Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատիստները պայքարում են Հայաստանի չեմպիոնության եւ հավաքական ընդգրկվելու համար

Հունվար 14,2015 13:30

Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը մեկնարկեցին Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 75-րդ եւ կանանց 70-րդ առաջնությունները, որոնց նպատակը հենց տարեսկզբին հանրապետության ուժեղագույն շախմատիստներին որոշելն է, որոնք մեր երկիրը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում:

«Առավոտը» զրուցեց տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանի հետ:

– Պարոն Վարդապետյան: Այս տարի է՞լ են տղամարդկանց եւ կանանց չեմպիոնները համալրելու հավաքականների մեկական թափուր տեղերը:

-Թեեւ այդ հարցը մրցավարին չէ, որ պետք է ուղղվի, բայց տեղյակ պահեմ, որ ըստ կանոնադրության՝ այս առաջնության հաղթողը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք է նվաճում: Իսկ աշխարհի առաջնության հետ կապված՝ Հայաստանի շախմատային ֆեդերացիան ունի առանձին որոշում, որն այս առաջնության հետ կապ չունի:

– Հետեւաբար, կանոնադրության դրույթների համաձայն՝ մեր առաջատար շախմատիստները պետք է մասնակցե՞ն Եվրոպայի առաջնությանը:

– Ենթադրում է: Եթե ֆեդերացիան ընթացքում ուրիշ որոշումներ չընդունի, առաջատարները, իհարկե, պատրաստ են հավաքականների կազմերում մասնակցել ոչ միայն Եվրոպայի, այլեւ ցանկացած առաջնության, որտեղ ներկայացվում է Հայաստանը:

– Հատկապես տղամարդկանց հավաքականում հիմնական չորս տեղերը զբաղեցրել են ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում չորս ամենաբարձր հորիզոնականներ զբաղեցնող շախմատիստները` Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը եւ 5-րդը եղել է Հայաստանի չեմպիոնը: Հիմա գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը վարկանիշով ավելի բարձր է Վլադիմիր Հակոբյանից:

– Հարցը լուծվում է այնպես, ինչպես ամրագրված է կանոնադրությունում: Չափանիշներով Հայաստանի շախմատիստների մեջ առաջինը, որ Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք ունի, Լեւոն Արոնյանն է: Հաջորդը Հրանտ Մելքումյանն է, որը 2014 թ. հուլիսի 1-ի եւ 2015 թ. հունվարի 1-ի իր միջին վարկանիշով երկրորդն է, երրորդը Գաբրիել Սարգսյանը, չորրորդը` Սերգեյ Մովսիսյանը: Վլադիմիր Հակոբյանը հինգերորդն է:

– Այսինքն, տղամարդկանց հավաքականի կազմի հետ կապված հարցերը լուծված են եւ փոփոխություններ չե՞ն կարող լինել:

– Վարկանիշները ֆիքսված են եւ նոր թվեր չեն ծնվի: Այսօրվա դրությամբ հավաքականի կազմը որոշվելու է գործող չափանիշներից: Բայց ընթացքում ամեն բան էլ կարող է պատահել: Նույն սկզբունքը գործում է նաեւ աղջիկների պարագայում: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Գալոյանն իրենց վարկանիշներով չորս հիմնական խաղացողներն են, իսկ այս առաջնությունում մեր մյուս աղջիկները պայքարում են չեմպիոնի կոչումը նվաճելու եւ հավաքականի միակ թափուր տեղն զբաղեցնելու համար:

– Եթե չեմպիոն դարձած շախմատիստը ավելի ցածր վարկանիշ ունի, քան մեկ ուրիշը, նախապատվությունն ո՞ւմ է տրվում:

– Հայաստանի չեմպիոնին: Հիշենք թեկուզ անցած տարվա առաջնությունը, երբ Հայաստանի չեմպիոն դարձավ Տիգրան Քոթանջյանը, որը վարկանիշով բավականին հետ էր, բայց հավաքականի կազմում հանդես եկավ Համաշխարհային օլիմպիադայում:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031