Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում «խոպանային կիսաարտագաղթը» կնվազի

Հունվար 12,2015 16:27

«Հայաստանի ժամանակավոր, սեզոնային միգրացիայի վրա ազդեցություն անշուշտ ունի ՌԴ տնտեսական կազմալուծումը»,-Aravot.am-ի հարցին՝ Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության խստացումներն ինչպե՞ս կարող են անդրադառնալ Հայաստանից միգրացիայի վրա, այսպես պատասխանեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նշենք, որ համաձայն խստացումների` Ռուսաստան մուտք գործելու արգելք է սահմանվում այն օտարերկրացիների նկատմամբ, որոնք կխախտեն օրինական կեցության ժամկետը։ Մասնավորապես նրանք, ովքեր Ռուսաստանում կմնան սահմանված ժամկետից 120 օր ավելի՝ 3 տարով կզրկվեն այդ երկիր մուտք գործելու իրավունքից, 270 օր անօրինական մնալու դեպքում՝ արգելքը 5 տարի է, ավելի քան 360 օրվա դեպքում՝ 10 տարի։ Ըստ օրենքի` առանց վիզայի Ռուսաստան մուտք գործած օտարերկրացիները կարող են մնալ այդ երկրում 180 օրվա ընթացքում ոչ ավելի, քան 90 օր։

Hranush_Xaratyan

Տիկին Խառատյանը նշեց, թե այժմ էլ արդեն Հայաստանում նկատվում է այս խստացումների արտացոլումը: Մասնավորապես նա ասաց, թե իրեն հայտնի են անձինք, որոնք դեռ սպասում են. չգիտեն` կարո՞ղ են գնալ աշխատել, թե` ոչ, կրկին արտերկրում, բայց ոչ Ռուսաստանում աշխատանք են փնտրում:

Տիկին Խառատյանն ասաց. «Այս տարի ՀՀ-ում խոպանային կիսաարտագաղթը զգալի չափով կփոխվի»: Մեր հստակեցմանը` փաստորեն ՀՀ-ից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը կնվազի՞, տիկին Խառատյանն այսպես արձագանքեց. «Այո, կնվազի: Հիմա կոնկրետ մարդկանց գիտեմ, որ աշխատելու հնարավորություններ են փնտրում արտերկրում` այլ երկրներում: Պատկերն ավելի տեսանելի կլինի փետրվար- մարտ ամիսներին` արտագնա աշխատանքի մեկնելու սեզոնին, երբ աշխատանքների մեկնելու ժամանակն է: Ուստի ինչքան հասկանում և տեսնում եմ դեռևս մեծ և զգալի ծրագրեր չկան ՀՀ-ի սովորական արտագաղթողների դեպքում»:

Տիկին Խառատյանը վստահ չէ, թե նոր օրենքը տարածվում է ԵՏՄ երկրների ժողովուրդների վրա, բայց որքան գիտի` ԵՏՄ տարածքում կարող են աշխատանքային նորմալ պայմանագրեր կնքել: Ըստ տիկին Խառատյանի` եթե դա այդպես է, ապա այդ օրենքը չէ, որ պետք է ազդի արտագաղթի տրամաբանության վրա: Բայց մյուս կողմից ՀՀ-ից արտագաղթածների զգալի մասը աշխատում էր Ռուսաստանում` առանց աշխատանքային պայմանագրերի:

Հրանուշ Խառատյանի կարծիքով` ՌԴ-ում տնտեսական վիճակն առավել մեծ ազդեցություն ունի Հայաստանից միգրացիայի վրա, քան միգրացիոն նոր օրենսդրությունը:

Մեր դիտարկմանը, այս փոփոխություններից ելնելով և ՀՀ-ից արտագնա աշխատանքի մեկնողների թվի կրճատման արդյունքում հնարավո՞ր է ՀՀ-ում կենսամակարդակի անկում և աղքատության ցուցանիշների աճ գրանցվի, տիկին Խառատյանը պատասխանեց. «Ոչ միայն առանձին ընտանիքների կենսամակարդակի վրա կազդի, այլև ընդհանուր համախառն ներքին արդյունքի վրա: ՀՀ բնակչության ամենաքիչը ½-ը ՌԴ-ից բերված գումարներով է ՀՀ-ում առևտուր անում, ծառայություններից օգտվում, ուստի կնվազի առևտուրը, կպակասեն ծառայություններից օգտվելու հնարավորությունները, քանի որ մենք արտադրող երկիր չենք, այլ առևտրային: ՀՀ-ում առանց այն էլ այս տխուր ու ցածր կենսամակարդակը կարող է շատ տեղերում անհուսալիորեն հավասարվել զրոյի»:

Դառնալով աղքատության ցուցանիշներին` տիկին Խառատյանը նշեց, թե ՀՀ-ում աղքատությունը շատ ավելի խոր ու ծավալային է, քան դրանք պաշտոնապես ներկայացվում են: Կանխատեսումներ անելով` նա ասաց. «Փաստացի աղքատների վիճակն ավելի կվատանա. աղքատները կընկնեն ծայրահեղ աղքատների մեջ, միջին կամ ոչ աղքատները կընկնեն աղքատների խմբի մեջ»:

Հարցին` ՌԴ միգրացիոն խստացումներն ունեն նաև քաղաքակա՞ն նպատակադրումներ, տիկին Խառատյանը դժվարացավ հստակ գնահատական տալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ն այժմ ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031