համալսարան, որտեղ դասախոսություն եմ կարդացել «Հայաստանն ու հայկական գործոնը միջազգային քաղաքականությունում» թեմայով եւ համալսարանի ղեկավարության հետ քննարկել ինչպես մեր կազմակերպության հետ հետագա համագործակցության զարգացման, այնպես էլ ԵՊՀ հետ հարաբերությունների հաստատման հարցերը: Ի դեպ, Տոմսկի պետական համալսարանը Ռուսաստանի հնագույն ուսումնական հաստատություններից է, հիմնադրվել է 1878 թ.: Այն միջազգային համագործակցության հարուստ ավանդույթներ եւ ազգային-հետազոտական հաստատության կարգավիճակ ունի: Ռեկտոր Էդուարդ Գալաժինսկու հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել ենք, որ Տոմսկի եւ Երեւանի պետական համալսարանները գարնանը համագործակցության համաձայնագիր ստորագրեն, դա համաձայնեցրել ենք նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Տոմսկի պետհամալսարանի ռեկտորը ընդառաջել է մարտին իրենց մոտ Հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով միջազգային գիտաժողովի կազմակերպման մեր առաջարկությանը:
Առաջարկել ենք նաեւ Տոմսկի համալսարանում հայկական կենտրոն ստեղծել: Ռեկտոր Էդուարդ Գալաժինսկին առաջարկել է ԵՊՀ հետ բնագիտական մասնագիտություններից մեկի ուղղությամբ համատեղ լաբորատորիա ստեղծել, նկատի ունենալով երկու համալսարաններում առկա ուժեղ դպրոցները եւ ավանդույթները: Նաեւ նախատեսում ենք փետրվարին ԵՊՀ-ում համատեղ ձմեռային դպրոց կազմակերպել միջազգային հարաբերությունների թեմայով: Ռուսական կողմից ծրագրում կընդգրկվեն երիտասարդ միջազգայնագետ-հետազոտողներ, որոնք միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրներով արդեն հրապարակումներով հանդես են գալիս ռուսաստանյան ճանաչված հանդեսներում: Միջոցառումը տեղի կունենա դրանցից մեկի` «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի տեղեկատվական հովանավորությամբ եւ կավարտվի մասնակիցների` Արցախ այցելությամբ:
– Հայաստանը հավակնություններ ունի Եվրոպական կրթական տարածքում իր տեղը զբաղեցնելու առումով, արդյոք ՌԴ բուհերի հետ կապվելը չի՞ հեռացնում մեր կրթական համակարգն այդ նպատակից:
– Հայաստանի ու Ռուսաստանի բարձրագույն կրթական համակարգերը նույն կառուցվածքն ունեն, երկու երկրներն էլ Բոլոնիայի գործընթացի մասնակից են, իհարկե` տարբեր խորությամբ: Եվրոպական կրթական գործընթացի հիմնական խնդրի` կրթության որակի ապահովման ուղղությամբ իր ձեռքբերումները Հայաստանը կարող է ի գործ դնել մյուս հարեւանների հետ համագործակցությունում: Ավելին, բարձրագույն կրթության եվրոպական մի շարք հետազոտական ծրագրերի դրամաշնորհները տրամադրում են տարածաշրջանի երկրների համալսարանների հետ համագործակցության առկայության դեպքում: Շատ հայկական համալսարաններ նման ծրագրերի դիմելու համար հաճախ են ռուսաստանյան գործընկերներ փնտրում եւ հակառակը: Բացի դա, ԵՏՄ-ում առկա է ընդհանուր աշխատաշուկա, որը սպասարկելու են մեր երկրների կրթական համակարգերը: Եվ վերջապես, միջհամալսարանական համագործակցության միջոցով ռուսաստանյան խոշոր ուսումնական հաստատություններում հայկական ներկայության ապահովումը նույնպես բխում է Հայաստանի շահերից:
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
13.01.2015