Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկներն իրենց մասնագիտական պարտքը հերոսաբար են կատարել

Հունվար 12,2015 16:47

Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի բնակչուհի, Վաղարշապատ քաղաքում ամուսնացած Պայծառ Գասպարյանի երկունքի վաղաժամ ցավերի մասին Վարդենիսի ԲԿ-ի բժիշկներն տեղեկացել են հունվարի 10-ին, երբ սուր շնչառական վարակով երկու երեխայի (4 տարեկան և 8 ամսական)  համար նույն համայնք բժշկական օգնության էին շտապում։

Վարդենիսի ԲԿ շտապբուժօգնության բժիշկներ Սուսաննա Մակարյանը և Արթուր Ղազարյանը լեռնային գյուղ են ուղևորվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական  ջոկատի ուղեկցությամբ։ Սակայն Մաքենիս գյուղից հետո անգամ բարձր անցողականությամբ փրկարարական ավտոմեքենան չի կարողացել հաղթահարել  ձյունածածկ ճանապարհը։ Բժիշկները ստիպված են եղել մոտ 4կմ ճանապարհահատվածն անցնել ոտքով։ Ընտանեկան բժիշկ Սուսաննա Մակարյանի խոսքով, փրկարարների և արցախյան գոյապայքարի բովով անցած, մանկաբույժ, անեսթեզիոլոգ Արթուր Ղազարյանի ուղեկցությամբ այն հաղթահարելն այնքան էլ մեծ դժվարություն չի եղել։ Բժիշկների հիմնական անհանգստությունը գյուղից անընդմեջ ստացվող ահազանգերն էին, որ ամանորյա տոներին ծնողներին հյուրընկալվող երիտասարդ կինն ուր որ է կծննդաբերի։

Գյուղ հասնելուն պես ընտանեկան բժիշկ Սուսաննա Մակարյանին ուղեկցել են Պայծառ Գասպարյանի մոտ։ Մինչ, Արթուր Ղազարյանը տնետուն այցելելով բժշկական օգնություն է ցուցաբերել սուր շնչառական խնդիրներ ունեցող երեխաներին, Սուսաննա Մակարյանը,  ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծի միջոցով  մշտական հեռախոսակապի մեջ գտնվելով Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևի հետ, կարողացել է ճիշտ գնահատել սուր շնչառական խնդիրներ ունեցող հղի կնոջ վիճակը և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել։   Այնուհետև Վարդենիսի ԲԿ-ի տնօրեն Վարդան Կարապետյանը կազմակերպել է մանկաբարձ-գինեկոլոգ Սամվել Ղուռուշտանյանի այցը գյուղ:  Տեղում կատարված բուժզննությամբ անհրաժեշտություն է առաջացել հղիին տեղափոխել Վարդենիսի ԲԿ: Կնոջն Ախպրաձորից մինչև Մաքենիսում սպասող շտապբուժօգնության մեքենայի հասցնելը հնարավոր չէր լինի առանց փրկարարների և գյուղի երիտասարդների օգնության։ Նրանք բահերով մաքրել են տրակտորի ճանապարհը փակող ձյունը։

Վարդենիսի ԲԿ-ից նախարարության մասնագետները կազմակերպել են հղի կնոջ տեղափոխումը Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ։ Այժմ նա ստանում է անհրաժեշտ բուժում։

Տեղեկացնենք, որ արտակարգ իրավիճակում ցուցաբերված բժշկական օգնությունն իրականացվել է  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական հսկողությամբ։ Միաժամանակ, նրա հանձնարարությամբ մարզպետարանների առողջապահության վարչության ղեկավարները հաշվառում են 35 և ավելի շաբաթական հղիներին, որոնք բնակվում են այնպիսի համայնքներում, որոնց ճանապարհներն առաջիկա 2 ամսվա ընթացքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հնարավոր է անանցանելի դառնան։

Ինչ վերաբերում է էլեկտրոնային լրատվամիջոցներում օրերս տեղ գտած այն տեղեկատվությանը, թե Ախպրաձորում 15 երեխայի մոտ սուր շնչառական վարակ է արձանագրվել, տեղեկացնում ենք, որ դա այս սեզոնի համար օրինաչափ է։ Այժմ նրանցից 12-ն արդեն առողջ է և որևէ բուժման անհրաժեշտություն չունի։ Երկուսն ստանում է հիվանդանոցային (մեկը` մեծահասակ),  իսկ մեկ երեխա` ամբուլատոր բուժում։ Հսկողությունը շարունակվում է։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031