Քաղաքացիները դեռ շարունակում են Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, ծաղիկներ, մատիտներ եւ մոմեր դնելով, հարգել չորեքշաբթի՝ հունվարի 7-ին, Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի զոհված 10 լրագրողների հիշատակը:
Այսօր՝ հունվարի 10-ին, Ֆրանսիայի դեսպանատան դիմաց մոմավառություն էին կազմակերպել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները: Կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կուսակցության անդամները մեծ ցավ են ապրում. «Դա հանցագործություն է մարդկության եւ խոսքի ազատության դեմ: Այդ իսկ պատճառով կարծում եմ՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները պարտավոր են ինչ-որ ձեւով զորակցել»:
Նա նշեց, որ կատարվածը հետընթաց է համարում. «Դա նշանակում է գնալ դեպի ավատատիրական հասարակարգեր, որտեղ խոսքի ազատությունը շատ սահմանափակ է կամ ընդհանրապես չկա, այսինքն՝ հետընթաց»:
Վերջում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները ցավակցական նամակ փոխանցեցին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ