Առավոտյան ժամը 6.40-ի սահմաններում, 102-րդ ռազմաբազայից փախած ռուս զինվորականը ներխուժելով Գյումրիի Արցախ թաղամասում գտնվող Մյասնիկյան 188 հասցեի առանձնատուն, սպանել է տան 6 անդամներին, Ավետիսյանների ընտանիքին՝ հորը, մորը, 30-ամյա տղային, հարսին, նրանց 3 տարեկան երեխային, 1979թ. ծնված աղջկան:
Փրկվել է ընդամենը 6-7 ամսական նորածինը, որին տեղափոխել են ավստրիական մանկական հիվանդանոց եւ այս պահին վիրահատում են:
Թե որն է եղել սպանության պատճառը, այս պահին հստակ ասել հնարավոր չէ, քանի որ ռուս զինվորականը փախուստի մեջ է:
Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում մյուս գյումրեցիներին եւս նրա հարձակումներից զերծ պահելու, մասնավորապես հսկողություն է սահմանված այս թաղի դպրոցներում:
Կարդացեք նաև
Հարեւանները կրակոցի ձայներ չեն լսել, ընտանիքի անդամների դիակները հայտնաբերել է քույրը, որը եկել է առավոտյան սուրճ խմելու եւ ականատես է եղել, որ քույրը դարպասների մոտ է սպանված, մյուսները՝ անկողնու մեջ:
Շրջանառվում է վարկած այն մասին, որ տվյալ տան դուռը բաց է եղել, ռուս զինվորականը տեսնելով դարպասները բաց, ներս է խուժել, կատարել ոճրագործություն:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի (լուսանկարում) տեղեկացմամբ՝ հարուցվել է քրգործ՝ 104 հոդվածի հատկանիշներով:
Այստեղ էր 102-րդ ռազմաբազայի ղեկավարը:
Դիակները դեռ տանն են:
Մանրամասները տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ