Հունվարի 1-ից Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը: Մինչ մեր երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ այս միության տարածքում տնտեսվարողների համար ավելի մեծ եւ լայն հնարավորություններ են բացվելու, տնտեսվարողների համար դեռեւս մի շարք հարցեր այդպես էլ «մութ» են մնում:
Տնտեսվարողների մոտ առավել առաջացող հարցերից է, օրինակ` թե ԵՏՄ-ին միանալուց հետո ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ավտոմեքենաների ներմուծման դեպքում ինչպիսի՞ մաքսատուրքեր են գործելու, այս միությանն անդամակցելուց հետո անուղղակի հարկերի գանձման ինչպիսի մեխանիզմներ են գործելու, մեր երկրի անդամակցությունը ԵՏՄ-ին կբերի,՞ արդյոք, ներկրվող գազի գնի նվազմանը, մաքսային ձեւակերպումների ոլորտում ինչպիսի փոփոխություններ են ակնկալվում եւ այլն:
Ոլորտի մասնագետները էկոնոմիկայի նախարարության կայքէջում պատասխանել են տնտեսվարողների բարձրացրած որոշ հարցերին: Ինչ վերաբերում է ավտոմեքենաների ներկրմանն, նախարարությունը վստահեցնում է, որ ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների համար նախատեսվել է արտոնյալ ժամանակահատված, որի ընթացքում մեր երկիր ներմուծվող ավտոմեքենաների համար մաքսային վճարները գանձվելու են ներկայումս գործող ԱԱՀ-ի եւ մաքսատուրքի դրույքաչափով:
Տնտեսվարողներից մեկի այն հարցին էլ՝ անուղղակի հարկերի գանձման ինչպիսի՞ մեխանիզմներ են գործելու, նախարարության մասնագետները նախ շեշտում են, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո էլ ներմուծողներից շարունակելու են գանձել ավելացված արժեքի հարկը` ԱԱՀ-ն: Եվ միակ փոփոխությունն այն է լինելու, որ ԱԱՀ-ն վճարվելու է ոչ թե մաքսային մարմիններին, այլ` հարկային` մինչեւ ներմուծման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը:
Կարդացեք նաև
Գազի գնի վերաբերյալ էլ սպառողներին հայտնել են, որ գազի գինը չի նվազի, քանի որ մինչ ԵՏՄ-ն է այն որոշվել, որն ամրագրված է համաձայնագրով:
Իսկ մաքսային ձեւակերպումների ոլորտում սպասվող փոփոխությունների առնչությամբ նշված է, որ ԵՏՄ եւ Հայաստանի միջեւ սահմանի բացակայությամբ պայմանավորված` ԵՏՄ անդամ այլ երկրներից մեր երկիր ներմուծվող եւ այդ երկրներ արտահանվող ապրանքները ԵՏՄ անդամ երկրներում կամ Հայաստանում ձեւակերպվելու են տարանցիկ ընթացակարգով եւ տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան վերոնշյալ ապրանքները պահպանելու են ԵՏՄ ապրանքների կարգավիճակը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ