Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Ադրբեջանն ուզում է փորձարկել ՀՀ անվտանգությունն արդեն ԵՏՄ կազմում»

Հունվար 12,2015 13:49

Այսօր «Հայացք» ակումբում Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանային գծում վերջին միջադեպերին:

Նրա խոսքերով՝ «Այսօր ոչ միայն ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի, այլեւ միջազգային հանրության համար թիվ մեկ խնդիր է դարձել Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման կանխումը: Չկա որեւէ մեկը, որ լուրջ հույսեր փայփայի, թե 2015-ին կլինի ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորում, որ կողմերի միջեւ նման մեծ անվստահության պայմաններում հնարավոր է քննարկել կարգավորման որեւէ տարբերակ: Տավուշի մարզում կատարվածը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մոտ նոր ռազմավարություն կա: Եթե նախկին տարիներին նա բավարարվում էր հայկական այս կամ այն դիրքը փորձարկելով՝ տարելիցային կարեւոր օրերին, ինչպիսիք կարող էին լինել Խոջալուի դեպքերի օրը, լարվածություն էր լինում, հիմա սիստեմատիկ նկատում ենք լարվածություն: Ադրբեջանը արդեն բացահայտ ոտնձգություններ է անում ՀՀ սահմանների նկատմամբ»:

Թե ի՞նչ նպատակ է հետապնդում Ալիեւը, եւ ուրիշ ո՞ր երկրներն են շահագրգռված տարածաշրջանի ապակայունացմամբ, ըստ Ստյոպա Սաֆարյանի, Ալիեւի ելույթը նախարարների խորհրդում թույլ է տալիս եզրահանգումներ անել. «Նկատելի է, որ այս էլ որերորդ անգամ աշխարհի հզորների օրակարգում չի հայտնվում Ադրբեջանի համար թեժ համարվող այս հարցը, եւ Ադրբեջանն ուզում է այն աստիճան սրել իրավիճակը, որ աշխարհի հզորները, որոնք զբաղված էին «Շառլ Էբդոյի» եւ Ուկրաինայի դեպքերով, մոռացության չմատնեն ԼՂՀ հարցը: Երկրորդ խնդիրը կապված է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հետ: Որքան էլ ԵՏՄ անդամները հայտարարեցին, որ ԼՂՀ-ն մաս չի կազմում այդ միության, միեւնույն, Ադրբեջանը չի կարողացել հասնել ԼՂՀ-ի եւ Հայաստանի մաքսակետային կամ այլ հարցերով հստակ անջատմանը: Ուստի Ադրբեջանն ուզում է փորձարկել ՀՀ անվտանգությունը արդեն ԵՏՄ կազմում: Ցավալիորեն, հետեւությունները հաստատ մեր օգտին չեն: Ալիեւի ցանկությունն է նաեւ պարզել, թե որքանով է այդ միությունը տեր կանգնում նոր դաշնակցին եւ պաշտպանում նրան»:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի, Իլհամ Ալիեւն արդեն կարծես հասել է այնտեղ ներքին քաղաքականության առումով, որ այլեւս այլ բան հնարավոր չէ անել՝ որպես բռնապետ կայացել է, ընդդիմախոսներին ճնշել է եւ իր ագրեսիան արդեն ուղղվելու է երկրից դուրս: Եթե այս պահին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառվեն, ապա հետեւանքները կարող են մտահոգիչ լինել նաեւ միջազգային հանրության համար:

«ՀՀ-ում վատ ավանդույթ է դարձել, թե ուր է Արեւմուտքը, ուր են միջազգային կազմակերպությունները: Իհարկե, իրենք իրենց մեղքի բաժինն ունեն, բայց կարծես Ադրբեջանը հատում է մի շատ կարեւոր գիծ, երբ չափազանց իրատեսական է դառնում նրա դեմ պատժամիջոցների հասնելու կայացումը: Մենք պետք է ոչ թե մուննաթ գանք սրա-նրա վրա, այլ հասկանանք, որ թերեւս ՀՀ-ն ամենաշահագրգռվածն է խնդրում: Ինձ համար մտահոգիչ է, որ ոչ միայն անցյալ տարում Ադրբեջանի կողմից կատարված ակնհայտ փաստերը լիարժեք չօգտագործվեցին իշխանությունների վարած դիվանագիտական քաղաքականության միջոցով, մենք նաեւ այս իրավիճակը չենք օգտագործում, որ մեզ կօգնի Ադրբեջանին կաշկանդված պահել ինչ-որ գործողություններում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031