Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այժմ քննարկվում է Գյումրիում ընտանիքի 6 անդամի սպանության և մեկ անդամին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով կասկածվող ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պավլովիչ Պերմյակովի հայկական կողմին հանձնել չհանձնելու հարցը:
Aravot.am-ը ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական` ԶԼՄ-ների հետ համագործակցության հարցերով Քրիստինե Մելքոնյանից հետաքրքրվեց` ի վերջո ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նա նշեց, թե չի ցանկանում բանավոր պարզաբանումներ ներկայացնել, քանի որ ՀՀ գլխավոր դատախազությունը քիչ անց հանդես կգա հայտարարությամբ:
Ըստ ՀՀ օրենսդրության՝ ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով: Միևնույն ժամանակ, ՌԴ քրեական օրենսգրքի համաձայն՝ՌԴ-ի՝ օտարերկրյա պետությունում տեղաբաշխված զինծառայողները օտարերկրյա պետությունում կատարած հանցանքի համար ենթակա են քրեական պատասխանատվության ՌԴ քրեական օրենսգրքով, եթե ՌԴ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Սակայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գործող «ՀՀ-ի տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն` ռուսական ռազմաբազայի անդամների կողմից կատարված հանցագործությունների դեպքում գործում է ՀՀ օրենսդրությունը և աշխատում են ՀՀ իրավասու մարմինները։
Կարդացեք նաև
Մինչդեռ «Վեստի» հեռուստաալիքը տեղեկություն է տարածել, որ Պերմյակովի գործը հետաքննելու է ՌԴ Պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովը, որի անդամները փոխնախարար Արկադի Բախինի գլխավորությամբ մեկնել են Գյումրի։
Aravot.am-ը իրավապաշտպան Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց` համաձայն օրենսդրության ո՞ր երկրի իրավապահները պետք է քննեն Պերմյակովի գործը: Նա նշեց, թե այստեղ երկու կարծիք լինել չի կարող. «Կարծում եմ իմ իրավունքն է դա ասել, որ գործը ՀՀ իրավապահ մարմինների կողմից պիտի քննվի: Այդ համաձայնագիրը այդ մասով համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը և իրավունքին: ՀՀ տարածքում դա պիտի քննվի, ՀՀ պարտականությունների հետ է կապված դա, ՌԴ-ն այստեղ իրավազորություն չունի»:Մեր այն դիտարկմանը, թե մյուս կողմից պնդում են, որ ռուս սահմանապահներն են բռնել Պերմյակովին ՌԴ օրենսդրությամբ էլ գործը պիտի քննվի, պարոն Զեյնալյանն այսպես արձագանքեց. «Բռնել են ռուս սահմանապահները, պիտի տան ՀՀ իրավապահ մարմիններին: Պահանջում եմ Պերմյակովին անհապաղ տրամադրել ՀՀ իրավապահ մարմիններին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ