Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սարգսյանի արդիական մտքերը

Հունվար 09,2015 21:59

Վերջերս առիթ ունեցա վերընթերցելու մեր թերթում 2001 թվականի մայիսի 9-ին  հրապարակված Վազգեն Սարգսյանի նամակը Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը գրվել է 1997 թվականի հոկտեմբերի 1-ին: Փաստաթղթի քաղաքական համատեքստը հայտնի է. Վազգենը հակադարձում է դրանից 5 օր առաջ առաջին նախագահի ասուլիսում արտահայտած մտքերին, որտեղ նախագահ Տեր-Պետրոսյանը դրական էր արտահայտվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած փուլային լուծմանը: Չանդրադառնանք դրան: Չնայած ինձ թվում է, որ առաջին նախագահն այս պարագայում ճիշտ էր, իսկ Վազգեն Սարգսյանը՝ սխալ, բայց, ինչպես ասում են, ժամանակը ցույց կտա:

Անդրադառնամ այն ժամանակվա պաշտպանության նախարարի այն մտքերին, որոնց հետ համաձայն եմ: Մասնավորապես. «Մեր պայքարն առաջին իսկ օրվանից անհնարինը հնարավոր դարձնելու, հավատի, ոգեւորության, ոչ ստանդարտ լուծումների պայքար էր»: Իմ կարծիքով, միանգամայն ճշգրիտ դիտարկում է. 1988-ին սկսված պայքարը հենց այդպիսին էր, եւ եթե 25 տարում մենք հաջողություններ ենք ունեցել, ապա հենց թվարկած գործոնների շնորհիվ: Բայց ինչո՞ւ միայն մենք՝ ցանկացած ազգ եւ ցանկացած մարդ: Ինչպես գրել է 20-րդ դարի հայտնի հոգեբան Ա.Հեշելը, «մարդու իրական ինքնադրսեւորումը պայմանավորված է նրանով, թե որքանով է նա կարողանում հաղորդակից դառնալ մի բանի, որն իրեն գերազանցում է»: Այլ կերպ ասած՝ եթե դու գտնվում ես քո սահմանափակ հնարավորությունների եւ կամքի սահմաններում, անընդհատ չես փորձում դրանք հաղթահարել,  դուրս գալ այդ շրջանակներից, ապա ոչ մի բանի էլ չես հասնում: Պետության ներկայիս ճգնաժամից էլ մենք դուրս կգանք՝ անհնարինը հնարավոր դարձնելով, հավատալով, ոգեւորվելով, ոչ ստանդարտ լուծումներ գտնելով: Այլ կերպ չի ստացվի:

Մարդը եւ ազգը նաեւ ոչ մի բանի չեն հասնում, եթե կենտրոնանում են ուրիշների վրա թողած տպավորության վրա: Արա այն, ինչ դո՛ւ ես ճիշտ համարում՝ իհարկե, համակեցության օրենքները հարգելով, բայց՝ առանց ուրիշի աչքին «պուպուշ» երեւալու գերնպատակի: Այդ առիթով նույն նամակում Վազգենը գրում է. «Երբեք հայերիս նկատմամբ ավելի բարենպաստ միջազգային կարծիք, կարեկցանք չի եղել, քան 20-րդ դարասկզբին, բայց դա չխանգարեց, որ 20-րդ դարի սկզբին մեզ միլիոնով կոտորեն… Վճռական անհատը բոլոր հնարավոր ելքերը գտնում է, պարտվողը կարեկցանք է նվաճում, հաղթողը՝ բարեկամներ»: Դա արժե հիշել ցեղասպանության 100-ամյակի տարում:

Վազգեն Սարգսյանն իր նամակն ավարտում է հետեւյալ խոսքերով. «Ինչ եմ ես առաջարկում… Ակնհայտ բաներ: Ակնհայտ եւ պարզ բաներ: Համախմբվել ազգովի Հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում: Համախմբվել ազգովի Հայաստանի Հանրապետությունից դուրս: Կենտրոնացնել մեր տնտեսական, քաղաքական, մտավոր ներուժը ամբողջ աշխարհում: Եվ դա ուտոպիա չէ: Դա հնարավոր է եւ անհրաժեշտություն»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Ջիվան Նադարյան says:

    Կարդալով այս նյութը, որքան ես հասկացա, Արամ Աբրահամյանը ընթերցողի ուշադրությունն է հրավիրում մի շարք կարևոր ու արդիական երևեւյթների վրա:Դրանք են անհնարինը հնարավոր դարձնելով, հավատալով, ոգևորվելով, ոչ ստանդարտ գործողություններով, համախմբվելով, ինչպես նաև շատ չտարվելով ստանալու գերտերությունների կարեքցանքն ու հաճությունը` մեր պետությունը դուրս բերել ոչ բարենպաստ վիճակից և առաջ շարժվել: Յերանի մենք ազգովի այս ամենը իրականություն դարձնենք : Այո սա շատ բարդ է ու դժվար, բայց հնարավոր և անհրաժեշտ:

  2. Լիլիթ Սողոմոնյան says:

    Պարոն Աբրահամյան,
    կուզեի բացատրեիք, թե ինչո՞ւ էր ճիշտ Լևոն Տեր-Պերտոսյանը դրական արտահայտվելով փուլային տարբերակին: Կարծում եմ, այս հարցն այնպիսին է, որ միայն ասելով թե այսինչը ճիշտ էր, բավարար չի, պետք է հիմնավորել: Վազգեն Սարգսյանը հիմնավորում է թե ինչու էր այդ տարբերակը սխալ և դուք էլ այդ հիմնավորումից հղումներ եք անում: Հնարավոր չէ, որ երկուսն էլ միևնյույն ժամանակ ճիշտ լինեն:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ամեն ինչ սեւ եւ սպիտակ չի, հարգելի Լիլիթ: Եթե կարճ ձեւակռրպենք, Վազգենը ճիշտ էր ընդհանրապես, Լեւոնը ճիշտ էր այդ պահի համար:

      • Ջիվան Նադարյան says:

        Պարոն Աբրահամյան գիտեմ, որ բազմազբաղ մարդ եք և ազատ ժամանակ քիչ ունեք, բայց կխնդրեմ ձեզ անդրադառնաք իմ նախորդ հարցերին և պատասխանեք: Եթե չեք ցանկանում պատասխանել, գոնե նշեք չպատասխանելու պատճառները : Գուցե հարցերս տեղին չեն եղել, կամ եղել են ոչ հասկանալի, կամ ել ոչ կոռեկտ …: Ձեր յուրաքանչյուր պատասխան կամ չպատասխանելու պատճառ ինձ համար ընդունելի կլինի: (Ասեմ որ հարցերս տրվել են սովորել հաջողակներից և եթե առջևում հավերժություն լիներ նյութերին վերաբերող իմ մեկնաբանություններում):

  3. david says:

    Ցեցը գերան է ուտում…Ցեցը գերանն է մտել…Գերանը տախտակ չի դառնա:Գերանը փոշի է դառնում, ցեցն իր գործն է անում…Գերանը ծառ չի դառնա այլևս….Այստեղ ցեցն այլևս մեղավոր չէ:

  4. ashot says:

    հարմարվողականության տիպար եք պրն Աբրահամյան՝համ նալին,համ մեխին

    • ժանետա says:

      Աշոտին՝ Աբրհամյանի մասին. իսկական հայ. ո՛չ այս կողմ, ո՛չ այն կողմ, ո՛չ թշնամու, ո՛չ բարեկամի, ո՛չ եվրոմիություն, ո՛չ եվրասիա եվ այսպես բոլոր հարցերում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031