Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմությունը որբի գլուխ չէ, ով հասնի՝ խուզի

Հունվար 14,2015 11:18

Կամ՝ մտորումներ Հրանտ Բագրատյանի վերջին գրառման վերաբերյալ

Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ տոնական այս պարապ օրերին իմ ընթերցած ոչ մի մասնագիտական գիրք ու ոչ էլ գեղարվեստական որեւէ ստեղծագործություն, հրապարակախոսական հոդված կամ պարզ, ուղիղ խոսք ինձ այնքան չի հուզել (ոչ դրական ու ոչ էլ բացասական իմաստներով), որքան իմ հարգելի գործընկեր, պատգամավոր Հ. Բագրատյանի գրառումը՝  կատարված Ճրագալույցի առիթով:

Միանգամից ասեմ, որ ասելիքս որեւէ աղերս չունի քաղաքականության հետ՝ ոչ երեկվա, ոչ այսօրվա ու ոչ էլ վաղվա: Բագրատյանը մեր խորհրդարանի ամենաարհեստավարժ եւ խարիզմատիկ պատգամավորներից մեկն է, ազատական կուռ աշխարհայացք ունեցող կայացած քաղաքական գործիչ, ով իր լուման ունի ՀՀ-ի կայացման ճանապարհին, բացառիկ հռետոր ու նաեւ… իմ ճանաչած ամենահամարձակ տնտեսագետը: Ինչո՞ւ: Բացատրեմ…
Միայն անսահման համարձակությունը կարող է տնտեսագետ իմ գործընկերոջը (ընդհանրապես, որեւէ ոչ պատմաբանի) մղել աքսիոմատիկ դատողություններ անելու պատմագիտական-մասնագիտական հսկայածավալ գիտելիքներ պահանջող այնպիսի հարցի վերաբերյալ, ինչպիսին համաշխարհային պատմության մեջ քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման դափնին այս կամ այն պետությանն ու ժողովրդին վերագրելու հարցն է: Նման «համարձակություն» մինչ պարոն Բագրատյանը, իհարկե, դրսեւորել են շատերը, այդ թվում՝ մեր հարեւան վրացիները՝ մեկուկես-երկու տասնամյակ առաջ, երբ մենք պատրաստվում էինք նշել քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը: Բայց նրանք դա արել են լրիվ այլ՝ քաղաքական նկատառումներից ելնելով:
Որպեսզի ասելիքս համատեքստից դուրս չլինի, համառոտ նշեմ, թե ինչ է իր գրառմամբ ասում իմ հարգելի գործընկերը: Հավանաբար, հեռուստատեսությամբ, հետեւելով Սուրբ ծննդյան եւ դրան նախորդող Ճրագալույցի պատարագների հեռարձակմանը, այդ օրերին տիրապետող հոգեւոր լրահոսին ու վերջինիս հիմնական շեշտադրումներին, Բագրատյանն ասում է, որ հայերն, իհարկե, լուրջ ու անուրանալի ավանդ ունեն քրիստոնեության տարածման գործում, եւ համաձայնվեք՝ շատ էլ ճիշտ է անում: Սակայն Բագրատյանը Բագրատյան չէր լինի, եթե առաջ չգնար ու չասեր. «Բայց երբեմն խառնում ենք պետությունը կրոնի հետ, ոգեւորվում ու մեր դասագրքերն ու պատմությունը լցնում սուտ բաներով։ Չի կարելի պատմությունը կեղծել։ Օրինակ, աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը Օսրոյենեն է։ Գոնե մի անգամ թերթեք հանրագիտարանները»: Նման հրապարակախոսության հիմնավորումն էլ կա՝ մենք մեզ շատ ենք գովում, թեեւ մեր ունեցած իրական ներդրումն էլ բավարար է հպարտ լինելու համար, ու այդկերպ չենք նկատում, որ դարձել ենք աշխարհի ամենահետամնաց պետություններից մեկը՝ դաս տալով բոլորին ու մոռանալով մեզ: Թողնենք տեսական վերջին ընդհանրացումներն, որ, անշուշտ, որպես քաղաքական փիլիսոփայություն, կյանքի իրավունք ունի: Անցնենք գլխավորին՝ պատմությունը կեղծելուն ու քրիստոնեությունը առաջինը Օսրոյենեում պետական կրոն հռչակման պնդումներին:

Նախապես ներողություն խնդրելով հայոց հին շրջանի պատմության մասնագետներից (ինքս, մասնագիտությամբ պատմաբան լինելով, ամենեւին էլ այդ շրջանի մասնագետը չեմ)՝ իմ համեստ իմացության սահմաններում ոչ ակադեմիական ժանրում, ստորեւ կներկայացնեմ մի քանի դատողություն՝ խախտելով պատմագիտության ու պատմական աղբյուրագիտության դասական հնարավոր բոլոր կանոնները՝ ասելիքս լայն լսարանին առավել մատչելի դարձնելու նկատառումից ելնելով: Հավելեմ նաեւ, որ այն, ինչ կգրեմ, ամենեւին էլ չի հավակնում լինել գիտական ճշմարտություն. քանի կա մարդկությունը, այնքան շարունակվելու է նրա երեկվա՝ պատմության շուրջ բանավեճը, բայց, համաձայնվեք՝ գիտական բանավեճը:

Եվ այսպես…. Օսրոյենեն շուրջ երեքուկես դար գոյություն ունեցած (առանձին ընդհատումներով), հելլենիստական պետություն էր Հյուսիսային Միջագետքում (մ.թ.ա. 132- մ.թ. 216) իր Եդեսիա մայրաքաղաքով, որը պատմության թատերաբեմից դուրս եկավ Կարակալլայի կողմից նվաճվելուց հետո: Ըստ պատմական աղբյուրների, Օսրոյենեի բնակչության էթնիկ կազմը եղել է բազմազգ՝ պարթեւներ, հայեր, հրեաներ, արաբներ, իշխող գահատոհմի աստիճանական արամեացմամբ, ապա նաեւ հայացմամբ: Ինչպես եւ յուրաքանչյուր պետական կազմավորում, Օսրոյենեն եւս իր կարճատեւ պատմության ընթացքում ունեցել է տարածքային սեղմումներ, առավել հաճախ վերածվելով քաղաք-պետության՝ իր հռչակավոր Եդեսիա մայրաքաղաքով: Առաջ անցնելով, արձանագրենք, որ Եդեսիան (Անտիոքիա, Հուստինիանապոլիս, Ռուհա, Ուրհա, Ուրֆա, Օրխոե եւ այլն), իսկապես էլ բացառիկ նշանակություն է ունեցել քրիստոնեական մշակույթի պատմության մեջ, եղել հայ քրիստոնեական մշակույթի առաջատար օջախներից մեկը: Բավական է մտաբերել միայն Խորենացու հիշատակումը, որ Եդեսիայի կառավարիչ Աբգարի նամակին ի պատասխան, նրա սուրհանդակ Անանը Երուսաղեմից Աբգարին է բերում Հիսուս Քրիստոսի պատասխան նամակը եւ «Փրկչի կենդանագիր պատկերը, որ մինչեւ այսօր գտնվում է եդեսիացիների քաղաքում», ինչի մասին վկայում է նաեւ Անանիա Շիրակացին: Այո, խոսքը անձեռակերտ դաստառակի մասին է, ինչին էլ նվիրված է մեր երջանկահիշատակ գործընկեր Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն»-ը: Առաջ գնանք՝ Մեսրոպ Մաշտոցի կողմից հենց այս քաղաքում հայոց այբուբենը ստեղծելու փաստը, Ներսես Շնորհալի կաթողիկոսի «Ողբ Եդեսիո» պոեմը եւ այլն:

Դառնանք գլխավորին՝ Հրանտ Բագրատյանի պնդմանը, թե քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը հռչակվել է Օսրոյենեում: Բոլորիս է հայտնի, որ նա նկատի ունի Եդեսիայի Աբգար թագավորի դարձի գալու մասին պատմությունը, ինչի մասին հիշատակում է Խորենացին եւ ցավոք սրտի, եթե չեմ սխալվում, միայն Խորենացին: Սակայն Բագրատյանը կամ չգիտի, կամ էլ մոռանում է նշել, որ Եդեսիա-Օսրոյենեի կառավարիչ Աբգարը Խորենացու պատմությունում հիշատակվում է որպես «Եդեսիայի Հայոց Աբգար թագավոր»: Պատահակա՞ն է սա: Իհարկե՝ ոչ:

Իրականությունն այն է, որ Օսրոյենեի թագավորությունը մշտապես եղել է բազմազգ, իսկ մ.թ.ա. 84 թ. սկսած, երբ Օսրոյենեն նվաճվեց Տիգրան Մեծի կողմից ու մտցվեց Մեծ Հայքի կազմ, սկսվեց վերջինիս հայկականացման գործընթացը: Պատմական աղբյուրները վկայում են՝ մինչեւ Տիգրան Մեծի մահը՝ մ.թ.ա. 56 թ., Օսրոյենեն եղել է Մեծ Հայքի կազմում, բացառությամբ մ.թ.ա. 66-64-ի երկամյա ընդմիջմանը: Անցնենք առաջ: Չկա պատմական որեւէ աղբյուր, որը կպնդեր, որ Եդեսիա-Օսրոյենեն մ.թ.ա. 56 թ.-ից՝ Տիգրան Մեծի մահից մինչեւ մ.թ. 37 թ., երբ վերջինս, Եդեսիայի Հայոց Աբգար թագավորի մահից հետո անցավ Պարթեւական տերության տիրապետության տակ, չի եղել Մեծ Հայքի կազմում: Այդպիսի պատմական փաստ գոյություն չունի: Բավական է հիշատակել, որ մ.թ. 37 թ.-ին Հռոմի եւ Պարթեւական տերության միջեւ կնքված պայմանագրով Եդեսիա-Օսրոյենեի անցումը վերջինիս տիրապետության տակ Խորենացին անվանում է «Հայաստանի՝ երկու մասի բաժանում»: Իսկ պատմահոր հաղորդած մեկ այլ տեղեկություն փաստում է, որ Եդեսիա-Օսրոյենեն մ.թ. 34-37 թթ., երբ Քրիստոսի երկու առաքյալները քրիստոնեություն էին քարոզում մեր կողմերում՝ եղել է Մեծ Հայքի կազմում: Անտիկ պատմիչ Հովսեփ Փլավիոսի հաղորդած տեղեկությունները Սանատրուկ Ա-ի, Հայոց Մծբին մայրաքաղաքի եւ այլնի վերաբերյալ եւս անուղղակիորեն հաստատում են այս պնդումը:

Համադրելով Խորենացու եւ Նոր Կտակարանի հաղորդած տեղեկությունները՝ Եդեսիա-Օսրոյենեի կառավարիչ Աբգարը, որին Խորենացին հիշատակում է «Եդեսիայի հայոց Աբգար թագավոր», իշխել է մ.թ.ա. 1 թ.-ից մինչեւ մ.թ. 37 թ.-ը: Այն, ինչ նկարագրում է Խորենացին Աբգար թագավորի վերաբերյալ, հայտնի է բոլորին: Աբգարը հիվանդանում է, իր սուրհանդակներին ուղարկում է Երուսաղեմ՝ հաղորդելու Հիսուս Քրիստոսին, որ վերջինս նրան համարում է կամ Աստված, կամ Աստծո որդի եւ հրավիրում Եդեսիա: Կարելի է ենթադրել, որ Աբգարը, լսելով Քրիստոսի հրաշագործությունների մասին, ցանկանում էր բուժվել իրեն պատած հիվանդությունից: Աբգարի սուրհանդակները նամակը փոխանցում են Քրիստոսի առաքյալներից երկուսին՝ Փիլիպոսին եւ Անդրեասին, Հիսուս Քրիստոսն էլ, ըստ Խորենացու, պատասխան նամակ է գրում Աբգարին, գրառված Թովմաս առաքյալի կողմից, որում ասվում էր, որ իր առաքյալները հոգեգալուստից (պենտեկոստե) հետո կմեկնեն եւ կքարոզեն նրա ուսմունքը եւ նամակի հետ միասին Աբգարին ուղարկում Փրկչի կենդանագիր պատկերը՝ անձեռակերտ դաստառակը:

Հիսուսի խաչելությունից, համբարձումից ու առաքյալների վրա հոգեգալուստից հետո, ըստ Խորենացու, Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները քրիստոնեություն են քարոզում Մեծ Հայքում: Թադեոս առաքյալը գալիս է Եդեսիա, բժշկում Աբգար թագավորին, դարձի բերում նրան եւ իր քաղաքը ի Քրիստոս, շարունակում իր քարոզչությունը Հայաստանում եւ նահատակվում Հայոց Սանատրուկ թագավորի կողմից (Սանատրուկ թագավորի քրիստոնեացած դստեր՝ Սանդուխտի հետ միասին) ու թաղվում Արտազ գավառի Շավարշան դաշտում։ Հանուն ճշմարտության պետք է նկատել, որ Խորենացու հաղորդած այս տեղեկությունները հիմնավորապես չեն հաստատվում այլ աղբյուրներով, մասնավորապես Նոր Կտակարանի հաղորդած տեղեկություններով: Իհարկե, կյանքի իրավունք ունի հայոց եկեղեցական պատմագիտության մեջ տեղ գտած պնդումը, որ «Գործք առաքելոց»-ի 2.9-13-ում նկարագրվածը, թե հոգեգալուստից հետո Քրիստոսի առաքյալները աշխարհագրական ու էթնիկ ինչ միջավայրում սկսեցին քարոզել Հիսուսի ուսմունքը՝ «Միջագետք, Հրէաստան եւ Գամիրք, Պոնտոս եւ Ասիա, Փռյուգիա եւ Պամփյուլիա, Եգիպտս եւ Կյուրենիա, հարեւան Լիբիայի շրջաններ» եւ այլն, պատմական նենգափոխման արդյունք է: Այս խումբ պատմաբանները կարծում են, որ քանի որ «Միջագետքի եւ Պոնտոսի միջեւ մ.թ. 30-ական թթ. գտնված պետությունը եղել է Հայաստանը, այլ ո՛չ թե Հրեաստանը, ու քանի որ մինչեւ հայոց գրերի գյուտը Աստվածաշունչը հայերեն գրավոր խոսքով գոյություն չի ունեցել, ժխտելու համար մ.թ.ա. 1-ից առ մ.թ. 37 թթ. Եդեսիայի Հայոց Աբգար թագավորի կողմից քրիստոնեությունը պաշտոնապես ընդունելու փաստը կամ էլ դա ուրիշ ազգի վերագրելու նպատակով, չարությամբ՝ Նոր Կտակարանի «Գործք առաքելոցի» 2.9 կետից Հայաստան բառը հանել եւ նրա փոխարեն Հրեաստան բառն են տեղադրել»։

Այսպիսով, ինչպիսին էլ լինեն տարատեսակ մեկնաբանությունները, զատենք այն, ինչ հիմնավորապես հաստատվում են պատմական աղբյուրներով.
1. Մ.թ. 34-37 թթ., երբ Թադեոս առաքյալը դարձի բերեց Եդեսիա-Օսրոյենեն եւ վերջինիս կառավարիչ Աբգարին, ում Խորենացին կոչում է «Եդեսիայի Հայոց Աբգար թագավոր», իսկ վաղ միջնադարյան պատմագրության մեջ կառավարիչ եւ թագավոր եզրերը շատ հաճախ կիրառվում էին որպես հոմանիշներ, այն եղել է ոչ թե անկախ պետություն, ինչպես կարծում է պարոն Բագրատյանը՝ ընթերցելով հանրագիտարաններ եւ խորհուրդ տալով դա անել նաեւ ուրիշներին, այլ, այն եղել է Հայաստանի՝ Մեծ Հայքի կազմում: Սա նշանակում է, որ պնդել Եդեսիա-Օսրոյենեի՝ առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն լինելու մասին, պատմագիտորեն սնանկ է:

2. Մ.թ. 37 թ.-ին Եդեսիա-Օսրոյենեն, ինչպես նշվեց, անցնում է Պարթեւական տերության տիրապետության տակ, ինչից հետեւում է, որ քրիստոնեությունը Հայաստանի Եդեսիա-Օսրոյենե հատվածում տարածվել եւ տիրապետել է առավելագույնը 3 տարի:
3. Մ.թ.ա. 84-ից մինչեւ մ.թ. 37 թթ. Եդեսիայի հայկականացումը պատմական իրողություն է, իսկ քննարկվող ժամանակահատվածում այնտեղ իշխում էին հայազգի կառավարիչներ:
4. Մի կողմ դնելով Աբգար թագավորի վերաբերյալ Խորենացու հաղորդած տեղեկությունների ավանդապատում կամ իրականություն լինելու վերաբերյալ գիտական որոշակի անորոշությունը, կարելի է պնդել, որ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ, Աբգար թագավորի ու Եդեսիայի դարձով սկսվում է Հայաստանի եւ հայ ազգի քրիստոնեացման պատմության սկիզբը, որն ավարտվում է համաշխարհային պատմության մեջ առաջինը 301 թ. Հայաստանում որպես նրա պետական կրոն հռչակելով:
Եվս մի քանի դատողություն՝ վերջաբանի փոխարեն:

Համաշխարհային պատմության մեջ սեփական ժողովրդի տեղն ու վաստակը առավել դրական ու փառավոր լույսի ներքո ներկայացնելու համար, իհարկե, շատ ժողովուրդներ են դիմել կամ դիմում փորձերի՝ կեղծելու պատմությունը: Մեր պատմաաշխարհագրական հարեւանությունը դրա ոչ առաջին ու ոչ էլ վերջին օրինակն է: Սակայն, հայ ժողովուրդը, հայ պատմաբանները կարիք չունեն եւ մեր պատմության որեւէ դրվագի լուսաբանման հարցում չեն դիմել զեղծարարության, ստի ու կեղծիքի: Ճիշտ է Բագրատյանը՝ դրա կարիքն էլ չկա:

Վերլուծելով պատմական առանձին, երբեմն ամենախրթին հարցերի շուրջ պետական-քաղաքական նշանակալի դեմքերի, որպես կանոն, մասնագիտությամբ ոչ պատմաբանների, առանձին արտահայտություններն ու անկաշկանդ, երբեմն նաեւ աքսիոմատիկ տեսակետները, հանգում եմ մի բավականին հետաքրքիր, իր բնույթով, երեւի, հոգեվերլուծական բնույթի հետեւության. քաղաքական-պետական բարձր դիրք ունեցող գործիչները, «անձամբ կերտելով պատմություն» կամ տեսնելով իրենց, իրենց կայացրած որոշումների ազդեցությունը ժամանակակից պատմության կերտման գործում, քաջ գիտակցելով, որ քաղաքականության ու պետական կառավարման մասնակի ստվերայնությամբ պայմանավորված, պատմական նշանակության շատուշատ իրողություններ օբյեկտիվորեն դուրս են մնում ժամանակակիցների իմացությունից ու չեն արձանագրվում որեւէ աղբյուրում, հավանաբար, ընդհանրացնելով, սկսում են կասկածի տակ առնել պատմագիտության գիտականությունը, ուստիեւ նման թեթեւությամբ ու անկաշկանդությամբ էլ աքսիոմատիկ գնահատականներ են տալիս պատմագիտական այս կամ այն խնդրին, ավելի հաճախ ու առավել անբռնազբոս ներքաշվում խաշխորովածային սեղանների շուրջ հաճախ ծավալվող «պատմագիտական քննարկումներում» եւ պնդում սեփական գերճշմարտացիությունը՝ երբեմն չհանդուրժելով նույնիսկ մասնագիտական որեւէ խոսք: Ավելորդ է ասել, որ նման կերպ մտածողները սխալվում են:

Պատմագիտությունը, որքան էլ ոմանց համար զարմանալի թվա, գիտություն է՝ իր մեթոդաբանությամբ, կանոններով եւ եթե ժամանակակիցների աչքից շատ հանգամանքներ վրիպում են, ապա պատմության աչքից՝ ժամանակի հեռվից, ոչինչ չի վրիպում:
Հասկանալի է, որ մեր երկրում ընդհանուր միջին գրագիտության անշեղորեն անկման, տեղեկատվության աղբյուրների բազմազանեցման, գիտական ու ոչ գիտական՝ հանրամատչելի տեղեկությունների սահմանների աստիճանական վերացման, համացանցի տիրապետության ու ամեն հարցի վերաբերյալ սեփական տեսակետն ունեցող ու սոցիալական ցանցերում դա հայտնելու պատրաստ մարդկանց թվի շարունակական աճի, քաղաքական գրագիտության մերօրյա ողբերգական որակների պայմաններում շատերի համար պատմությունը ոչ թե գիտություն է, այլ՝ որբի գլուխ, որ ով երբ հասնի՝ խուզի:
Գրագետ երեւալու ու պատմության իմացության սեփական անզուգականությունն ընդգծելու համար, եկեք զոռ տանք մեր երեւակայությանը, չբավարարվենք նրանից ընտրովի ու համատեքստից կտրված մեջբերումներ անելով, «հանրագիտարանային» գիտելիքները շաղ տալով՝ շարունակենք զարմացնել գիրքուգրականության հետ հուրհավիտյան խռով շատ-շատերին. մեր օրերում դա էլ հերոսություն է:

Իսկ եթե լուրջ՝ չմտնենք, տղե՛րք, պատմության բոստանը: Թողնենք դա մասնագետներին: Պատմությունն էլ լեզվի, եկեղեցու նման սուրբ բան է: Մինչեւ հիմա ինչին կպել՝ փչացրել ենք, եկեք պատմությունը չփչացնենք. հետագա սերունդները գոնե բռնվելու տեղ կունենան: Հիշե՛նք. բավարար է որեւէ ժողովրդի զրկել սեփական պատմության ճիշտ իմացությունից եւ մեկ սերունդ անց այն կվերածվի ամբոխի, իսկ երկու սերունդ անց՝ հնարավոր կլինի այդ ժողովրդին կառավարել, ինչպես ոչխարի՜ հոտի…

ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031