Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս իշխանավորները ցավակցել են, ի՞նչ է նշանակում ներողություն խնդրեն». Արմեն Ռուստամյան

Հունվար 13,2015 15:24

Այսօր ՀՅԴ ԳՄ անդամների հրավիրած ասուլիսում լրագրողները խնդրեցին գնահատական տալ երեկ Գյումրիում կատարված սահմռկեցուցիչ սպանությանը, երբ ենթադրյալ մարդասպան ռուս զինվորականը սպանել էր ընտանիքի 6 անդամներին, սվին-դանակով կտրատել երեխային:

Հարցին՝ տեսակետ կա, որ թույլ վերահսկողության պատճառով է նման դեպք եղել, եւ երեկ էլ ռուս զինվորականները զենքերով մասնակցում էին որոնողական աշխատանքներին, որի լիազորությունը նույնպես չունեին, համաձա՞յն եք՝ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ինչ կատարվեց, չեմ կարծում, որ օրենսդրական խնդիրների պատճառով է կատարվել: Դա չի կարելի կապել բազայի կարգավիճակի հետ: Բազայի կարգավիճակով չէր տրված հնարավորություն, որ այս զազրելի արարքը կատարվեր: Սա ամոթ է՝ որտեղ էլ որ լինի, որ երկրում էլ լինի: Սա կապված չէ մեր եւ ՌԴ հարաբերությունների հետ, ես  ուրախ եմ, որ կանխվեցին այս իմաստով հակառուսական ինչ-որ դրսեւորումներ: Չէր  կարելի սա բերել այդ դաշտ: Եթե այդպես մտածենք, նույն ջրաղացին ենք ջուր լցնում, որ եթե ՌԴ-ում էլ մի բան տեղի է ունենում, եթե ազգությամբ ռուս չի, սկսում են պայքար՝ ոչ ռուսական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ:  Դրանից պետք է վեր գտնվենք, որովհետեւ մենք ինքներս սրա դեմ պայքարում ենք, երբ դրսում է դա տեղի ունենում: Մենք  մեր օրինակով պետք է ցույց տանք, որ ազգային խնդիր այստեղ չենք տեսնում, խնդիր ենք տեսնում օրենքի պահպանման, ռեժիմի խախտման եւ այլ առումներով: Հարցեր են առաջանում, թե իրենց ներքին կարգապահությունն ինչու է այդ վիճակում: Սրանք լուրջ խնդիրներ են, որոնք քննարկման առարկա պետք է դառնան, եւ այս դեպքից հետո խստացումներ պետք է կիրառվեն, որ  մարդիկ այդպես ազատ չկարողանան լքել իրենց զորամասը, ծառայության վայրը: Սա որեւէ տեղ չեմ կարծում, որ արտոնված լինի: Պետք է սա լուծվի, մանավանդ, որ կրկնվել է, էլի են եղել Գյումրիում այդպիսի դեպքեր»:

Aravot.am-ի հարցին՝ ռուս իշխանավորները չպե՞տք է ներողություն խնդրեն հայ ժողովրդից, որովհետեւ կատարվածը միայն դժբախտ պատահար չի, ինչպես ներկայացվում է՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ցավակցել են, ի՞նչ է նշանակում ներողություն խնդրեն: Ներողություն է խնդրում նա, ով մեղավոր է»:

Մեր դիտարկմանը, որ իրենց ռազմակայանի զենքով է եղել սպանությունը, մեղավոր չե՞ն՝ պարոն Ռուստամյանը պատասխանեց. «Իրենց ռազմակայանի զենք է, նշանակում է՝ իրենք արել են ամեն ինչ, որ այդ հանցանքը տեղի՞ ունենա: Շատ հեռուն գնացող բան է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. N says:

    Տարօրինակ մտածելակերպ ունի Ռոստամյանը! Նրա մտքով իր՞ոք չի անցել այդ միտքը. որ ռուսաստանը պետք է ներողություն խնդրի։ Ու այդ մտածելակերպով էր նա պաշտպանում Հայաստանի շահերը միջազգային կառույցներու՞մ։

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Աստված հային փրկի դաշնակներից:

  3. Artur says:

    Ռոստոմյանի լոգիկան ուղղակի ապշեցնում է: Է հետո? թուրքերն էլ ներողություն չխնդրեցին բայց ցավակցել են հայերին: Հիմա ինչ մտածեմ?

  4. Gayane says:

    Թե դու ինչու ես դարձել ռուսի ատվակատ, մեկդ մյուսից առաջ ընկնելով ռուսին ձեր նվիրվածությունն եք ապացուցում, դեռ ուրախ էլ եք: Ռադ եղեք Հայաստանից:

  5. Moira's Iskajyan says:

    Եթե ոճրագործ Պերմյակովը Ռուս զբոսաշրջիկ լիներ, մեր ցավը նույնը կմնար, բայց խնդիրը ուրիշ կլիներ։ Սակայն նա Հայաստանում էր Ռուսական բանակի զինծառայողի կարգավիճակով և նրա գործողությունների պատասխանատվությունը ընկնում է իր պետության վրա։ Ինչ երշխիք կա, որ վաղը մի Ռուս գեներալ , որի ձեռքի տակ ավելի զենք կա, չի հրթիռահարի Գյումրին։ Մոսկվան պետք է ներողություն խնդրի իր հանցավոր անփութության համար և Հայաստանին հանձնի մարդասպանին։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031