Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փորձագետ. Ալիեւը էմոցիոնալ հողի վրա հայտարարություն է արել

Հունվար 10,2015 21:40

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  Նախարարների խորհրդի նիստի ընթացքում հայտարարել էր , որ Հայաստանը 2014 թվականին կիրառել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իմիտացիայի մարտավարություն, եւ որ Ադրբեջանի պաշտպանության 2015 թվականի համար բյուջեն երկու անգամ մեծ է Հայաստանի ամբողջ բյուջեից:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցել է Razm.info ռազմավերլուծական կայքի փորձագետ Վռամ Խոջագորյանի հետ: Նա նշեց, որ համարում է՝ Ալիեւն այդ հայտարարություններն արել է ներքին լսարանի կարիքները բավարարելու համար. «Բոլորն էլ գիտեն, որ 2014 թվականը աննախադեպ էր առաջնագծում իր լարվածությամբ, դրա մասին ե՛ւ հայկական ուղղաթիռի խոցումն է վկայում, ե՛ւ օգոստոսին գրանցված աննախադեպ լարվածությունը, բայց պետք է նշել, որ ինչպես միշտ կորուստների հավասարակշռության եւ բարոյահոգեբանական առումով Հայաստանը միշտ հաղթող է դուրս եկել: Եթե մենք հետեւենք ադրբեջանական սոցիալական ցանցերում օգտատերերի հայտնած կարծիքներին, ակնհայտ է, որ բավականին անսպասելի է պետական պաշտոնյաներից տարիներ շարունակ լսել, որ Ադրբեջանը բավականին մեծ ռազմական բյուջե ունի, որ հաշված օրերի ընթացքում պատրաստ է հետ բերել Ղարաբաղը, եւ երբ առճակատման իրական պահն է գալիս, Ադրբեջանը նման ծանր կորուստներ է ունենում»:

Անդրադառնալով ռազմական բյուջեին՝ պարոն Խոջագորյանն ասաց, որ տարիներ շարունակ Ադրբեջանի ղեկավարությունը թե՛ նախագահի, թե՛ պաշտպանության նախարարի մակարդակով հայտարարել է, որ  Ադրբեջանի ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեն: Նա համարում է, որ պետք է համեմատել երկու երկրների ռազմական ծախսերը. «Եթե թվերին նայենք, ապա ստացվում է, որ Ադրբեջանը 2015 թվականի ընթացքում պաշտպանական կառույցների համար նախատեսել է 4.2 մլրդ դոլար, բայց կարեւոր է նկատել, որ այդ 4.2 միլիարդից միայն 1.6 միլիարդն է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, այսինքն՝ եթե նշվում է, որ  4.2 միլիարդ հատկացվելու է պաշտպանական կարիքներին՝ բոլոր գերատեսչությունների բյուջեն միասին վերցված է նշվում»:

Վռամ Խոջագորյանը ընդգծեց, որ Հայաստանը 2015 թվականի իր ռազմական ծախսերի համար նախատեսել է 199 միլիարդ դրամ, որը մոտավորապես 423 միլիոն դոլար է: Նա համարում է, որ Իլհամ Ալիեւը էմոցիոնալ հողի վրա է հայտարարություն արել. «Բանակի ծախսերը համեմատելով՝ իսկապես, մոտ երեք անգամ գերազանցում է Ադրբեջանի ռազմական բյուջեն, բայց ամեն դեպքում, խոսել, որ Ադրբեջանի բյուջեն Հայաստանի ամբողջ բյուջեն մի քանի անգամ է գերազանցում, դա ուղղակի էմոցիոնալ հողի վրա արված հայտարարություն է»:

Փորձագետը նշեց, որ ներկա դրությամբ այնպիսի իրավիճակ է ձեւավորվել, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջելու բան ունի եւ շփման գծում իրավիճակի հանդարտ պահպանումը չի բխում Ադրբեջանի շահերից, բայց դա բխում է Հայաստանի շահերից. «Թե՛ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծումը, թե՛ 2014 թվականի ընթացքում անընդմեջ դիվերսիոն ներթափանցման փորձերի ցայտուն ի հայտ գալը հստակ քաղաքականության գիծ է, որը միտված է լարվածություն ստեղծել ղարաբաղյան հիմնահարցի շուրջ, քանի դեռ չակերտավոր օկուպացիոն զինված ուժերը դուրս չեն բերվել չակերտավոր ադրբեջանական հողերից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Էմոցիան ընդդեմ իմիտացիայի*, թե* էմոցիոնալ մեկնաբանությունների դարձյալ իմիտացիա:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031