Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարությամբ 2015-ի հունվարի 7-ին անցկացված պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովը որոշել է անցնել MPT-76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգների սերիական արտադրության՝ առաջին փուլում արտադրելով 35 հազար ինքնաձիգ: Ժողովի ընթացքում որոշվել է նաև F-35 կործանիչների պատվերի թիվը հասցնել 6-ի, պատվիրել ևս 5 միավոր CH-47F «Չինուք» բեռնատար ուղղաթիռ, ինչպես նաև արդեն երկու տարի ձգվող մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերի գնման մրցույթը շարունակել և կրկին բանակցել բոլոր կողմերի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։
Պաշտպանական արդյունաբերության ղեկավար խորհուրդը օրակարգում տեղ գտած այս և այլ որոշումները քննարկելու համար ժողով էր գումարվել Պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունում՝ վարչապետ Դավութօղլուի գլխավորությամբ։
Դավութօղլուն ժողովի ավարտից հետո հայտարարել է, որ իրենք նպատակ ունեն 2023-ին արդեն անցնել տեղական ռազմական ուղղաթիռների սերիական արտադրության։
Ժողովի ընթացքում քննարկվել է նաև մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերի գնման հարցը։ Հիշեցնենք, որ մրցույթը մի քանի անգամ հետաձգվել է։ Սկզբում թուրքական կողմը ընտրել էր չինական ՀՕՊ համակարգը, սակայն հետագայում հրաժարվել էր՝ առաջ քաշելով մի շարք նախապայմաններ։
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք razm.info-ի կայքում