Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ ՀԱԿ-ն է իրենց միամիտի տեղ դնում, կամ սա մի խաղ է, որը ձեռնտու է դարձել բոլորին». Ստյոպա Սաֆարյան

Հունվար 12,2015 15:51

«ԵՏՄ մտնելով չի լուծվել տրանզիտ մաքսային ձեւակերպումների խնդիրը: Չափազանց մեծ անորոշություններ կան ՀՀ տնտեսության համար: Ըստ էության, այդ միությունը ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում ոչ մի դրական բան չունի տալու ՀՀ տնտեսությանը: Այդ միությանը ՀՀ անդամակցությունը չի բարձրացրել ՀՀ անվտանգությունը ռազմաքաղաքական եւ այլ առումներով: Սպասումները ԵՏՄ-ից նույնքան մեծ անորոշություններ են պարունակում, որքան ունեինք, 2014-ին: Այն խնդիրները, որոնք պիտի լուծվեին ՀՀ անդամակցության համար, այդ խնդիրները չեն լուծվել, հետեւաբար մեղմ է ասել, որ մենք կգտնվենք ադապտացիոն շրջանում: Մենք դեռ պետք է ադապտացվենք մեր անորոշություններին»,- այսօր «Հայացք» ակումբում այսպիսի տեսակետ  հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբանՍտեփանՍաֆարյանը:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 25-ին խորհրդաժողով է կազմակերպել, ըստ Ձեզ, դա քաղաքական իրավիճակի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «2013-ին ԲՀԿ-ի չմասնակցելը նախագահական ընտրություններին մեկ նպատակ ուներ՝ պատրաստվել 2017-2018-ի ընտրություններին: Եվ քանի որ Գագիկ Ծառուկյանն արդեն զգուշավոր հայտ է ներկայացրել ԲՀԿ-ի կողմից նախագահություն վերցնելու, երբ խոսում է իր պատրաստակամության եւ իր մտքում եղած 4 թեկնածուների մասին, դրանից պիտի բխեր մի բան՝ ԲՀԿ-ն պիտի աշխատեր դառնալ քաղաքական դաշտում ամենադոմինանտ եւ առանքային ուժը, այդ թվում նաեւ ընդդիմադիր շրջանակներում: Նա դրան փորձում է հասնել՝ փորձելով ստեղծել եռյակ, հետո քառյակ, հիմա չգիտեմ քանիսյակ է մնացել, այդպես էլ չիմացանք: Նրանք պատրաստվում են 2017-18-ին ընտրություններին,եւ ժամկետից շուտ նրանց օրակարգում իշխանափոխության խնդիր չունեն: Ես չգիտեմ ինչքան ժամանակ կպահանջվի, որ ՀԱԿ-ը եւ մյուսները հասկանան, որ այդ մարդիկ շատ անկեղծորեն ասել են՝ մենք մեր օրակարգում այդպիսի խնդիր դեռ չունենք: Հիմա կամ իրենք են իրենց միամիտի տեղ դնում, կամ սա մի խաղ է, որը ցավոք, ձեռնտու է դարձել բոլորին: ԲՀԿ-ի բոլոր քայլերը՝ այդ թվում՝ համաժողովրդական շտաբեր ձեւավորելու, մարզերում ժողովրդի հետ աշխատելը ծառայում են այդ նպատակին՝ լինել դոմինանտ ուժը»:

Դիտարկմանը, որ ՀԱԿ-ը ակնարկել է, որ չի մասնակցելու Գագիկ Ծառուկյանի այդ խորհրդաժողովին, տարաձայնություննե՞ր կան՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «ՀԱԿ-ի հայտարարությունները նայելով՝ ոչ մի տարաձայնություն էլ չունեն. «Մինչ մյուս քաղաքական ուժերը կոտորվեցին կրկնվելով, որ նույնիսկ ընդհանուր օրակարգ չունեն, ՀԱԿ-ն ասում է, որ իրենք ունեն: Եթե դատելու լինենք հրապարակային հայտարարություններից, ապա իրենք այնքան էլ դժգոհ չեն ներկա իրավիճակով»:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ թեկուզ ապրիլի 24-ից հետո, տեսնելով ինչ է տեղի ունենում հայ-թուրքական հարաբերություններում, ՀՅԴ-ն փորձի նորից կոալիցիա կազմել՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Երբեւիցե չեմ բացառում, որովհետեւ կոալիցիայից դուրս եկած ոչ մի քաղաքական ուժ՝ ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, երբեւիցե կամուրջները չեն այրել իշխանությունների հետ: Հեռացել են միմյանց կսմթելով, մի փոքր նեղացած, բայց ոչ որպես ախոյաններ: Ես չեմ կարող բացառել: ՀՅԴ-ն 2009-ի մայիսին, երբ լքեց կոալիցիան, հիմնական եւ միակ պատճառաբանությունը եղել է արտաքին հարցերում տարաձայնությունը: Եթե հայ-թուրքական արձանագրությունների ետկանչումը լինի, այնպիսի կոնցեպցիայի որդեգրում լինի, որը կբավարարի Դաշնակցությանը դա հնարավոր է հիմք ծառայի, որպեսզի նրանք դիտարկեն իշխանության մաս կազմելու հավանականությունը: Բայց չեմ կարող պնդել, որ նրանք դա անելու են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031