Հունվարի 10-ին Ձմեռային Վիքի ճամբարի մասնակիցները հայերեն վիքիպեդիան 42-րդ հորիզոնականից բարձրացրին 41-րդ հորիզոնական վիքիպեդիաների ընդհանուր վարկանիշային սանդղակում։
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը 14-20 տարեկան պատանիների համար հունվարի 7-11 կազմակերպել է հնգօրյա ձմեռային Վիքի ճամբար` Աղվերանում: Ճամբարի կազմակերպմանն աջակցել է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ ապահովելով բարձրակարգ ինտերնետ կապ:
Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ բազմալեզու հանրագիտարան է, որը ստեղծում են Վիքիպեդիա կայքից օգտվողները` ազատ խմբագրման ձևաչափով։ Վիքիպեդիան համացանցում բովանդակություն տրամադրող կայքերի լավագույն հնգյակում է: Կայքն օրական կտրվածքով միլիոնավոր ընթերցողներ ունի ամբողջ աշխարհից և հարյուր հազարավոր կամավոր խմբագիրներ՝ երկրագնդի գրեթե բոլոր անկյուններից: Վիքիպեդիան կրթական նյութեր ստեղծելու և որևէ երկիր` իր ողջ բազմազանությամբ համաշխարհային հանրությանը ներկայացնելու լավագույն հարթակն է: Այդ է պատճառը, որ Վիքիպեդիայից օգտվելը և այն արժեքավոր տեղեկատվությամբ համալրելը ազգային ինքնության տարածման, ճանաչման և մայրենի լեզվի պահպանման կարևորագույն գործիք է դարձել նաև Հայաստանում:
Վիքիպեդիան և վիքի նախագծերը դպրոցների և համալսարանների ուսումնական գործընթացի պարտադիր մաս են կազմում զարգացած բազմաթիվ երկրներում: Հայաստանում նման մոտեցում ձևավորելու համար, «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական-հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է տարբեր միջոցառումներ, որոնց նպատակը համագործակցության շնորհիվ բարձրարժեք ազատ բովանդակություն ստեղծելու վիքի մշակույթը տարածելն է, խմբագրողների կազմը համալրելը, գաղափարներով համատեղ ստեղծագործելու և վիքի գործիքներին արդեն դպրոցից տիրապետելու հմտությունները սերմանելն ու սովորեցնելն է:
Հիշեցնենք, որ 2014 թվականին «Վիքիմեդիա Հայաստանը» Վիքի ճամբար է կազմակերպել Վանաձորում, որն իր արդյունավետությամբ գերազանցել է համաշխարհային բոլոր վիքի նախագծերը և լավագույնն է ճանաչվել Լոնդոնի Վիքիմանիա ամենամյա համաժողովում:
2015 թվականին «Վիքիմեդիա Հայաստանը» նախատեսում է կազմակերպել 4 վիքի ճամբար, որոնցից 2-ը` միջազգային: Այս տարվա ձմեռային Վիքի ճամբարին ներկայացել են 14-20 տարեկան նորեկներ, որոնց մասնակցության ծախսերը հոգացել են ծնողները և ինչպես միշտ ակտիվ վիքիխմբագիրներ: Ճամբարի ընթացքում պատանիները հարստացրել են վիքիբառարանը, վիքիպահեստն ու վիքիպեդիան, սովորել են հայկական երգեր և պարեր, մասնակցել են ինտելեկտուալ խաղերի:
«Վիքիմեդիա Հայաստան»