Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը այսօրվա իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի անձնակազմի նկատմամբ կիրառված ահաբեկչությանը: «Մի քանի տարի առաջ Պակիստանից մի ծայրահեղական պայքարում էր, որ ինձ դատապարտեր մահապատժի, որովհետեւ Ֆեյսբուքը հրաժարվել էր արգելել Մուհամմեդի մասին այնպիսի բովանդակությամբ գրառմանը հրապարակումը, որը վիրավորել էր նրան:
Մենք ոտքի կանգնեցինք դրա համար, քանի որ կան տարբեր կարծիքներ,եւ նույնիսկ եթե դրանք երբեմն վիրավորական են, աշխարհը դարձնում են ավելի լավ եւ ավելի հետաքրքիր վայր»,- գրել է Ֆեյսբուքի հիմնադիրը՝ նշելով, որ իր հիմնադրած սոցցանցը միշտ եղել է մի վայր, որտեղ աշխարհի բոլոր մարդիկ կիսում են իրենց տեսակետները եւ գաղափարները:
«Մենք հետևում ենք օրենքներին յուրաքանչյուր երկրում, բայց մենք երբեք թույլ չենք տալիս երկրներին կամ մարդկանց խմբերին թելադրել, թե ինչ կարող են մարդիկ տարածել այստեղ,- գրել է Մարկ Ցուկերբերգը՝ ավելացնելով,- թույլ չեմ տա, որ դա պատահի Ֆեյսբուքում»:
Ցուկերբերգը իր գրառման մեջ հայտնել, որ հանձն է առել ստեղծել մի ծառայություն, որտեղ օգտատերերը կարող եք խոսել ազատորեն՝ առանց իրենց սպասվող բռնության վախի:
«Ես մտքով զոհերի, նրանց ընտանիքների եւ այն մարդկանց հետ եմ, ովքեր ընտրել են իրենց տեսակետները եւ գաղափարները կիսելու ճանապարհը, եթե նույնիսկ դրա համար նրանց անհրաժեշտ է խիզախություն»,- եզրափակել է իր խոսքը Մարկ Ցուկերբերգը:
Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ