Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կատարված ոճրագործության պատճառը ռուսական ռազմաբազայում տիրող ամենաթողությո՞ւնն է

Հունվար 13,2015 12:30

Երեկ, գիշերվա կեսին, Գյումրիում տեղի ունեցած ոճիրը ամենատարբեր գնահատականների արժանացավ այս քաղաքի բնակչության կողմից: Չնայած հանցագործության մեջ կասկածվող ու փախուստի մեջ գտնվող 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին դեռ պաշտոնապես մեղադրանք առաջադրված չէ, հայտնի չէ անգամ՝ նա՞ է գործել ոճիրը, թե՞ նրա զենքով մեկ ուրիշը, սակայն բանը հասել է նրան, որ երբեմնի ռուսական ավանդույթներ ունեցող այս քաղաքում քննադատում են ռուսներին, ասելով՝ այսպե՞ս եք պաշտպանում հայերի անվտանգությունը: Թե ի՞նչը կարող էր դառնալ 6 հոգու սպանության պատճառ՝ դեռ հայտնի չէ: Ավետիսյանների հարեւանների պատմելով՝ նրանք խելոք, համեստ, սուղ միջոցներով, երբեմն պարտքերով ապրող մարդիկ էին. հայրն ու ամուսնացած տղան գնում էին խոպան՝ ընտանիքի հացը վաստակելու: Հնչում են անգամ կասկածներ այն մասին, որ ռուս զինվորականը կատարել է թշնամի երկրի պատվերը:

«Առավոտ»-ը այս թեմայով զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, որի գնահատմամբ՝ ռուսները բացարձակապես ոչինչ չեն անում հայերի անվտանգությունը պաշտպանելու համար: «Տարօրինակ զուգադիպություն էր. երեկ ադրբեջանցիները գնդակոծում էին Տավուշի մարզը, դա Արցախը չէ, դա Հայաստանի Հանրապետության տարածք է, եւ ըստ 2010 թվականին Սերժ Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդեւի ստորագրած համաձայնության՝ ՌԴ-ն պարտավորվում է ոչ միայն պաշտպանել հայ-թուրքական, հայ-իրանական, այլեւ հայ-վրացական ու հայ-ադրբեջանական սահմանների անվտանգությունը: Հետաքրքիրն այն է , որ մինչեւ այս պահի դրությամբ Պուտինի ստեղծած ՀԱՊԿ-ը չի արձագանքել այս դեպքերին, եւ էսօր մենք ստացանք պատասխան Ռուսաստանի կողմից՝ ի դեպս Պերմյակովի, որը փոքր Գյումրիում տան վրա է հարձակվում, անգամ նորածին երեխային չի խնայում»,- ասում է Գագիկ Համբարյանը: Ըստ քաղաքագետի՝ այս ամենը ռուսական բանակում տիրող խայտառակ մթնոլորտի պատկերն է, քանի որ ռուսները ում ուզում՝ բերում են Հայաստան: «Ես վաղուց տեղեկություններ ունեի, որ ռուսական ռազմաբազայում ծառայողների մեծ մասը շատ աղքատ, դժվար ընտանիքներից դուրս եկած երիտասարդներ են, որոնց Ռուսաստանը աքսորի նման ուղարկում է էստեղ: Մեր իշխանությունները վաղուց պիտի այս մասին մտածեին, ու հուսով եմ, որ այս դեպքից հետո նրանք պահանջատեր կլինեն, որպեսզի ՀՀ-ում ծառայողները նորմալ ընտանիքներից դուրս եկած լինեն»,- ասում է Գագիկ Համբարյանը:

Ըստ նրա՝ ցավն այն է, որ Հայաստանում հանցագործություն կատարած ռուս զինծառայողները միշտ անպատիժ են մնում ու գործն այնպես են կոծկում, որ հայերն այդպես էլ չեն իմանում, թե ինչ եղավ հետո: Գագիկ Համբարյանը որպես օրինակ մեջբերում է Գյումրիում 1999 թվականին գրանցված դաժան մարդասպանությունը, երբ երկու թե երեք ռուս զինվորականներ՝ հարբած վիճակում, քաղաքի կենտրոնում անկանոն կրակ էին բացել: Արդյունքում 1 մարդ զոհվել է, 7-ը՝ ծանր վիրավորվել, եւ այդ գործը 102-րդ ռազմաբազայի ղեկավարության ջանքերով կոծկվել է: Ըստ քաղաքագետի՝ գյումրեցիներն այդպես էլ չեն իմացել, թե ինչ պատիժ նախատեսեցին իրենց վրա հարձակվողներին: Գագիկ Համբարյանը հիշում է նաեւ ոչ վաղ անցյալում Վահրամաբերդ գյուղում տեղի ունեցած դեպքը, երբ ականի պայթյունից անմեղ երեխաներ զոհվեցին: «Բացարձակ անպատիժ մնացին, կարծես արտոնյալ են, շատ դեպքերում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե իրենք են մեզ մոտ հյուր, այլ մենք ենք իրենց մոտ հյուր: Հետաքրքիր է՝ այս դեպքում Հայաստանի իշխանությունները ինչպե՞ս պիտի վերաբերվեն ռուս մարդասպանին , երբ Ռուսաստանի իշխանությունները միտումնավոր խայտառակեցին, խալաթ հագցրին ու նվաստացրին ոչ միտումնավոր հանցանք գործած Հրաչյա Հարությունյանին»,- հարցնում է քաղաքագետը:

Ի դեպ, գյումրեցիները վրդովված են նաեւ ոստիկանության աշխատանքից. վերջիններս զայրանում են, որ դաժան հանցագործությունից մեկ օր անց անգամ հանցագործը ազատության մեջ է եւ սպառնալիք է ներկայացնում քաղաքի անմեղ բնակչության համար:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Երեկ կեսգիշերն անց հայտնի դարձավ, որ Թուրքիայի սահմանը հատելիս բռնել են հանցագործության մեջ կասկածվողին: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ տեղեկացրեց, որ նրան բռնել են ռուս սահմանապահները ու բանավոր նշել, որ հենց այդ որոնվող զինծառայողն է:

«Առավոտ» օրաթերթ
13.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սեւակ says:

    «Ես վաղուց տեղեկություններ ունեի, որ ռուսական ռազմաբազայում ծառայողների մեծ մասը շատ աղքատ, դժվար ընտանիքներից դուրս եկած երիտասարդներ են, որոնց Ռուսաստանը աքսորի նման ուղարկում է էստեղ»… Հարգելի պարոն քաղաքագետ գ. ՀՄաբարյան, միթե՞ դուք իսկապես կարծում եք, որ նմանատիպ դաժանութեան հիմք կարող է հանդիսանալ մարդու աղքատ լինելը եւ դժվար կյանքով ապրելը… եթե այդպես է, բերեք մեր շուրջ բոլոր ապրող մարդկանց, որոնց ճնշող մեծամասնությոանը որը ի դեպ, տեղեկացնեմ Ձեզ՝ աղքատ է, միանգամից, որպես պոտենցիալ հանցագործների՝ մեկուսացնենք հասարակությունից, եւ ազատ ապրելու նարավորություն տանք միայն հարուստ, բարեկեցիկ, ուրախ եւ երջանիկ ապրող մարդկանց.
    Հ Գ
    Խորհուրդ կտամ խոսելուց կամ գրելուց առաջ մի փոքր մտածեք թե ինչ եք ասում, նոր ասեք:

  2. Սեւակ says:

    «Ես վաղուց տեղեկություններ ունեի, որ ռուսական ռազմաբազայում ծառայողների մեծ մասը շատ աղքատ, դժվար ընտանիքներից դուրս եկած երիտասարդներ են, որոնց Ռուսաստանը աքսորի նման ուղարկում է էստեղ: Մեր իշխանությունները վաղուց պիտի այս մասին մտածեին, ու հուսով եմ, որ այս դեպքից հետո նրանք պահանջատեր կլինեն, որպեսզի ՀՀ-ում ծառայողները նորմալ ընտանիքներից դուրս եկած լինեն»,- ասում է Գագիկ Համբարյանը:

    ՆՈՐՄԱԼ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ… որ ախքատ չլինեն էլի… հենց որ աղքատ եղան էլի դեպքերը կկրկնվեն…

    Մի տեսակ տարօրինակ մտածելակերպ է: հետաքրքիր ա Իսկ այս քաղաքագետը չի՞ վախենում ՀՀ տարածքով ազատ ման գա… լիքը աղքատ եւ իրա բաեորով ԱՆՆՈՐՄԱԼ ընտանիքների զավակներ ունենք ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ…

  3. Դավթյան says:

    Շատ ուղիղ իմաստով մի հասկացի հարգելի Սևակ:Ռսի աղքատը քո աղքատից շատ է տարբերվում:

  4. Ղուրբան says:

    ՍԵՎԱԿ ԲԱՅՑ ԴՈՒ ՉԻԴԵՍ ՕՐ ՔՈՒ ՔԱՂԿԻՏ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԴԻՍԲԱՏԻՑ ԵՆ?ԹԵ ՉԻԴԵՍ ԻՄԱԾԻ:ՌՈՒՍԸ ԻՐԱ ԼԱՎ ՍԱԼԴԱՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ՂՐԿԵ:ԷԴ ՄԱՐԴԸ ՇԱՏ ՃԻՇՏ ԷԼ ԸՍԵԼ Է ՈՐ ԸԴՈՆՔ ՎԱՏ ԸՆԴԱՆԻԿԻ ՏՂԵՔ ԵՆ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031