Լրահոս
Օրվա լրահոսը

Սթրեսի մեջ մի ընկեք՝ հարեւանից հետ չմնալու պատճառով

Հունվար 14,2015 13:00

Խորհուրդ է տալիս հոգեբանը

Միշտ էլ արձակուրդից հետո աշխատանքի անցնելը դժվարություններ է առաջացնում, հատկապես՝ ամանորյա տոներից հետո, այս կարծիքին է հոգեբան Կարինե Մովսիսյանը: Նրա խոսքով՝ աշխատանքային առաջին օրերն այնքան լարված են լինում, որ մարդիկ ստիպված են անցնել ադապտացիոն փուլը:

«Ամեն ինչ այնպես է լինում, կարծես նոր են ընդունվել այդ աշխատանքին, շատերը թերանում են, սխալներ թույլ տալիս, դեպրեսիայի մեջ ընկնում», -«Առավոտի» հետ զրույցում ասում է հոգեբանն ու հավելում, որ հայկական ավանդույթները՝ տոնական սեղանների պատրաստելն ու դրանցով տեւական զբաղվելը, օրերով բազմաթիվ հյուրեր ընդունելը, օտարերկրացիների համար խորթ երեւույթներ են, դրա համար էլ օտարները տոներից հետո աշխատանքի են վերադառնում հանգստացած ու առույգ, իսկ մենք՝ ընդհակառակը:

Ոմանց համար սթրեսի պատճառ հանդիսացող Ամանորից հետո աշխատանքի վերադառնալը, ըստ Կարինե Մովսիսյանի, ճիշտ է՝ դժվար է, բայց մարդիկ պետք է իրենց վրա աշխատեն, հակառակ դեպքում՝ ամեն երկուշաբթի էլ պետք է դժվարությամբ աշխատանքի անցնեն, դեպրեսիայի մեջ ընկնեն:

Հոգեբանը նշում է, որ սթրես կարող է առաջացնել նաեւ այն մտայնությունը, որ, օրինակ, իրենց Ամանորի սեղանը հարեւանի կամ բարեկամի սեղանի նման ճոխ չէ: Նա հորդորեց խուսափել ցուցամոլությունից, համեմատվելու սովորությունից ու առաջարկեց մտածել այն մասին, որ եւս մեկ սթրես կլինի այն, որ Ամանորից հետո բացելով սառնարանը՝ տեսնեք հնացած ուտելիքները, որոնք ստիպված եք դեն նետել, մինչդեռ հսկայական գումար էիք ծախսել՝ ուրիշից հետ չմնալու համար:

Հոգեբանը խորհուրդ է տալիս տասը եւ ավելի օրեր տեւած արձակուրդից հետո, որքան էլ դժվար է սթափվելը, առույգանալ՝ մտածելով նոր տարում նոր ծրագրերի ու անելիքների մասին: «Հաճախ հիասթափության ու դեպրեսիայի պատճառ է դառնում նաեւ այն, երբ տարվա վերջին օրերին մարդիկ հասկանում են, որ իրենց բաղձալի երազանքներն ու նպատակները չիրականացան, որոնց մի ամբողջ տարի ձգտել էին: Ախր պետք է նաեւ գիտակցել, որ դուք հեքիաթում չեք, եւ առհասարակ, փոքրիկներ չեք, որոնք հավատում են Ձմեռ պապերին: Ընդամենը պետք է հավատալ սեփական ուժերին եւ ձգտել ավելիին»,- նշում է հոգեբանը:

Կարինե Մովսիսյանի խոսքով՝ տոն պատրաստելը, տոներով ուրախանալը լավ է, բայց տասներեք օր Ամանոր նշելն էլ իր հերթին է դժվարացնում պարապ վիճակից աշխատանքի անցնելու փուլը: Նա նաեւ գտնում է, որ ամենեւին էլ կարիք չկա մինչեւ հունվարի տասներեքը տոնական սեղանը գցած պահել, քանի որ հետտոնական սթրեսը, թեկուզ եւ աննշան, կառաջանա նաեւ այն դեպքում, երբ մարդն իր սովորական կենսաոճից անցնի լարվածություն բերող կենսաոճին:

Հոգեբանը հավելում է, որ հետտոնական սթրես ոչ բոլորի մոտ է լինում ու պարտադիր էլ չի: Ըստ նրա՝ այն մարդիկ, որոնք ավելի թեթեւ են նայում կյանքին ու ավելի սովորական վերաբերվում տոներին, հիմնականում հանգիստ վիճակում էլ վերադառնում են աշխատանքի: Իսկ ավելի դյուրագրգիռներն ու նյարդայինները, որոնց նա խորհուրդ տվեց իրենց չծանրաբեռնել հրաշքների սպասելով, հորդորեց ավելի նպատակային գործել ու հույսը սեփական ուժերի վրա դնել:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031