Զարուհի Բաթոյանի խոսքերով՝ բանաստեղծությունները կարճ տողեր են, որոնք գուցե ապրումների, մարդկանց՝ աշխարհի հետ փոխհարաբերությունների արտահայտում կարելի է անվանել
«Լոֆթ» կենտրոնում այսօր՝ հունվարի 9-ին, տեղի ունեցավ Disabilityinfo.am կայքի խմբագիր Զարուհի Բաթոյանի «Անմոռուկ» գրքի շնորհանդեսը: «Անմոռուկը» Զարուհի Բաթոյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն է:
Հեղինակը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գրքում տեղ են գտել 2006-2014 թվականների ընթացքում իր գրած բանաստեղծությունները. «Բանաստեղծությունների ժողովածուն անվանել եմ «Անմոռուկ» բանաստեղծություններից մեկի վերնագրով: Փոքրիկ կարճ տողեր են, որոնք գուցե ապրումների, մարդկանց, աշխարհի հետ փոխհարաբերությունների արտահայտում կարելի է անվանել: Որոշել եմ բանաստեղծությունները հավաքել եւ ներկայացնել մարդկանց, ում շատ սիրում եմ, որոնք հավանում են իմ գործերը»:
Կարդացեք նաև
Շնորհանդեսի ներկաները հնարավորություն ունեին գնել բանաստեղծությունների ժողովածուն: Առաջիկա օրերին այն նույնպես կվաճառվի «Լոֆթ» կենտրոնում:
Գրաքննադատ, գրքի խմբագիր Հասմիկ Հակոբյանը նշեց, որ Զարուհի Բաթոյանի բանաստեղծությունները ինքնատիպ են եւ տարօրինակ: Նա հավելեց, որ այսօրվա իրականության մեջ պակասում է այդպիսի բանաստեղծությունների տեսակը, եւ ինքը հազվադեպ է հանդիպում մարդու հոգու հետ խոսող բանաստեղծություններ. «Շատ անհատական բանաստեղծություններ լինելով՝ դրանք բոլորիս մասին են: Բանաստեղծուհին, գրելով իր մասին, մի անգամից կարողանում է բոլորի տրամադրության մեջ մտնել: Բանաստեղծությունները շատ ծանոթ պատկերների մասին են: Փոքր ծավալի առաջին մի քանի տողերը մեզ ծանոթ իրավիճակ են տանում, եւ քեզ թվում է, թե սա քո քաղաքն է, այն բնությունն է, որ դու տեսել ես, այն մարդիկ են, որոնց հետ դու ծանոթ ես, եւ մի քանի տող հետո անսպասելի լուծում է ստանում, որոնք ինքնատիպություն են հաղորդում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ