Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց «Բանդա 2-ի գործով» ամբաստանյալներից մեկի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը՝ վերադարձնել առգրավված համակարգիչն ու այլ իրեր, որոնք նախաքննության մարմնի կողմից իրեղեն ապացույց չեն ճանաչվել:
Ռաֆայել Հարոյանի եւ տասներկու ամբաստանյալների պաշտպանները չառարկեցին, չառարկեց նաեւ մեղադրանքի կողմը:
Սակայն դատավորը խորհրդակցական սենյակից քսան րոպե հետո դուրս գալով՝ մերժեց միջնորդությունն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Այսօր դատարան չէին ներկայացել մի շարք վկաներ, որոնց հետ կապված հանձնարարական տրվեց ոստիկանության բաժիններին, իսկ մեկի նկատմամբ բերման որոշում կայացրեց դատարանը:
Կարդացեք նաև
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտչյանը չորս ամբաստանյալների հետ կապված հանդես էր եկել քաղհայցով, դատարանը նրան ճանաչեց քաղհայցվոր, իսկ ամբաստանյալներին՝ պատասխանող:
Չնայած Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, թե հայցը դատավարական նորմերի խախտմամբ է ընդունվել վարույթ, սակայն դատարանը հանգեց նրան, որ «առերեւույթ բովանդակում է հայցադիմումում առկա վավերապայմանները»:
Բանդայի պարագլուխ համարվող Ռաֆայել Հարոյանը մեղադրվում է այն բանում, որ Երևանում գտնվող կազմակերպությունների՝ տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով ստեղծել և անձամբ ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ բանդա:
2012 թվականի սեպտեմբերին նա բանդայի կազմում ընդգրկել է Տիգրան Հովհաննիսյանին, Հայկ Կոջոյանին ու Կարեն Վարդանյանին։ Ըստ մեղադրանքի կողմի, բանդայի անդամները, ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12 մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկավաղ հրացան, 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել իրենց հարձակումներն իրականացնելու վայրեր։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 20-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ