Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են դատել Հայաստանում, Հայաստանի օրենքներով

Հունվար 13,2015 17:29

«Սա տեսնելու բան չէր, սա պատիժ ու կրակ էր, որ մեր գլխին եկավ», Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիում սպանված ընտանիքի հարազատներից մեկը, որը մի քանի այլ հարազատների հետ արցունքն աչքերին առավոտվանից կանգնած է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի դռների առաջ, ուր այս պահին բուժօգնություն է ստանում սպանդի ենթարկված ընտանիքի միակ կենդանի մնացած անդամը՝ 6 ամսական փոքրիկը:

Բժիշկները պարբերաբար դուրս են գալիս՝ երեխայի վիճակի մասին նրանց տեղյակ պահելու: Սակայն հարազատները նեղսրտում են, որ մեկ վայրկյան անգամ հնարավորություն չեն ունեցել երեխային իրենց աչքով տեսնելու:

Այս պահին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հիվանդանոցի գլխավոր բժշկի, իր տեղակալների, բժիշկների հետ միասին խորհրդակցություն է անցկացնում վերակենդանացման բաժանմունքում: Բաժանմունքը հսկվում է ոստիկանների կողմից:

SB_Astvacamayr_2

Երեխայի 6-7 հարազատները շունչները պահած սպասում են բժիշկներից նոր լուրերի: Aravot.am-ի հետ զրույցում հարազատները վրդովմունք հայտնեցին, որ ընտանիքին սպանած ռուս զինվորի գործը հանձնվել է ռուսական կողմին. «Վստահ չենք, որ արդար դատավարություն կլինի, կասեն գիժ էր, մի երկու ամիս կպահեն եւ կարդարացնեն»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ նման կասկածներ ունեն, պատասխանեցին. «Իրենց ազգից է, հո հայերի համար չե՞ն դատապարտելու իրենց զինվորին: Եթե ուզում են արդար դատ լինի, պետք է Հայաստանում նրան դատեն, Հայաստանի օրենքներով»:

Հարազատների ներկայացմամբ՝ այդ ընտանիքը միանգամայն պատահական զոհ է, ընտանիքի անդամները համեստ, խաղաղ եւ համերաշխ ապրող մարդիկ էին, որեւէ կասկածելի, մութ պատմության մեջ չեն եղել:

Նշենք նաեւ, որ ընտանիքի հարսը՝ երկու մանկահասակ երեխաների մայրը Ալավերդիից էր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031