Այսօր «Հենարան» ակումբում «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն Հ/Կ անդամ ազատամարտիկները ասուլիս էին հրավիրել՝ Ադրբեջանի կողմից վերջին 11 օրերին իրականացված թվով 5 դիվերսիոն գործողությունների մասին իրենց գնահատականները ներկայացնելու:
Նրանք վստահեցնում էին, որ Ալիեւը զղջալու է, եթե այսպես շարունակի:
Հ/Կ փոխնախագահ, ազատամարտիկ Արագած Մկրտչյանի խոսքերով՝ ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունները իրենց անդաստիարակության արդյունքն են. «Դրանք ոչ մեր ունեն, ոչ ծնող ունեն: Ալիեւը նախ իրեն պետք է զգա Ադրբեջանի առաջնորդ, ոչ թե խանգարող, ոչ թե երեխեքին սրի ու խմբերին ուղարկի: Իր երկրում էլ տեսնում ենք, որ անկարգությունները շատ են, նույնն էլ սահմանում ենք մենք տեսնում: Եթե պատերազմ կսկսի, թող սկսի, բայց կավարտենք իրենց հողի մեջ՝ իրենց Բաքվի սահմաններում»:
Յուրա Միքայելյանն էլ լրացրեց ընկերոջը՝ «Ադրբեջանը կդառնա երրորդ հայկական պետությունը, մենք վախենալու բան չունենք»:
Կարդացեք նաև
Ազատամարտիկ Մարտին Մուրադյանի՝ «Քեռու» խոսքերով՝ լիարժեք պատասխան է պետք տալ թուրքերին, որ սսկվեն: Թե որն է այդ լիարժեք պատասխանը՝ նա պատասխանեց. «Մեկին՝ տաս»:
Ըստ նրանց, Բաքուն էլի հայն է սարքել, այնպես որ, բոլորը մեր հողերն են:
Aravot.am-ի հարցին, որ նման արյունարբու հայտարարությունները, որ Բաքուն արյան ծով կդարձնենք, ո՞ւր են տանում եւ ինչքանո՞վ են նպաստելու բանակցային գործընթացին՝ Յուրա Միքայելյանը պատասխանեց, որ դա պատասխանն է ադրբեջանցիների հայտարարություններին. «Եթե ուզում ես պատերազմ, մեր հայի հոգին այնքան բարձր է, այնքան հզոր տղերք են կանգնած մեր սահմանի վրա, մենք այդ պահով ենք ասում, որ ընկեր Ալիեւ, մի հրահրի պատերազմ, եթե սկսեցիր, ոչ թե զենք առ, այլ քո ժողովրդին լողալ սովորեցրու, որ Կասպից ծովը լողան փախնեն»:
Մեր հարցին՝ ադրբեջանցիները հայտարարություն են տարածել, որ խրամատներում անտանելի պայմաններում սառած հայ զինվորի աչքին ամենուրեք ադրբեջանցի դիվերսանտներ են երեւում, ինչպե՞ս կմեկնաբանեք սա՝ ազատամարտիկ Արամայիս Քոսակյանը պատասխանեց. «Իրենց զինվորները իրենց երազներում անընդհատ տեսնում են իրենց դագաղի մեջ, իրենք շատ են վախենում: Մեր տղաները չեն վախենում: Մենք հաղթող ենք: Իսկ պայմաններից մի հատ զինվոր չկա, որ բողոքի»:
Ազատամարտիկները կոչ արեցին իրենց ընկերներին, որ այսօր միասնական լինեն, ոչ թե ամեն մեկն առանձին բանակ ու ջոկատ ստեղծի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարում՝ աջից՝ Արագած Մկրտչյանն է, մեջտեղում՝ «Քեռին»՝ Մարտին Մուրադյանը, ձախ կողմում՝ Յուրա Միքայելյանն է:
Միանշանակ պարոնայք: Այո,միասնական է հայը հզոր, հաղթելու ենք: