Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուստամյանը՝ ոչ իշխանականներին. «Եկեք խանդի տեսարաններ չստեղծենք, միանանք, միասին պահանջենք»

Հունվար 13,2015 14:42

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետ կապված ասացին, որ այնտեղ ամրագրված են իրենց հիմնական մոտեցումները, բայց ուզում են, որ այնտեղ առկա որոշակի անորոշությունները վերանան:

Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ «Հայաստանում եղած պրոբլեմները պահանջում են երկրում իրականացնել ոչ թե պարզ, այլ ամբողջական իշխանափոխություն: Մեր հիմնական խնդիրն է լինելու այն, որ հասարակ քաղաքացու համար հասկանալի դառնա՝ այն հարցերը, որ իրենք ունեն կենցաղային մակարդակում, դրանք կապված են Սահմանադրական փոփոխությունների հետ: Եթե մենք այդ կապը չտեսնենք, սխալ ուղղությամբ կգնանք: Մենք այս հայեցակարգով փորձել ենք ամրագրել այն մեխանիզմները, որոնք ավելի լիարժեք կդարձնեն հակակշռումն ու զսպումը իշխանական համակարգի մեջ, որը մեր գլխավոր հարցն է: Նախագահական աթոռից պետք է հրաժարվել, որպեսզի իրական փոփոխությունների սկիզբ դրվի մեր երկրում»:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ առաջիկայում նախատեսվում են քաղաքական կոնսուլտացիաներ եւ գնալու են նաեւ երկխոսության՝ իշխանությունների հետ, նախագահի հետ՝ իրենց առաջարկությունները վերջնական նախագծում իրացնելու համար. «Դժբախտաբար, Հայաստանում ոչ մի ընտրությամբ իշխանություն չի փոխվել»:

ՀՅԴ-ն առաջարկների փաթեթ է մշակել՝ Սահմանադրական փոփոխությունների մասին:

Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իրենց առաջարկները: Օրինակ, ընտրացուցակների հետ կապված մի քանի տարբերակներ են առաջարկվում, որոնք պետք է բերեն հանրային վստահության: Առաջարկ կա իշխանություն-ընդդիմություն համագործակցության մասին, ընդդիմության դերակատարության մեծացման հետ կապված:

Aravot.am-ի հարցին՝ դուք ասացիք, որ առաջիկայում կոնսուլտացիաներ կարվեն քաղաքական ուժերի հետ, բայց ոչ իշխանական ուժերն արդեն հայտնել են իրենց տեսակետը, որ հիմա բացարձակ ժամանակը չէ այս ամենի, ժամանակը չէ Սահմանադրական փոփոխություններ անելու, որ չկա դրա հասարակական պահանջը եւ որ ամենավատ օրենքներով, ամենավատ Սահմանադրությամբ էլ հնարավոր է երկրում դրական փոփոխություններ կատարել, եթե կա քաղաքական կամք: Հիմա ինչի՞ շուրջ եք նրանց հետ կոնսուլտացիա անելու, եթե գիտեք նրանց կարծիքը, նրանց պիտի համոզե՞ք՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Այդ հասարակական պահանջը կձեւավորվի հանրաքվեի ժամանակ, եթե հանրաքվեն ասի՝ ոչ, կլինի ոչ: Եթե այս գործընթացը կմտնի այն տրամաբանության մեջ, որ ոչ իշխանական  ուժերի պահանջը ձեւավորվի այսպես՝ չկատարվի որեւէ փոփոխություն, քանի իշխանությունները չեն փոխվել, սա շատ պրիմիտիվ կլինի, որովհետեւ հայտարարում ենք, որ համակարգային փոփոխություններ տեղի չունենան մեր երկրում: Եթե այսօրվա իշխանություններն են անում, պատրաստ ենք աջակցել: Մենք հասարակական պահանջ տեսնում ենք, հասարակությունը հոգնել է իշխանությունների իմիտացիոն փոփոխությունից:

Ասում են՝ փոխենք, սրանից վատը չի լինի, բայց միշտ վատից վատը լինում է: Ոչ իշխանական ուժերը ըստ էության գաղափարին դեմ չեն, հայտարարում են, որ դրա ժամանակը չի: Բա ե՞րբ է դրա ժամանակը, ինչի՞ հիմա չանենք, անենք 2 տարի հետո: Եթե չենք վստահում, որ դա կկատարվի, դա ուրիշ բան, ուրեմն ստիպենք, որ դա կատարվի: Մենք արդեն այս հայեցակարգի մեջ մի զգալի մասով մեր մոտեցումներն ամրագրել ենք: Ի՞նչն է իրենց կասկածելի թվում, իրար հետ միանանք, ավելի խորքային կլինի պահանջները: Մեկ-երկու բան էլ ավելացնենք, իրար հետ պահանջենք, իշխանություններն ավելի կզիջեն: Հիմա ՀՅԴ-ն անում է, ստեղծում է պայմաններ, ՀՅԴ-ին հայհոյում են, հետո օգտվում մեր ստեղծած պայմաններից»:

Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ ԱԺ հանձնաժողովների տեղերն ավելացնելն էլ իրենք են արել, դա իրենց պայմանն է եղել. «Եկեք խանդի տեսարաններ չստեղծենք: Բոլորն էլ ասում են՝ արյունահեղություն չենք ուզում, առճակատում չենք ուզում, բա որ չեք ուզում՝ մնում է այս ճանապարհը»:

Ըստ Արմեն Ռուստամյանի «խոսելու ենք ոչ միայն քաղաքական ուժերի հետ, այլեւ խոսելու ենք տարբեր մտավորականների հետ, այն մարդկանց, որոնք քաղաքական ամբիցիաներ չունեն»:

Աղվան Վարդանյանի խոսքերով՝ «Եթե մենք մի բանում վստահ ենք, որ ճիշտ է, մենք դա անելու ենք՝ անկախ նրանից, թե այլ ուժեր ինչպես են մտածում: Մենք վստահ ենք, որ այս ճանապարհը իսկապես երկիրը զարգացման փուլ տեղափոխելու համար է: Մենք մեր անելիքն անելու ենք, անկախ նրանից, թե կողքից ինչ են անելու»:

Հարցին՝ իշխանության նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսներն ասում են, որ սա այն իշխանությունն է, որը կեղծել է ընտրությունները եւ նպատակ ունի մնալ իշխանության՝ այս տարբերակով, հետեւաբար մերժում են, Դուք չե՞ք տեսնում նման հնարավորություն՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Կեղծիքներ միշտ էլ կարող են լինել, ԱՄՆ-ում էլ են կեղծիքներ անում, բայց պիտի ունենանք մեխանիզմ՝ սահմանափակելու: Իդեալական համակարգ ոչ մի տեղ չկա: Խնդիրը սահմանափակելն է նրանց ախորժակը, ովքեր ուզում են յուրացնեն պետության ռեսուրսը»:

Աղվան Վարդանյանի խոսքերով՝ «գործող համակարգով կա մեծ հնարավորություն՝ վերարտադրման համար: Առնետավազքով իշխանության ձեւավորումը լավ բանի չի հանգեցնելու: Մենք վստահ ենք, որ սա ճիշտ ճանապարհն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե (ԵՊՀ) says:

    Դաշնակների դավաճանություններից բոլորս ենք տեղյակ…
    Նույն առնետավազքի մեջ հենց իրենք են …

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031