Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարձակումը ոստիկանությունն էր կազմակերպել». Ակտիվիստը`չբացահայտված քրեական գործի մասին

Հունվար 12,2015 14:30

Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը դեռ չի բացահայտվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին անհայտ անձինք Խանջյան փողոցում հարձակվել են «Նախախորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի վրա և կոշտ առարկայով հարվածել գլխին։ Նա հարվածից կորցրել է գիտակցությունը: Գևորգ Սաֆարյանը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:

Գեւորգ Սաֆարյանը վստահ է, որ այդ գործը չի էլ բացահայտվի. «Ակնհայտ է, որ այդ գործը կփակվի, ռեժիմն իր անդամներին չի պատժում, իր արած հանցագործությունները չի բացահայտում»,- ասաց ակտիվիստը:

Նրա խոսքով, քննիչի ձեռքի տակ են դեպքը արձանագրած տեսագրությունները. «Սա այն դեպքն է, որ ակնհայտ հեշտ է բացահայտելը, որեւէ խնդիր չկա, կան երեք տեսախցիկներ, որոնք նկարում են տարածքը, տեսախցիկները բարձրորակ են, նույնիսկ մեքենայի համարներն են տեսնում շատ մեծ հեռավորությունից: Բացահայտելու խնդիր չկա, րոպեների հարց է: Եթե ուզեն՝ րոպեների ընթացքում կբացահայտեն»:

Նախորդ տարեվերջին Նախախորհրդարանի անդամները նախազգուշացրել էին` Գեւորգ Սաֆարյանի վրա հարձակման դեպքով ու Նախախորհրդարանի մյուս անդամների մեքենաները հրդեհելու գործերով բացահայտումներ չլինելու դեպքում իրենք իրենց տեղեկություններն ու ուսումնասիրություններն են հրապարակելու: Գեւորգ Սաֆարյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ տեղեկությունների մասին էր խոսքը ու ե՞րբ են հրապարակվելու:

«Մենք որոշ տեղեկություն ունենք, դրա մասին այս պահին չենք հայտնի: Դեռ դրա մասին քննարկում չի եղել, էդքան էլ կարեւոր չէ իրականում: Բոլոր այս հանցագործությունները կբացահայտվեն միայն այս ռեժիմի տապալումից հետո»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը:

Մեր հարցին՝ մտավախություն չունի՞, որ երկար հետաքննությունից հետո պարզվի, թե իրեն հարվածողն էլ է «հայրենասիրական ապտակ տվել», ինչպես ԱԺ ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանին հարվածելու դեպքում եղավ, ակտիվիստը պատասխանեց. «Դեմագոգիա է, ոչ մի հայրենասիրության խնդիր չկա, պատճառաբանվեց` իբրեւ թե մեր նախագահին հայհոյանք հղելու համար էր, բայց հայրենասեր մարդը չի կարող Սերժ Սարգսյանին նախագահ համարել, որը տասնյակ մարդկանց  արյան գնով զավթել է ժողովրդի իշխանությունը եւ հայրենասեր մարդը չի կարող Սերժ Սարգսյանին պաշտպանելու համար գնալ ու ինչ-որ մեկին ապտակել: Իմ վրա հարձակումը հատուկ ծառայությունների, ոստիկանության կողմից կազմակերպված ակցիա էր, որն ուղղված էր ինձ ու Նախախորհրդարանի անդամներին վախեցնելուն, որ մեր ուղուց հետ կանգնենք: Մենք էլ հետ չենք կանգնի: Կրկնում եմ` այդ հանցագործությունները կբացահայտվեն միայն ռեժիմի հեռանալուց հետո»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031