Անցած գիշեր չորս նռնակներ են նետվել Ֆրանսիայի Լը Ման քաղաքի մզկիթի բակ: Նռնակներից մեկը պայթել է, սակայն տուժածներ չկան: Ֆրանսիական «Օւեսթ-Ֆրանս» պարբերականի հաղորդմամբ՝ ոստիկանությունը հայտնաբերել է երեք չպայթած նռնակները:
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ֆրանսիայի արևելքում գտնվող Վիլֆրանշ-սյուր-Սաոն քաղաքի արևելյան խորտկարանի մոտ նույնպես պայթյուն է գրանցվել, զոհեր կամ վիրավորներ այստեղ ևս չկան: Վիլֆրանշի քաղաքապետը մտավախություն է հայտնել, որ պայթյունը կապված է «չորեքշաբթի օրվա դրամատիկ պատահարների հետ»:
Ֆրանսիայի հարավում գտնվող Նարբոն քաղաքի Պորտ-լա-Նուվել արվարձանում գտնվող մահմեդական աղոթատեղիի մոտակայքում էլ անհայտ անձը կրակ է բացել: Աղոթատեղիի դուռը և պատուհանը վնասվել են, մարդկային զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում: Դատախազության աշխատակիցը փոխանցել է, որ հարձակման պահին այնտեղ ոչ ոք չի եղել:
Էլեն Չիլինգարյան