ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մամուլի հաղորդագրություն տեղադրեց Ֆեյսբուքի իր էջում՝ «Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է» վերնագրով։ «Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է շրջանառվում, թե այս օրերին Հայաստան են գալիս, այսպես կոչված, «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ։ Տեղեկատվությանը նաեւ հասարակական հնչեղություն է տրվում՝ որպես մեղադրանք ներկայացվելով իրավապահ մարմիններին։ Մեղադրողները, սակայն, չիմացությամբ թե գիտակցաբար, գլխիվայր շրջում են իրողությունները։ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին հազարավոր մարդիկ են այցելում Հայաստան, որը բաց երկիր է, եւ որտեղ օրենսդրորեն պաշտպանված է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը։ Եվ եթե Հայաստանի հյուրը հետախուզման մեջ չէ կամ քրեորեն հետապնդելի արարք չի կատարել արդեն մեր երկրում, օգտվում է օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր իրավունքներից»։
Հայաստանի ոստիկանությունը, որը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքերով, հագուստից սկսած թարմացել է ու նոր գաղափարներով է աշխատում, եւ Հայաստանի քաղաքացին ամենաապահովն է աշխարհի բոլոր քաղաքացիներից, պարզվում է, ձեւ է տալիս, թե ոչինչ էլ չի կատարվել։
Իհարկե, Հայաստանը բաց է, բայց ժամանողները Գառնի-Գեղարդ եկող զբոսաշրջիկ չեն, ու այդ բոլորի՝ մեկ վայրում հավաքվելն արդեն իրադարձություն է՝ իր մեջ վտանգներ պարունակող իրադարձություն։ Եվ արդեն մտավախություններ կան, որ այսուհետ Հայաստանում կարող են տեղի ունենալ նման հավաքներ, քանի որ այստեղ բավականին ապահով է, «օրենքով գողերն» էլ պարզապես զբոսաշրջիկներ են։
Ոստիկանությունն արագությամբ փշալարեր ու հատուկ միջոցներ է կիրառում, երբ իրար գլխի են հավաքվում մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ։ Երբ 30 քաղաքացի պետք է կառավարության դիմաց հավաքվի, ոստիկաններն անմիջապես պատ են կազմում, բայց արի ու տես, որ 100 օրենքով գողը ոչ մի վտանգ չի ներկայացնում։
Կարդացեք նաև
Սա ուշագրավ հայտարարություն է եւ լիովին բացահայտում է մեր քաղաքական, պետական, իրավական, պաշտոնական, օրենսդիր ու գողական համակարգի միաձուլված լինելը:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում