Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյան. «Հոգեգարը կարող է թաքնվել է քաղաքում, կամ անցել Վրաստան»

Հունվար 12,2015 20:26

«Գյումրիում այս պահին ոչ թե խուճապ կա, այլ զայրույթ ու ջղայնություն բարդակի հետ կապված»,-Aravot.am-ի հարցին ի՞նչ տրամադրություններ են տիրում Գյումրիում, այսպես պատասխանեց  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Որոշ անձինք սոցցանցերում գրառումներ են կատարում, որ Գյումրիում բնակվող իրենց ծանոթների փոխանցմամբ` հունվարի 2-ի դրությամբ Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները դարձել էին տեր ու տիրական, «հաբռգած» էին նաև նրանց ընտանիքի անդամները, իսկ եթե տեղի բնակչության հետ մի խնդիր ունենում էին, միանգամից վազում էին հյուպատոսի մոտ, դրա համար գյումրեցիները հաճախ գլուխ չէին դնում։ Լևոն Բարսեղյանը այս առիթով ասաց.

«Վերջին շրջանում չէ դա, այլ պարբերաբար է լինում. 1999-ի ապրիլի 14-ին է եղել. երկու հոգի ռուսական  զորամասից հարբած, զենքերով դուրս եկան Գյումրի երկու հոգու գնդակահարեցին, 14 հոգու վիրավորեցին: Իբր դատ արեցին, բայց նրանց հետո ուղարկեցին իրենց երկիր: Երկու տարի առաջ այն երկու երեխան պայթեցին ռուսական պոլիգոնում, բայց մինչև այժմ դատված կամ մեղադրյալ չկա: Այսինքն` սա տեղիք է տալիս մտածելու, որ մեղավորները իրենց արժանի պատիժ չեն կրել»:

Պարոն Բարսեղյանն ասաց, թե պոլիգոնում պայթած երկու երեխաների դեպքն էլ փակվել է նրանով, որ ընտանիքին ռազմաբազան ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, բայց մինչև այժմ պատասխանատվություն կրող չի եղել:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բոլոր ճանապարհները հսկվում են, սակայն Լևոն Բարսեղյանը տեղեկություններ ունի, որ ոչ բոլոր մեքենաներն են ստուգվում: Մեր հարցին` այստեղ միտո՞ւմ փնտրել, պարոն Բարսեղյանն արձագանքեց. «Ես նման ահազանգ ստացա: Հատուկ միտում չեմ տեսնում, բայց  թափթփվածություն եմ տեսնում»:

Մեր այն հարցին` արդյոք այս ողբերգությունը հակառուսական կոչերի վերածելը ընդունելի երևո՞ւյթ է, պարոն Բարսեղյանը արձագանքեց. «Ահագին բարդ է. հակառուսականությունը մի բան է, հակակայսերականությունը` այլ, ռազմական բազան կարգին պահելու պահանջը` այլ: Համարում եմ, որ ազգությունն ու էթնոսն այս դեպքում կապ չունեն: Մարդասպաններ բոլոր էթնոսներն էլ տվել են, բայց որ ակնհայտորեն այլանդակ դրություն է ռուսական ռազմաբազայում, և ՀՀ իշխանությունները որևէ ազդեցություն չունեն այդ այլանդակությունները վերացնելու վրա, սա ակնհայտ է: Վերջապես կարգուկանոն պիտի լինի. Հասկացանք` շատ տեղերում, երկրներում կան բազաներ, բայց այս տեսակ այլանդակություն, խոզություն, խայտառակություն»:

Պարոն Բարսեղյանն ասաց, որ առայժմ չունի տեղեկություններ, թե  որն էր այս ողբերգությունը գործելու պատճառը: Նա նշեց, որ ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը դեպքի վայրում էր, բայց որևէ հատուկ կեցվածք չի դրսևորել: Գնահատական տալով կատարվածին` պարոն Բարսեղյանն ասաց. «Անմարդկային բան է եղել, դա ոչ մի բացատրություն չունի, հոգեգարի արած բան է»:

Մեր հարցին` այդ դեպքում անպատասխան է մնում այն հարցը, թե այդ հոգեգարն ի՞նչ  գործ ուներ ռազմաբազայում, Լևոն Բարսեղյանը պատասխանեց. «Իհարկե, ի՞նչ գործ ուներ, ո՞նց էր հայտնվել ռազմաբազայում, ինչպե՞ս էր կարողացել այնտեղից զենք վերցնել ու դուրս գալ: Դա իրենց զորամասի թափթփվածության հետևանք է: Հանկարծ, եթե պարզվի, որ զորամասը թողած է եղել ավելի վաղ, քան սպանությունն է եղել, լրիվ ուրիշ խոսակցություններ են լինելու: Ժամանակագրությունը կարևոր է, եթե երեկոյան է փախել, ապա այդ կենդանին շրջել է ողջ գիշեր քաղաքում և քաղաքն այդ մասին չի իմացել»:

Անդրադառնալով Ավետիսյանների ընտանիքին` պարոն Բարսեղյանը նշեց, թե նրանք հասարակ ընտանիք էին, ամուսինը արտագնա աշխատանքի էր մեկնել, հարևաններից հարցուփորձ են արել և պարզել, որ որևէ առնչություն որևէ քրեական գործի կամ այլ միջադեպի հետ չեն ունեցել:  Մեկ բակում երկու ընտանիքով են ապրել: Մեր այն հարցին` շատերը մտածում են` արդյոք Գյումրիում այդ մոլագարին հայտնաբերելը այդքան բա՞րդ բան է, պարոն Բարսեղյանը պատասխանեց. «Եթե քաղաքը լավ իմանա, կերպարանափոխված լինի, իսկապես դժվար է: Դեպը տեղի է ունեցել 6.30-ի կողմերը, իսկ դեպքի մասին իմացել են ժամը 10-ի կողմերը:

Փաստորեն նա  երեք ժամ ժամանակ է ունեցել: Ուստի կարող է Վրաստան անցած լինել, թաքնվել քաղաքում: Մեր ոստիկանությունից ֆրանսիական ոստիկանության աշխատանքը չենք կարող ակնկալել, բայց փորձառու ոստիկաններ քրեագետներ ունենք: Քաղաքում մի քանի անգամ տեսանք տարբեր մեքենաների սրընթաց վազք, հաղորդեցին, որ կամրջի մոտ են տեսել, բայց  չգտան, չտեսան: Հարց է նաև այն, թե ինքը մեկ ավտոմատով է եկել այդ տուն, թե այլ զենք էլ է ունեցել: Այս առումով ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը պիտի կապ հաստատի իրավապահների հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031