Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Ղազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Լեհաստանի նախագահին

Հունվար 09,2015 18:10

Հունվարի 8-ին Լեհաստանի նախագահական նստավայրում` «Բելվեդերյան» պալատում, Լեհաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Էդգար Ղազարյանն իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն:

Նախագահական պալատի մուտքի մոտ տեղի ունեցավ դեսպանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի սկզբում հնչեց ՀՀ պետական օրհներգը: Զինվորական ողջույնին հաջորդեց հավատարմագրերի հանձնման արարողությունը և Լեհաստանի նախագահի առանձնազրույցը դեսպանի հետ:

Շնորհավորելով և ողջունելով դեսպան Ղազարյանին` նախագահ Կոմորովսկին հույս հայտնեց, որ դեսպանը լավագույնս կնպաստի Հայաստան – Լեհաստան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Լեհաստանի նախագահը շեշտեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած իր բարեկամության և փոխայցերի ընթացքում ձևավորված դրական հիշողությունների մասին՝ խնդրելով դեսպանին իր ողջույնները փոխանցել Հայաստանի նախագահին:

Իր հերթին դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և փոխանցեց ՀՀ նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները Լեհաստանի նախագահին ու ժողովրդին՝ նշելով, որ Հայաստանի և Լեհաստանի միջև պատմության ընթացքում ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, և ՀՀ իշխանությունները ձգտում են զարգացնել և ամրապնդել դրանք բոլոր բնագավառներում։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, Հայաստան – ԵՄ հարաբերություններին, կարևորվեց համագործակցության և երկխոսության ոգով դրանց հետագա զարգացումը:

Դեսպան Ղազարյանը նշեց, որ 2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և շնորհակալություն հայտնեց Լեհաստանին` Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու համար:

Հանդիպման վերջում, ուրախությամբ արձանագրելով Էդգար Ղազարյանի առաջին դեսպանական նշանակումը Լեհաստանում, նախագահ Կոմորովսկին ևս մեկ անգամ շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ հաջողություններ մաղթելով նրան հետագա աշխատանքում:

Այնուհետև դեսպանը ծաղկեպսակ դրեց և հարգանքի տուրք մատուցեց Վարշավայի «Պիլսուդսկի» հրապարակում տեղակայված «Անհայտ զինվորի» հուշահամալիրին՝ գրառում կատարելով պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Արտաքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031