Հունվարի 9-ը հոբելյանական է անվանի կինոռեժիսոր, միջազգային հեղինակավոր կինոմրցանակների ասպետ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի համար: Լրանում է վարպետի ծննդյան 60-ամյակը: Արվեստագետի ձեւակերպմամբ, սա էլ սովորական, միջանկյալ տարի է, ու 60-ամյակի մեջ արտառոց ոչինչ չկա:
Հարություն Խաչատրյանը սովորություն ունի հոբելյանը նշել է մերձավորների հետ, այս տարին նույնպես բացառություն չի լինի:
Aravot.am-ի հետ զրույցում նա ասել էր, որ բազմաթիվ ծրագրեր ունի կյանքի կոչելու, որոնցից մեկն էլ Վահան Տերյանի մասին ֆիլմ նկարելն է:
Իմիջիայլոց, մի առիթով, երբ Արտավազդ Փելեշյանին հարցրել են, թե ում է տեսնում իրենից հետո, վավերագրական կինոյի վարպետն ասել է՝ Հարություն Խաչատրյանին: Արվեստագետը հարցրել է նրան, թե ինչո՞ւ է նման հայտարարություն անում, Փելեշյանն էլ Հարություն Խաչատրյանին ժպտալով պատասխանել է. «Լա՞վ է, որ ինձ նախանձում էին, դե թող հիմա էլ քեզ նախանձեն»:
Կարդացեք նաև
Նշենք նաեւ, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Դուք ժամանակակից հայ կինոյի ամենաակնառու դեմքերից եք, ում արվեստը վաղուց է արժանացել բարձր գնահատականների՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Որպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր՝ մեծ ավանդ եք ներդրել մեր մշակութային կյանքի աշխուժացման ու հարստացման, ինչպես նաև հայ կինոյի ճանաչման գործում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր ստեղծագործական նվաճումներ՝ ի փառս հայ կինոարվեստի»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ