Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզյան իրադարձություններից մինչև Գյումրի. ահաբեկչություն, ոճրագործություն մարդկային առաջնային ռեակցիա

Հունվար 13,2015 17:21

«Որևէ բանում սահման անցնել պետք չէ, բայց առաջին հերթին սահմանը տվյալ երկրի օրենսդրական դաշտն է սահմանում»,-Aravot.am-ի հարցին` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը կարո՞ղ է համարվել խոսքի ազատության դեմ ուղղված գործողություն, թե՞ կրոնական թեմաներով հրապարակումներում պետք է սահմաննեը չանցնել, այսպիսի կարծիք հայտնեց PR մասնագետ, վերլուծաբան Տիգրան Հակոբյանը:

Նա հավելեց. «Եթե սույն պետության մեջ իրավաբանորեն ցանկացած ծաղրանկար տպելու դեպքում որևէ քրեական կամ վարչական պատասխանատվություն չի հետևում, ուրեմն ոչ մեկն իրավունք չունի արտադատական հաշվեհարդար տեսնել»:

Տիգրան Հակոբյանի կարծիքով` Փարիզում Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության դեմ կատարվածը քաղաքակրթությունների բախումն է: Պարոն Հակոբյանն այս իրադարձությունը համարում է ահաբեկչություն և խոսքի ազատության դեմ ուղղված քայլ և միևնույն ժամանակ շեշտում. «Գերագույն արժեքը մարդկային կյանքն է, այն վեր է նույնիսկ խոսքի ազատությունից: Ուստի, եթե դու զգում ես քո անմիջական գործողություններով քո կամ քո հարազատների կյանքը կարող ես վտանգի տակ դնել, ապա դու պիտի խուսափես այդ քայլից: Եթե մուսուլմանական համայնքը, որոշ ծայրահեղականներ դժգոհություններ էին հայտնում քո ծաղրանկարների հետ կապված, ապա դու պիտի փորձեիր քեզ սահմանափակել, որ վտանգի տակ չդնեիր քո և քո գործընկերների կյանքը»:

Պարոն Հակոբյանի կարծիքով` կատարվածը արդարացում չունի. «Հայկական մամուլում և սոցցանցերում որոշ արդարացումներ եմ տեսնում, որն անընդունելի է: Եթե թույլ տանք, որ կրոնի կողմնակիցները կամ ծայրահեղականները թելադրեն` ինչ անենք, ապա մենք վաղը ավելի ծայրահեղ իրավիճակի մեջ կընկնենք: Վաղը նրանց դուր չի գա, որ մենք խանութից խոզի միս ենք գնում, կամ օղի, և նրանք իրենց հավատը կամ սկզբունքները վիրավորված համարելով` կսկսեն մեզ գնդակահարել նաև դրա համար: Այստեղ որևէ փոխզիջում լինել չի կարող: Արտադատական որևէ հաշվեհարդար այս հարցում ընդունելի չէ: Ամենածայրահեղ մեթոդներով ծայրահեղականության դեմ պետք է պայքարել»:

Մեր այն դիտարկմանը, թե փարիզյան իրադարձությունների ժամանակ, երբ հարցնում էին` հնարավո՞ր է ՀՀ-ում էլ նման ոճրագործություն, ահաբեկչություն լինի, շատերը բացառում էին, բայց օրեր անց տեղի ունեցավ Գյումրիի ոճրագործությունը, պարոն Հակոբյանն արձագանքեց. «Դա ահաբեկչություն չէ, ահաբեկչությունն իր սահմանումներն ունի: Դասական ահաբեկչական ակտ էր հոկտեմբերի 27-ի դեպքերը: Գյումրիինը քրեական հանցագործություն է: Կապ չունի` ռուսների, թե ամերիկացիների, թե չինացիների ռազմական բազան է, որոշ սահմանափակումների մեջ այն պիտի գործի տվյալ երկրում, որ այդ գործունեությունը նման հետևանքներ չունենա»: Պարոն Հակոբյանի կարծիքով` դեպքը դեռ թարմ է, և դժվար է այն վերլուծել, մանավանդ, որ բազում հարցականներ կան. իսկապես այդ ա՞նձն է իրագործել ոճրագործությունը, ի՞նչն է դրդել նրան:

Մեր հարցին` ընդունելի՞ են այս դեպքի առիթով հնչող հակառուսականության մասին հայտարարությունները, արդյոք դրանք ազգամիջյան լարվածություն չե՞ն առաջացնում, պարոն Հակոբյանը ի պատասխան նշեց, թե պետք չէ շատ բան պահանջել մարդկանցից, քանի որ հուզմունքը միշտ էլ ալոգիկ է լինում և այդ առումով մարդկանց չպետք է մեղադրել իրենց առաջնային ռեակցիայի համար. «Երբ ընտանիքի վեց անդամի սպանել են, այս առումով մարդկանց զայրույթը չի կարող սահմանափակվել և ռացիոնալ հունով գնալ: Ամեն ինչ այս մի քանի օրվա մեջ ընդունելի է. համոզված եմ, որ եթե ամերիկյան կամ չինական բազա լիներ, նույն վրդովմունքը հակաամերիկյան կամ հակաչինական երանգ կստանար: Թույլ տանք վրդովմունքը դուրս գա: Ցանկացած ժողովուրդ նույնիսկ իր դաշնակցի կողմից իր ազգի արժանապատվության, իր քաղաքացու կյանքի և ապահովության հանդեպ հարգանք ու զգուշություն է պահանջում: Այս առումով շատ բան մարդկանցից պահանջել պետք չէ. դա կարող է հակառուսական բնույթ կրել, կարող են որոշ քաղաքական ուժեր օգտվել, դա էական չէ, էական է այն, որ մեր պետությունը ամեն ինչ անի, որ ոճրագործությունը, կատարողին և դրդապատճառները շուտ բացահայտվեն, բացատրություններ ստանան ռուսական ռազմաբազայից, թե ինչու է նման բան եղել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031