Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամյան. «Մեծ-մեծ խոսում են, թե եթե պետական ապարատում Արա Նռանյանին նշանակեցին, ուրեմն ՀՅԴ-ն ծախվեց»

Հունվար 13,2015 15:41

Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները ՀՅԴ ԳՄ անդամներից հետաքրքրվեցին՝ Արա Նռանյանը նշանակվեց ԵՏՄ հանձնաժողովի անդամ, սա կարո՞ղ է նշանակել, որ ՀՅԴ-ն վերադառնում է իշխանության, եւ եթե Ձեր բանակցությունները Սահմանադրական փոփոխությունների շուրջ իշխանության հետ ձախողվեն, ՀՅԴ-ն կմիանա՞ նորից եռյակին՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ չկա ուժ, որ չի ուզում դառնալ իշխանություն, բոլորն էլ ուզում են գալ իշխանության, որ իրականացնեն իրենց ծրագրերը. «Մենք այս իշխանության ներսում էլ ենք եղել, դուրսն էլ ենք եղել, մենք ինքնանպատակ իշխանության գալու խնդիր երբեք չենք ունեցել: Եթե ուզեինք կոալիցիայի մեջ մնալ՝ կմնայինք: Մենք մեր առաջարկած փոփոխությամբ այնպիսի համակարգ ենք ձեւավորում, որ ուզում ես իշխանություն եղիր, ուզում ես՝ ընդդիմություն, այս երկրում դերակատարում ես ունենալու: Մեկն ասում էր, անունը չեմ տալիս, թե լավ, եթե այդքանը տանք ընդդիմությանը, էլ մենք ինչի՞ ենք իշխանության գալիս: Այս մտածելակերպը փոխվել է, ես իմ պրակտիկայից եմ ասում: Այդ նույն մարդիկ հասկանում են, որ եթե գալիս են իշխանության, ամեն ինչ ձերն է, մնացած բոլորը դուրս են մնում դրանից, երկիրն էլ հայտնվում է այս անդունդի մեջ»:

Արա Նռանյանի հետ կապված Աղվան Վարդանյանն ասաց, որ նա պրոֆեսիոնալ է, եղել է ԱԺ պատգամավոր, բոլորն էլ կընդունեն, որ երիտասարդ, հեռանկարային մեր կուսակցության լավագույն մասնագետներից է. «Նա ներկայացնելու է ԵՏՄ-ում Հայաստանը: Եթե կա այդ հնարավորությունը, ի՞նչ անենք, ասենք՝ թող Արա Նռանյանն էլի մնա մասնավոր հատվածում, իր համար աշխատի եւ պետության համար հնարավոր իր մասնակցությունը չբերի՞: Մենք հաճախ տպավորություն ենք ստանում, որ մենք պայքարում ենք պետության համար, շատ ու շատ ուժեր պայքարում են՝ ընդամենը իշխանություն ունենալու համար: Որեւէ հակասություն մեր ընդդիմադիր դիրքորոշումների եւ Արա Նռանյանի նշանակման մեջ մենք չենք տեսնում, եւ դրանից հեռու գնացող ենթադրություններ պետք չէ անել»:

Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ՝ «Շատ պրիմիտիվ մոտեցում կա, որ եթե դուք ընդդիմություն եք, ուրեմն պետական ապարատում ձեզանից մարդ չպետք է աշխատի: Սա ամենասխալ պատկերացումն է: Այսինքն, մենք ենթարկվում ենք այն խաղի կանոններին, որ մեզ վերեւից պարտադրվում է՝ յուրայինների եւ օտարների: Այսինքն, մենք էլ ենք ուզում, որ պետությունը նույնանա իշխանությունների հետ: Պիտի թողեն, որ ժողովուրդը գնա՞ այստեղից: Պետական ապարատը պիտի բաց լինի՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Ովքեր նման հարց են տալիս, մի հատ իրենց հարցրեք՝ ովքե՞ր են այսօր պետական ապարատում աշխատում՝ տվյալ կուսակցությունից: Մի հատ ցանկը բացեք նայեք, հաստատ ՀՅԴ-ն վերջին տեղերում կլինի: Ով որտեղ է հիմա, դուք էլ լավ գիտեք՝ հայտնի դեմքեր, անձինք, ովքեր մեծ-մեծ խոսում են, թե եթե պետական ապարատում Արա Նռանյանին նշանակեցին, ուրեմն Դաշնակցությունը ծախվեց: Բա իրենք այսօր պետական ապարատում ինչքան մարդ ունեն, բա մենք ինչի՞ այդպիսի բաներ չենք խոսում: Որովհետեւ մենք չենք համարում, որ դա ճիշտ մոտեցում է: Մենք պետք է ապահովենք, պետական ապարատը բաց լինի բոլոր այն կադրերի համար, ովքեր ընդունակ են: Այսօր դուրս են մղվել որակյալ կադրերը, դրա համար են մեր որոշումները թերի, դրա համար ենք մենք կաղում՝ որպես պետություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նշանակեն, թե չնշանակեն, միևնույնն է,՝ ՀՅԴ-ն ի սկզբանե ծախված է։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031