Լրահոս
Օրվա լրահոսը

Օննիկ Եգանյանի «Աշխատությունները»

Հունվար 14,2015 12:30

Լույս է տեսել Մաշտոցյան Մատենադարանի լուսահոգի աշխատակից, վաստակաշատ ձեռագրագետ եւ բանասեր Օննիկ Եգանյանի աշխատությունների մեծադիր հատորը, որի տպագրության մեկենասը հեղինակի դուստր Անահիտ Եգանյան-Գյուլեճյանն է: Գիրքը հրատարակության է պատրաստել նույն հեղինակի աշակերտ-հետեւորդ՝ Մատենադարանի Գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության եւ Մայր ցուցակի բաժնի վարիչ Գեւորգ Տեր-Վարդանյանը։

Գիրքը բաղկացած է չորս հիմնական մասից. առաջինը վերնագրված է՝ «Մաշտոցյան Մատենադարանի ձեռագրական հավաքածուները. մասն Բ.» եւ պարունակում է գիտական մամուլում Օննիկ Եգանյանի տպագրված այն հոդվածները, որոնք վերաբերում են Մատենադարան մտած ձեռագրական փոքր հավաքածուների եւ առանձին միավորների ճշգրտման հարցերին:

Երկրորդ մասը Հարություն Հազարյան Կեսարացու հայերեն ձեռագրերի հավաքածուի՝ Մաշտոցյան Մատենադարան չեկած միավորների ցուցակն է: Երրորդը Մաշտոցյան Մատենադարանի ձեռագիր Պատառիկների առարկայական ցանկն է, իսկ չորրորդը՝ նույն Մատենադարանի ժապավենաձեւ Հմայիլների համառոտ ցուցակը:

Գիրքն ունի նաեւ Գեւորգ Տեր-Վարդանյանի պատրաստած օժանդակ-հավելվածային երկու մաս` «Ժամանակագրական ցանկ Օննիկ Եգանեանի գիտական աշխատութիւնների» եւ «Հարութիւն Հազարեանի ձեռագրական հաւաքածուն եւ նրա մի մասի աճուրդը»:
Հատորն օժտված է նաեւ Գայանե Թերզյանի պատրաստած մանրամասն ցուցիչ ցանկերով՝ անձնանունների, տեղանունների, «Մատենադարանի՝ յիշատակուած ձեռագրերի համարական ցանկ», «Յիշատակուած՝ չպահպանուած եւ մեզ չհասած ձեռագրեր» եւ Մատենադարանի ձեռագրաց «Մայր ցուցակին» հատուկ մնացյալ բոլոր ցանկերը:
Ինչպես իրավացիորեն նկատել է Գեւորգ Տեր-Վարդանյանը, որեւէ անհատի վաստակը նրա մարդկային նկարագրի ածանցյալն է, իսկ Օննիկ Եգանյանը հսկա աշխատասիրության, սեփական անձի նկատմամբ մեծ խստապահանջության, արած գործի մեջ գերճշգրտության ձգտում ունենալով հանդերձ, կենցաղում խիստ սակավապետ էր, լռիկ եւ զուսպ, ազնիվ, անսահման բարի, սկսնակներին իր գիտելիքները հաղորդելու հարցում` շռայլ: 1958 թ. մինչեւ իր կյանքի ավարտը՝ 1984 թ. աշխատել է Մաշտոցյան Մատենադարանում. նրա կատարած աշխատանքի շնորհիվ այսօր գիտենք Մատենադարանի հավաքածուի ստեղծման պատմությունը` քայլ առ քայլ. տեղյակ ենք ձեռագրերի անցած ճանապարհներին եւ ունեցած հանգրվաններին: Գիրքը նախատեսված է հատկապես միջնադարյան հայերեն սկզբնաղբյուրների, ձեռագրերի եւ մասնավորապես՝ Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուի գոյացման խնդիրներով հետաքրքրվող գիտնականների եւ մտավորականների համար:

Հանգուցյալ ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանի աշխատությունների եռահատորյակի տպագրությունից հետո, Օննիկ Եգանյանի այս գրքով եւս վերահաստատվում է, որ Մաշտոցյան Մատենադարանը մերձավոր անցյալի իր վաստակավորների ժառանգության արժեքավոր միավորների մեկտեղված եւ մշակված հրապարակումներով նախանձախնդիր ու հետամուտ է գիտական-մշակութային ժառանգորդության պահպանման կարեւոր խնդրին։ Նույն խնդրին է ծառայելու նաեւ մի այլ երախտավորի՝ Ասատուր Մնացականյանի երկերի գալիք տարի նախատեսվող տպագրությունը։

ՍԵԴԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031