«Գյումրիում ընտանիքի 6 անդամի սպանության և մեկ անդամին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով կասկածվող ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պավլովիչ Պերմյակովը գտնվում է ռուսական զորամասում»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը:
Նա մանրամասնեց. «Նրա հետ կատարվում են համատեղ քննչական գործողություներ, Գյումրիում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը, որը ներկա է գտնվել Պերմյակովի հարցաքննությանը»:
Մեր հարցին` Պերմյակովը ընդունե՞լ է մեղքը, Սոնա Տռուզյանը պատասխանեց. «Նա տվել է ցուցմունքներ, պատմել, թե ինչ է տեղի ունեցել զորամասի տարածքը լքելուց հետո: Այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն»:
Հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է կատարվելու գործի քննությունը` Պերմյակովը հանձնվելո՞ւ է հայկական կողմին, Սոնա Տռուզյանը հորդորեց դիմել ՀՀ Գլխավոր դատախազություն ու ասաց. «Գլխավոր դատախազությունը բանակցում է ռուսական կողմի հետ Պերմյակովին հանձնման շուրջ»:
Կարդացեք նաև
ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական` ԶԼՄ-ների հետ համագործակցության հարցերով Քրիստինե Մելքոնյանի հետ կապ հաստատել դեռ չհաջողվեց` պարզելու, թե ի վերջո ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Տեղեկությունների ստացման դեպքում կհաղորդենք առաջիկայում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ