Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Ստեփան Դանիելյանի՝ ցանկացած կրոն էլ կարելի է քննադատել, սակայն պետք է լինի որոշակի սահման

Հունվար 12,2015 13:41

«Դժվար է միանշանակ գնահատելը: Բնականաբար, ցանկացած ահաբեկչություն պետք է դատապարտվի և ամենախիստ ձևով պատժվի»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ գնահատական կտա Փարիզում Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության դեմ կատարվածին. արդյոք այն խոսքի ազատության դեմ ուղղված քա՞յլ էր, այսպես պատասխանեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի տնօրեն Ստեփան Դանիելյանը:

Անդրադառնալով խոսքի ազատության սահմանափակմանը՝ պարոն Դանիելյանն ասաց. «Եթե գնահատենք միայն խոսքի ազատության սահմանների հարցը՝ առանց կենտրոնանալու ահաբեկչության բուն փաստի վրա, որը, նորից եմ կրկնում, դատապարտելի և անընդունելի արարք է, ապա խոսքի ազատության իրավունքը օրենսդրորեն է արդեն իսկ սահմանափակված: Օրինակ՝ քրեական օրենսգրքերում արգելվում և պատժվում է կրոնական ու ռասայական ատելություն քարոզելը, ազգամիջյան թշնամանքը, պատերազմի կոչը, մարդկանց նսեմացնելը և այլն: Արդյոք այդ սահմաններն անցե՞լ է շաբաթաթերթը, թե՞ ոչ, դա արդեն իրավական վեճի խնդիր է: Որոշ ծաղրանկարներ իրոք անցնում են սահմանները և ոչ միայն իսլամի, այլև մյուս կրոնների և ոչ միայն կրոնների առումով»:

Պարոն Դանիելյանն այս հարցում մի նրբություն է տեսնում. «Ֆրանսիացիները պնդում են, որ ծաղրանկարներն իրենց մշակույթի ավանդույթների մեջ են մտնում, իսկ Ֆրանսիան աշխարհի ամենաաշխարհիկ երկրներից մեկն է, սակայն ֆրանսիացիներն արդեն սկսել են գիտակցել, և այս դեպքը կօգնի ավելի լավ գիտակցել, որ Ֆրանսիան արդեն վաղուց միատարր երկիր չէ: Այնտեղ ապրում են միլիոնավոր մուսուլմաններ, որոնք ունեն այլ մշակույթ, ինչի հետ, ուզեն, թե չուզեն, պետք է հաշվի նստեն: Դա է իրականությունը: Եվ դա ոչ միայն Ֆրանսիային է վերաբերում, այլև Իսպանիային, Իտալիային, Շվեդիային, Բելգիային և այլն: Սա նոր իրավիճակ է, որը պարտադրում է այդ երևույթի հետ կոմպրոմիսների գնալ, նորից եմ ասում՝ ուզեն, թե՝ չուզեն»:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում կրոնական թեմաներով ծաղրանկարներին, պարոն Դանիելյանը պատասխանեց. «Սա նույնպես բարդ խնդիր է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կան նման գործեր, որոնք նախադեպեր են ստեղծում, սակայն շատ բան իրավունքի մեկնաբանություններից է կախված, որտեղ հաշվի են առնվում նաև քաղաքական, սոցիալական իրավիճակները: Այս դեպքը իր ազդեցությունը կունենա կարգավորող մոտեցումների մշակման վրա:
Իսլամին, հատկապես 19-րդ և 20-րդ դարերում եվրոպական գիտությունը շատ է անդրադարձել, եղել են բազմաթիվ քննադատական գրքեր և ուսումնասիրություններ, սակայն դրանց հեղինակներից ոչ մեկին ահաբեկչության չեն ենթարկել, երևի այստեղ էական է տոնայնությունը և զուտ վիրավորելու միտումը»:

Ըստ Ստեփան Դանիելյանի՝ ցանկացած կրոն էլ կարելի է քննադատել, անգամ հիմնավորված ձևով մեղադրանքներ ներկայացնել, սակայն, ըստ երևույթին, պետք է լինի որոշակի սահման:

Մեր մյուս հարցին՝ հայաստանյան մամուլին ահաբեկչության վտանգը սպառնո՞ւմ է, մանավանդ, որ մեզանում էլ շատ թերթեր տպագրում են ծաղրանկարներ, պարոն Դանիելյանը պատասխանեց. «Հայաստանում, ոչ այդքան արյունալի, միշտ էլ եղել են ահաբեկչություններ լրագրողների հանդեպ: Միշտ չէ, որ լրագրողները ճիշտ են եղել, սակայն ինքնադատաստանը պետք է բացառվի, դրա համար դատարաններ կան, որոնց, մյուս կողմից, հանրության մեծ մասը չի վստահում: Դա էլ է լուրջ խնդիր: Կոնկրետ կրոնական հարցերում կան ակնհայտորեն բոլոր չափանիշները խախտող հրապարակումներ, սակայն նրանք անպատիժ շարունակում են իրենց գործունեությունը: Դա էլ մեր իրականությունն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031