Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «ԻՍԻՍ»-ը մտել է Եվրոպա եւ մեսիջ ունի, որ սրանից հետո չեք ունենալու հանգիստ կյանք»

Հունվար 12,2015 11:52

«Սպանությունը ցանկացած պարագայում դատապարտելի է: Ուղղակի Ֆրանսիան ողջ աշխարհում հայտի էր որպես ազատության, մարդու իրավունքների ամրապնդման օրրան, օջախ: Կրոնական թեմատիկան չէ, որ այստեղ առաջնային է: Մուսուլմանական աշխարհը, իր գլխավոր լիդերներով, Իրանն էլ՝ դատապարտել է ահաբեկչությունը, ցույց է տվել, որ նման դեպքերն անընդունելի են»,- այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, վերլուծաբան Անուշ Սեդրակյանը «Հայելի» ակումբում այսպես գնահատեց ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացրած ահաբեկչությունը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի դիտարկմամբ՝ կա մի արմատական հարց՝ ի՞նչ էին ուզում ասել սրանով, ինչի՞ հենց հիմա: Ըստ Թեւան Պողոսյանի, «ԻՍԻՍ» խմբավորումը մտել է Եվրոպա եւ մեսիջ ունի, որ սրանից հետո չեք ունենալու հանգիստ կյանք, մենք մեր նպատակներն ունենք, մենք ամբողջ աշխարհում ենք. «Քաղաքակիրթ աշխարհը, լինի քրիստոնյա, թե իսլամի կրողներ, բոլորն ապացուցեցին երթով, որ բոլորը դեմ են մարդասպանություններին կամ այն միջոցներին, որոնցով այդ ուղերձը տրամադրվում է: Ֆրանսիան այն երկիրն է, որ կարող էին դիմել դատարան, մամուլը կլուսաբաներ»:

Ըստ Թեւան Պողոսյանի, եթե դատական ճանապարհով գնային, դարձյալ մեծ աղմուկ կբարձրանար, բայց նրանք ընտրեցին այս ճանապարհը, որովհետեւ ուղերձ ունեին. «Այդ մարդկանց նպատակը ոչ թե պայքարն էր իրենց իրավունքների կամ զգացմունքների վիրավորման համար, այլ իրենց նպատակն իրենց այդ ուղերձը տեղ հասցնելն էր: Մենք պետք է երկու դաս քաղենք: Նախ, մարդիկ պետք է իսկապես հարգանքով վերաբերվեն ուրիշի հավատքին: Բայց մենք պետք է նաեւ սեփական իրավունքները պաշտպանենք՝ չարիքին անվանենք չարիք հարգելով բոլորի իրավունքները»:

Անուշ Սեդրակյանը հիշեց, որ Շառլի Էբդոյի համարներից մեկում հրեա համայնքի հետ կապված ծաղրանկար է տպագրվել, հրեաները դիմել են դատարան եւ շահել են դատը: Այդ միջադեպը որեւէ աղմուկ չի բարձրացրել, որովհետեւ համաչափ ուժ է կիրառվել՝ թղթի դեմ՝ թուղթ:

Անուշ Սեդրակյանի խոսքերով՝ այդ ուղերձով փորձում են նաեւ հակաիմիջ ստեղծել, որ Եվրոպան այլեւս պաշտպանված չէ:

«Չես կարող «Ալ Քաիդա» զարգացնել քո քաղաքական խնդիրների համար, «Ալ Քաիդա»-ն մի օր կանի սեպտեմբերի 11: Սա պետք է լինի կարեւոր ուղերձներից մեկը մեր բոլորի համար: Մենք պետք է գիտակցենք, որ այլ երկրների գործերի մեջ խառնվելը մի օր անդրադառնալու է քո վրա»:

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ Եվրոպայի էմիգրացիոն քաղաքականությունն ապիկար էր՝ Անուշ Սեդրակյանը պատասխանեց, որ ապիկար չէր՝ անզգույշ էր՝ չէր դրվում կրթական կամ որեւէ այլ սահմանափակում. «Եթե Եվրոպան դարեր շարունակ պայքարել է կնոջն ազատագրելու համար, նա կարող է պայքարել, որ իր երկրներում չադրայով մարդիկ չլինեն»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, Եվրոպան պետք է չադրայով մարդկանց արտաքսելու քաղաքականությո՞ւն սկսի վարել՝ Անուշ Սեդրակյանը պատասխանեց. «Ոչ թե արտաքսելու, այլ՝ կրթելու»:

Թե ինչ է լինելու այս դեպքից հետո, ըստ Թեւան Պողոսյանի, Ֆրանսիան իր շահերով է առաջնորդվելու եւ դժվար թե սկսի օգնել մեզ, ասենք, մեր եկեղեցիները պաշտպանելու գործում,ցամաքային օպերացիա սկսի, բանակ հանի եւ այլն:

Անուշ Սեդրակյանի խոսքերով՝ արդեն զորքային, հրթիռային պատերազմների ժամանակն անցել է, հիմա մարդկային գլուխների վերահսկողության ժամանակներն են: Եվրոպան հիմա կսկսի թեժ պայքար՝ մարդկային արժեքների համար: Վերջին ժամանակներում այդ պայքարը դարձել էր ֆորմալ, հիմա կգնա նոր ալիք եւ կունենանք գաղափարական Եվրոպա:

Հարցին ՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում էլ ծաղրանկարներ են տպվում՝ հնարավո՞ր է, որ Հայաստանում էլ մի օր գան ու սպանեն լրագրողներին՝ Անուշ Սեդրակյանը վստահեցրեց, որ ոչ. «Սա Հայաստանին չի սպառնում, մենք ահաբեկչությունից՝ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին առումով, հեռու երկիր ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031