ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով Աշոցքի, Ջերմուկի, Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքների, Վայք-Սիսիան միջպետական ավտոճանապարհի Զանգեր կոչվող հատվածի, Մեղրիի ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Բքի պատճառով փակ են Աշոցքից Տաշիր հանրապետական նշանակության ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի, Սևանի, Արթիկի և Քեթիի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:
Մասիսում, Արտաշատում, Արարատում, Թալինում, Բաղրամյանում, Արմավիրում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Բերդում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում և Լաչինում տեղում է ձյուն: Ապարանի և Ախուրյանի տարածաշրջանում քամի է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն