Հայաստանում, նախորդ տարիների համեմատ, շատացել է ալկոհոլային թունավորումների քանակը: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում լրագրողներին հայտնեց հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը՝ անդրադառնալով Ամանորից հետո գրանցված թունավորման դեպքերին:
«Տարեսկզբին ընդունված հիվանդների 80 տոկոսը միայն ալկոհոլից թունավորվածներն են,- նշեց բանախոսը,- 2015 թվականի հունվարի մեկից սկսած ընդունվել է 41 հիվանդ, որոնց 2/3-ը ալկոհոլային թունավորում է ունեցել»: Մինչդեռ, թունաբանի ներկայացմամբ, անցյալ տարվա սկզբին բաժանմունքում ընդունվել էր 34 հիվանդ:
Պրն Գաբրիելյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2010 թվականից սկսած աճել է ալկոհոլային թունավորումների քանակը Հայաստանում.«Անցյալ տարի ունեինք 913 հիվանդ, որոնցից միայն 295-ի մոտ ալկոհոլային թունավորում էր գրանցվել, նախանցյալ տարի 788 հիվանդ կար բաժանմունքում, որոնց մեկ երրորդի մոտ կրկին ալկոհոլային թունավորում կար»:
Միքայել Գաբրիելյանը վստահեցնում է, որ ալկոհոլից թունավորման դեպքերը կապ չունեն խմիչքի որակի հետ, պատճառը միայն օգտագործման քանակն է. «Շատ են խմում, եւ գնալով խմողների թիվը շատանում է»: Պրն Գաբրիելյանի խոսքով՝ եթե նախկինում ալկոհոլից թունավորվածների միջին տարիքը 40 տարեկանն էր, ապա հիմա խնդիրը նկատվում է նաեւ 15-16 տարեկան երիտասարդների մոտ. «Մեծ մասամբ նրանց բերում են ակումբներից, տարբեր օբյեկտներից եւ դա հենց շատ խմելու պատճառով է»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի դիտարկմանը, թե արդյոք միայն շատ խմելն է թունավորման պատճառը, եւ չի՞ կարող անձի օրգանիզմը լինել թունավորման պատճառ, թունաբանը ասաց, որ ալկոհոլային թունավորման պարագայում օրգանիզմի կառուցվածքը դեր չի խաղում. «Ճիշտ է, կարող են անհատական որոշ չափանիշներ լինել, սակայն միայն քանակն է թունավորման պատճառը»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյոք Հայաստանում արդեն սթափարաններ ստեղծելու կարիք չի՞ առաջանում, բժիշկը ցավով նշեց, թե կարող է փաստերով ներկայացնել, որ շուտով սթափարաններ բացելու անհրաժեշտություն կլինի:
Նման թունավորումներից խուսափելու համար, պրն Գաբրիելյանը մի խորհուրդ է տալիս՝ միայն չափավոր խմել:
Պրն Գաբրիելյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենց բաժանմունքում այս տարի գրեթե չեն եղել սննդից թունավորման դեպքեր, միայն գազից եւ էսենցիայից թունավորման 2-3 դեպք է գրանցվել, իսկ դեղորայքային թունավորման 5-6 դեպք է եղել:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ